Վերջին օրերին տեղացած ձյունն անակնկալի չի բերել Սյունիքի մարզի ճանշին ընկերություններին։ Ինչպես Aravot.am-ին տեղեկացրին Սյունիքի մարզպետարանից՝ համարյա 24 ժամ կապի մեջ են ճանշին ընկերությունների հետ ու խնդիրներ առաջանալու դեպքում մարզային իշխանությունները փորձում են տեղում լուծել։ Սյունիքի 490 կմ երկարությամբ ճանապարհների 374.9 կիլոմետրը մարզային նշանակության են, որոնց սպասարկումը իրականացնում են «Գրին Ռոդ», «Ոսմար», «Կապանի ճանշին», «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերությունները։ Ձմեռային պահպանության եւ ընթացիկ շահագործման համար 2022թ.-ի բյուջեով մարզի ճանշին ընկերությունների համար նախատեսված է 202 մլն 821 հազար դրամ։
Երեւան-Տաթեւ-Աղվանի-Մեղրի ճանապարհի ամենաբարդ հատվածի մաքրման ու պահպանման աշխատանքները բաժին է ընկել Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ընկերությանը (տնօրեն Գարիկ Հակոբյան)։ «Ոսմար»-ի ճանապարհաշինարարները սպասարկում են Շինուհայրի խաչմերուկ-Հալիձոր-Տաթև-Քաշունիի խաչմերուկ ընկած հատվածը։ «Ճիշտ է՝ առաջին օրը մի քիչ դժվարացավ աշխատանքը, քանի որ տեխնիկան այդ հատվածում քիչ էր։ Հիմա ավելացրել ենք՝ աղցան ու բարձող մեքենաների քանակը, այսուհետ էլ ավելի օպերատիվ կիրականացվեն մաքրման աշխատանքները»,-Aravot.am-ի հետ զրույցում նշում է ընկերության սպասարկման պատասխանատու Սարգիս Սարգսյանը։ Վերջինս չի հերքում՝ գուցե թերացումներ եղել են, բայց հնարավոր ամեն ինչ անում ենք։ Մեր զրուցակիցը վարորդներին հորդորում է միմյանց հարգեն ու իրար զիջեն։
Կարդացեք նաև
«Ոլորանների վրա իրար չեն զիջում, խցանումներ են առաջանում ու եթե մի քանի րոպեով ճանապարհը փակ է լինում, ճանապարհաշինարարներին են մեղադրում»,-ասում է Սարգիս Սարգսյանն ու շարունակում․ «Այս պահին մեր սպասարկման ներքո գտնվող ճանապարհահատվածն անցանելի է, հույս ունեմ, որ անկախ եղանակից՝ Սյունիքի բոլոր ճանապարհները միշտ բաց կլինեն»։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ