Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ամենաբարձր աշխատավարձը ՏՏ ոլորտում է՝ 967 հազար դրամ, ամենացածրը՝ կացության եւ հանրային սննդի ոլորտում՝ 125 հազար դրամ

Դեկտեմբեր 06,2022 20:51

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է մեր երկրում զբաղվածության, գործազրկության նաեւ աշխատավարձերի չափի մասին տվյալները։ Սա այն թեման է, որին իշխանությունը պարբերաբար անդրադառնում է եւ շեշտադրում՝ «աննախադեպ աճ ենք գրանցել»։ Կառավարության նախորդ նիստում էլ անդրադարձ եղավ գործազրկությանն ու աղքատությանը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել էր, որ 2022 թվականին արձանագրվել է գործազրկության նվազում, գործազրկության թիվն այս տարի 50 400 է, 2021-ի համեմատ նվազել է 8000-ով։

Եվ այսպես, Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2021 թվականի հոկտեմբեր ամսին մեր երկրում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է  59 058, այս տարվա հոկտեմբերին՝ 50 468։ Այս թիվն, իհարկե, փոփոխական է, օրինակ ըստ ՎԿ-ի, պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը այս տարվա հոկտեմբերին կազմել է 50 730։

Նախարարը նաեւ նշել է՝ 2022-ին արձանագրվել է գործազրկության նվազում, ինչը 2022 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով կազմում է մինչեւ 13 տոկոս։ Մի քիչ պարզ չէ, թե Մկրտչյանը այս տարվա երկրորդ եռամսյակը որ ժամանակաշրջանի հետ է համեմատել։ Այդուհանդերձ, այո, ՎԿ-ի տվյալներով, նախորդ տարվա համեմատ գործազրկությունը նվազել է, նաեւ այս տարեսկզբից սկսած մինչեւ հոկտեմբեր գործազրկության թիվը նվազել է։ Իհարկե, որոշ տնտեսագետներ սա հիմնավորում են ստվերում գտնվող աշխատողների գրանցմամբ։

Պետք նշել, որ պաշտոնապես գրանցված գործազուրկների  թիվը դեռ չի նշանակում, որ մեր երկրում հենց այդքան գործազուրկ է գրանցված, քանի որ հազարավոր գործազուրկ քաղաքացիներ պետական համապատասխան մարմնում ոչ էլ գրանցվում են որպես գործազուրկ։

Ըստ վիճակագրական կոմիտեի, 2022թվականի  հոկտեմբերին պաշտոնապես աշխատանք փնտրողների թիվը կազմել է 74 036, նրանցից`գործազուրկներ 50 468։ Ընդ որում, գործազուրկների մեծ մասը կանայք են՝ 31 992, իսկ  74 036 աշխատանք փնտրողներից 47 672-ն են կին։ Գործազրկության ամենաբարձր ցուցանիշը Շիրակի մարզում է՝ 10 083։     

Տարեսկզբին՝ հունվար ամսին գործազուրկների թիվը կազմել է 57 923, այնուհետեւ ամսեամիս փոքր-ինչ նվազել է, հուլիսին արդեն այն կազմել է 52 618, նախորդ տարվա հուլիսին այն կազմել է 61 266, այս տարվա սեպտեմբերին՝ 51 322, նախորդ տարվա սեպտեմբերին՝ 60 184։

 Պաշտոնական տվյալներով, մեր երկրում այս տարվա հոկտեմբերին աշխատողների թվաքանակը կազմել է  702 608, նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 667 217, իսկ այս տարվա սեպտեմբերին՝ 699 319, նախորդ տարվա սեպտեմբերին՝ 666 775։

Ինչ վերաբերում է միջին ամսական աշխատավարձերին, սա եւս իշխանության սիրելի թեման է, ապա որոշակի աճ, այո կա։

8.7% գնաճ-ի  պայմաններում այս տարվա հոկտեմբերին, ըստ ՎԿ-ի միջին ամսական աշխատավարձը կազմել է  236 911 դրամ, սեպտեմբերին՝236 911, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում, համապատասխանաբար՝ 236 911 դրամ, սեպտեմբերին՝ 201 740 դրամ։

Ընդ որում, ուշագրավ է, որ թե՛ պետական եւ թե՛ ոչ պետական հատվածում կանանց աշխատավարձը զգալի ցածր է ի տարբերություն տղամարդկանց աշխատավարձի։

Պետական համակարգում  տղամարդկանց միջին ամսական աշխատավարձը կազմում է 231 702 դրամ, իսկ կանանց աշխատավարձը՝ 152 671 դրամ, ոչ պետական համակարգում տղամարդկանց աշխատավարձը՝ միջին ամսական կազմում է 317 991 դրամ, կանանցը՝ 194 356 դրամ։

Հոկտեմբերի տվյալներով ամենացածր աշխատավարձը՝ ամսական անվանական,   կացության եւ հանրային սննդի ոլորտում է՝ 125 097 դրամ, մշակույթի եւ արվեստի ոլորտում՝ 137 861 դրամ, մեծածախ եւ մանրածախ առեւտրի, ավտոմեքենաների եւ մոտոցիկլների նորոգման ոլորտում՝ 168 449 դրամ։ Գյուղատնտեսության ոլորտում էլ աշխատավարձը բարձր չէ՝ 141 809 դրամ, գրեթե նույն չափի աշխատավարձ է նաեւ կրթության ոլորտում՝ միջինում 135 071 դրամ, ընդ որում, պետական համակարգում՝ 129 722 դրամ, ոչ պետականում՝  190 557 դրամ։  Մշակող արդյունաբերությունում միջին աշխատավարձը  201 598 դրամ է։

Ամենաբարձր աշխատավարձն ավանդաբար գրանցվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում․ միջինում՝  966 895 դրամ, պետական համակարգում՝  424 969 դրամ, ոչ պետականում՝  968 920 դրամ։ Ի դեպ, հիշեցնենք, որ կառավարությունը 10 մլրդ դրամ կհատկացնի ՏՏ ոլորտին՝ որպես աջակցություն փոխարժեքի նվազման պատճառով վնասները փոխհատուցելու համար։

Տեղեկատվություն եւ կապ ոլորտում հոկտեմբերի տվյալներով միջին աշխատավարձը կազմել է 792 307 դրամ,  պետական հատվածում՝ 232 135 դրամ, ոչ պետականում՝ 817 437 դրամ։

Ֆինանսական եւ ապահովագրական գործունեության ոլորտում միջինում աշխատավարձը  500 762 դրամ է։

Գիտնականների կամ գիտությամբ զբաղվողների աշխատավարձն էլ ամենեւին էլ գայթակղիչ չեն, հատկապես եթե այն ներկայացնում ենք ՏՏ ու ֆինանսական ոլորտից հետո։ Ըստ ՎԿ-ի, գիտական հետազոտություններ եւ մշակումներ բնագավառում միջինացված աշխատավարձը  200 926 դրամ է, պետական համակարգում՝ 178 016 դրամ, ոչ պետականում՝  311 914 դրամ։

Աշխատանքի պահանջարկը, պաշտոնական տվյալներով, ամենաշատը ծառայությունների եւ սպասարկման ոլորտում են։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031