Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Պապիկյան. «Բացառված է, որ դեկտեմբերի 3-ին ԱԺԲ աջակիցների միջոցառումն այդպիսի վայրագությամբ խոչընդոտելը համաձայնեցված չի եղել երկրի առաջին դեմքերի հետ»

Դեկտեմբեր 06,2022 19:56

Վարուժան Ավետիսյանին  քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու խնդրով ԱԺԲ երիտասարդական թեւի՝ դեկտեմբերի 3-ին կազմակերպած խաղաղ հավաքի ժամանակ ոստիկանության կիրառած բռնությունների առիթով ԱԺԲ կենտրոնական գրասենյակում հրավիրված ասուլիսում փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց.

«Ամեն անգամ փորձում եմ որպես իրավաբան, փաստաբան, ՀՀ քաղաքացի չզարմանալ կամ չզայրանալ համազգեստավոր անձանց գործողությունների վրա, բայց նրանք միշտ մեզ զարմացնելու ձեւ գտնում են: Հանդես գալով որպես հասարակական կարգի պահապաններ՝ համազգեստի տակ թաքնված այդ մարդիկ առաջինը իրենք են խախտումներ թույլ տալիս, վայրագություններ են գործադրում:

Սուպերվարչապետական երկրում ոստիկանությունը ծառայում է միայն մեկ անձի, կատարում է միայն մեկ անձի հրահանգ: Բացառված է, որ դեկտեմբերի 3-ին ԱԺԲ աջակիցների միջոցառմանն այդպիսի վայրագությամբ խոչընդոտելը համաձայնեցված չի եղել երկրի առաջին դեմքերի հետ: Հայաստանում ոստիկանը չի կարող ինքնուրույն գործողություն կատարել: Նա ստացել է հրահանգ եւ կատարել է:

Ինչո՞ւ եմ այս պնդումն անում: Երրորդ օրն է՝ ՀՀ-ում գործող որեւէ իրավապահ սահմանադրական կառույց չի արձագանքել: Պաշտոնական որեւէ արձագանք չկա:  Դիցուք, դատախազությունը կարող էր ասել, որ հանձնարարվել է քրեական վարույթ նախաձեռնել, ՔԿ-ն ասեր, որ սկսվել է քրեական վարույթ, ոստիկանությունը՝ որ սկսվել է ծառայողական քննություն, ՄԻՊ-ը հայտարարեր, որ դիմել են ոստիկանությանը պարզաբանումներ ստանալու նպատակով: Բայց նախկինում եղել են չէ՞ դեպքեր, որ սահմանադրական կառույցները ժամերի ընթացքում հանդես էին գալիս հայտարարությամբ: Ստացվում է, որ այդ կառույցներն իրենց լռությամբ ասում են, որ ոչ միայն կարելի էր ԱԺԲ երիտասարդների եւ աջակիցների նկատմամբ բռնություն կիրառել, այլեւ դա իրավաչափ է»,-ասաց Արայիկ Պապիկյանը՝ վստահ լինելով նաեւ որ հնարավոր չէ իր նշած սահմանադրական կառույցներից  ինչ-որ ակնկալիքներ ունենալ:

Հարցին, թե չարժե՞ դիմել դեսպանատներին, հատկապես ամերիկյան, որը ըստ հարցը հնչեցնողի,  Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար մեծ ներդրումներ է արել եւ Ամերիկան է համամարդկային իրավունքների պաշտպան, եվրոպական ու միջազգային կառույցներին, փաստաբանը պատասխանեց, որ Վարուժան Ավետիսյանի առողջությամբ մտահոգված քաղաքացիները իրականացվող բոլոր գործիքները, որոնք ճիշտ եւ արդյունավետ կգնեն, կարող են իրականացնել:

Aravot.am-ի արձանագրմանը, թե քննադատությունը եւ մեղավորների անունները հնչեցվեցին, սակայն բանախոսը իշխանությունից իրավական առումով որեւէ լուծում չի ակնկալում: Հետեւաբար, ի՞նչ քայլեր են առաջարկում, Արայիկ Պապիկյանը պատասխանեց. «Թույլ տվեք համեստորեն ասել, որ չեմ կարող առաջարկ ներկայացնելու իրավունք ինձ վերապահել, որովհետեւ սա այն դեպքն է, որ յուրաքանչյուր ոք, անձանց խումբ կամ աջակիցներ կարող են հավաքվել, միասին կամ առանձին որոշել, թե ինչպես վարվել: Կրկնում եմ, օրենքով չարգելված ցանկացած գործողություն կարելի է անել»:

Մեր դիտարկմանը, եթե հնչած տեսակետին, որ ԱՄՆ-ը, Արեւմուտքը եւ միջազգային բազմաթիվ կազմակերպությունները Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար շատ մեծ ներդրումներ են անում եւ մարդու իրավունքների պաշտպանության իսկական ջատագովներ են, դեկտեմբերի 3-ի ու դրան նախորդած բազմաթիվ առիթներով մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը չե՞ն տեսնում  եւ ինչո՞ւ սեփական նախաձեռնությամբ դրանց կազմակերպիչներին եւ հեղինակներին չեն սաստում, Արայիկ Պապիկյանը պատասխանեց. «Ես իմ ենթադրությունը կարող եմ անել: Նրանք բոլորն էլ տեղյակ են, առավել եւս, որ համացանցում կադրերը կան: Ամենեւին էլ կարեւոր չէ, թե ումից է աջակցությունը՝ ԱՄՆ-ից, արեւմուտքից, թե հյուսիսից: Եթե կա խախտում, պիտի բարձրաձայնվի: Եվ ո՞վ պետք է առաջինը դա աներ: Կարծում եմ`վարչապետը, գլխավոր դատախազը, ՔԿ նախագահը, ոստիկանապետը եւ ՄԻՊ-ը: Եվ ոչ թե նրա համար, որ դա բեւեռին է վերաբերվում, այլ ՀՀ քաղաքացուն: Եթե մեր երկրի առաջին պաշտոնյաները լռել են, ես որպես ՀՀ քաղաքացի չեմ կարող նեղանալ Ռուսաստանի  կամ ԱՄՆ դեսպանից, թե նրանք ինչի են լռել, թեեւ պարտավոր էին ձայն հանել»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031