ՊՊԾ գնդի վրա հարձակման գործով «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից մեղավոր ճանաչված եւ պատիժը ՔԿՀ-ում կրող Վարուժան Ավետիսյանին ազատ արձակելու պահանջով այսօր «Ազգային-ժողովրդավարական բեւեռի» անդամները կրկին Հյուսիսային պողոտայում էին։ Ցուցարարները պահանջում են նաեւ, որ Վարուժան Ավետիսյանին տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց՝ բուժման նպատակով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ԱԺԲ-ն հաղորդագրություն տարածեց, որ ԱԺԲ անդամ Վարուժան Ավետիսյանին տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտություններ անցկացնելու, քանի որ նրա առողջական վիճակի մեջ սրացում էր նկատվել: Նոյեմբերի 26-ին ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկություն տարածեց այն մասին, որ Վարուժան Ավետիսյանը լրացուցիչ հետազոտություններ է անցել «Էրեբունի» բժշկական կենտրոնում, նրա վիճակը բավարար է։
ԱԺԲ համակիրները կոչ արեցին ՀՀ-ում ժողովրդավարությունն ու արդարությունը սատարող ուժերին եւ անհատներին կանգնել իրենց կողքին։ Որպես բողոքի նշան՝ նրանք փակեցին Երեւանի կենտրոնական փողոցներից մեկը, ինչից հետո ոստիկանությունը նրանց բերման ենթարկեց։ Քաղաքացիներից մեկն ընկել էր գետնին, մի կին վնասվածք էր ստացել։ «Որովհետեւ իրավախախտում են անում»,-որոշումն այսպես պարզաբանեց մի ոստիկան։ Նախնական տվյալներով՝ բերման է ենթարկվել մոտ 15 քաղաքացի։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ