Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ճգնաժամային կառավարման արդյունավետության հիմնաքարը ճշգրիտ լրատվությունն է. ամփոփվել են ԱԻՆ-ՃՄՀԳ համագործակցության արդյունքները

Դեկտեմբեր 06,2022 20:05

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ/JICA) «Աղետների ռիսկերի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» ծրագրի միասնական համակարգող հանձնաժողովի 6-րդ ամփոփիչ նիստը:

Մասնակցել են ԱԻ նախարարի տեղակալ, ծրագրի տնօրեն Դավիթ Համբարյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման և ՃՄՀԳ Ուզբեկստանի գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Սուգուրու Միյազակին, նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները:

Ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2019 թվականին: Նպատակն էր ստեղծել արդյունավետ համագործակցության խողովակներ և ճիշտ հաղորդակցություն ԱԻՆ-ի և ԶԼՄ-ների, ինչպես նաև ԱԻՆ-ի և պետական/ՏԻՄ գործընկերների միջև՝ աղետներին դիմակայուն Հայաստան կառուցելու համար:

Ծրագրի շրջանակում Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ՃՄՀԳ փորձագիտական խմբի աջակցությամբ անցկացրել է սեմինար/դասախոսություններ՝ ուսանողների և ԶԼՄ ներկայացուցիչների համար, առցանց քննարկումներ, վերապատրաստումներ, այդ թվում Ճապոնիայում: Մշակվել է «ԶԼՄ գիտելիքներ աղետի լուսաբանման համար» ուղեցույց, այնուհետև` գրքույկ-ուղեցույց և ճգնաժամային հաղորդակցության գործողությունների ստանդարտ ընթացակարգ: Մշակվել է նաև նոր կայք, որը ներառում է ծրագրի ընթացքում մշակված նյութերը՝ տեսա-աուդիո, ուսուցողական-մեթոդական, անիմացիաներ, լուսանկարներ: Նոր կայքում նախատեսվում է տեղադրել սեյսմիկ քարտեզ, որը հնարավորություն կտա սեյսմիկ իրադարձություները ներկայացնել ինտերակտիվ ձևաչափով:

ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը նշել է, որ այս ծրագիրն իր գրանցած հաջողություններով միակ հպարտության առարկան չէ հայ-ճապոնական համագործակցության երկարամյա պատմության մեջ. Հայաստանն ու Ճապոնիան ավանդաբար հանդիսանում են անվտանգության և կանխարգելման մշակույթի կրողը, միասին հանդես գալիս դիմակայության, պատրաստվածության և անվտանգության դրոշի ներքո:

«Այսօր աշխարհի ոչ մի երկիր ապահովագրված չէ բնական, տեխնածին, համաճարակային, բնապահպանական աղետներից ու պատահարներից: Պետության կայուն զարգացման հենքը դիտարկվում է բոլոր ռիսկերը գիտակցող, իրազեկ և հմտություններ ունեցող քաղաքացին, իսկ ճգնաժամային կառավարման արդյունավետության հիմնաքարը՝ ճշգրիտ լրատվությունը»,- նշել է Դ. Համբարյանը:

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ իրականացված ծրագիրը նպատակ ունի ստեղծելու արդյունավետ համագործակցության խողովակներ, ասել է ԱԻ նախարարի տեղակալը:

«Եվ հենց այս տրամաբանության շրջանակներում, որպես ծրագրի հիմնարար արդյունք ուզում եմ շեշտել ԶԼՄ գիտելիքներ աղետի լուսաբանման համար գրքույկ-ուղեցույցի և ճգնաժամային հաղորդակցության գործողությունների ստանդարտ ընթացակարգի մշակումը, տեղեկատվական նոր կայքի գործարկումը»,- հավելել է նա:

Իր հերթին դեսպան Մասանորի Ֆուկուշիման հայտարարել է, որ ծրագիրն արդյունավետ էր, և կարևոր է, թե հետայսու ինչ գործողություններ է իրականացնելու Արտակարգ իրավիճակների նախարարությունը և ՀՀ կառավարությունը:

«Լսելով այսօրվա զեկույցները՝ հավաստիացա, որ ԱԻՆ-ն ունի գերազանց թիմ, որը ծրագրով ձեռք բերված արդյունքները կշարունակի կիրառել հետագայում: Իհարկե, այս ծրագիրը համագործակցության ավարտը չէ. Հայաստանն ու Ճապոնիան պատմական ամուր կապեր ունեն: Երկու երկրներում էլ բնական աղետները հազվագյուտ հանդիպող երևույթներ չեն, և երկու երկրներն էլ պայքարում են դրանց դեմ: Այդ աղետների դեմ պայքարելու շուրջ համագործակցությունն էլ ավելի կնպաստի հայ-ճապոնական կապերի ամրապնդմանն ու խորացմանը: Հուսով եմ, որ աղետների կանխարգելմանն ուղղված համագործակցությունը մեր երկրների միջև շարունակական կլինի, և որպես դեսպան, պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ այդ հարցում»,- ընդգծել է Մ. Ֆուկուշիման:

Նիստի ավարտին ՃՄՀԳ-ի և ԱԻՆ-ի միջև ստորագրվել է «Աղետների ռիսկերի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» ծրագրի միասնական համակարգող հանձնաժողովի 6-րդ նիստի արձանագրությունը:

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031