«Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ ամիսներ առաջ նամակ եմ հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարին եւ ստացել «մի օր մշտադիտարկում կկազմակերպենք» անիմաստ մի պատասխան: Կոռուպցիոն խայտառակ սկանդալով վարկաբեկված ՅՈՒՆԵՍԿՕ-ից ես ակնկալիք չունեմ: Ավաղ, ակնկալիք չունեմ նաեւ մեր լիազոր մարմնից, երբ նախարարը երեսպաշտ դիլետանտի համոզումով արդարացնում է հանցագործությունը՝ բարձրաձայնելով, թե հրապարակի շենքերի ծակերը մի օր կլցնեն: Դիլետանտիզմն ամենուր է, տապալումներ բոլոր ոլորտներում»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Նա խոսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոշիացման, Լավրովի հայտարարության, Ալմաթիի հռչակագրի խեղված մեկնաբանության ու Պրահայի այցի մասին՝ ասելով. «Դրանք գալիս են հաստատելու, որ Արցախից հրաժարվելու մաքուր փաշինյանական վարքագիծ է դա: Քիրվայական այս խաղաղությունը մեկ նպատակ ունի՝ ամեն գնով պահել իշխանությունը եւ սրա համար թանկ ենք վճարում բոլորս: Թուրքական խաղաղությունը պատմություն ունի՝ Բաթումիի հաշտությունից 40 օր անց Էջմիածնի պատերի տակ թնդանոթներ էին որոտում եւ հնչում էր «Սեւանը հայերի դիակներով լցնելու» խոստումները: Մեր պետականության մասին միայն ՔՊ-ական պատկերացումներն իրավունք չունեն պարտադրվելու ողջ ազգին»:
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն արձագանքեց. «Տիկի՛ն Գալստյան, խնդրում եմ, որպեսզի ավելի պատասխանատու լինեք միջազգային կազմակերպությունների մասին մեղադրական տոներով խոսելիս: ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման կառույցների վերաբերյալ երբ որ այս ամբիոնից ելույթներ եք ունենում, դրանք կարող են ընկալվել՝ որպես ՀՀ պատգամավորի ելույթներ: Դուք ուղիղ մեղադրանքներ եք հնչեցնում, եթե նման մեղադրանքներ ունեք, գնացեք ու դիմեք միջազգային դատարաններ, բայց այս ամբիոնից խնդրում եմ նման ձեւակերպումերով հանդես չգաք, որովհետեւ դա կարող է այդպես դիտարկվել: Հանուն Հայաստանի Հանրապետության»:
Գալստյանի ելույթին արձագանքեց նաեւ ՔՊ պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ ասելով. «Բաթումի պայմանագրի մասին որ հիշատակում եք, հիշեցնենք, որ Բաթումի պայմանագիրը ՔՊ-ն չի կնքել, ՀՅԴ-ն է կնքել՝ Վեհիբ փաշայի, Խալիլ բեյի հետ: Խատիսյանն ու Քաջազնունին են եղել հայկական կողմից: Օրինակներ բերելիս այնպիսի օրինակներ բերեք, որ ձեզ ոչ շահեկան վիճակում չեն դնի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ