Դեկտեմբերի 1-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հղում անելով Ալմա-Աթայի հռչակագրին, ասել է, որ եթե մենք ճանաչում ենք Ալմա-Աթայի հռչակագիրը, դա, իհարկե, հեշտացնում է հետագա աշխատանքը, որովհետև դա լուծում է հարցը՝ ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին։ Նաեւ ասել էր՝ վերջին շրջանում Հայաստանի իշխանություններն ավելի շատ խոսում են Ղարաբաղի հայերի իրավունքների մասին, քան կարգավիճակի։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձան Լավրովի հայտարարություններին։ Մարիա Կարապետյանը նախ նշեց, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական սահման կա․ «Ալմա-Աթայի հռչակագրին հղում կատարելով վերահաստատելը ոչ մի առնչություն չունի ԼՂ հիմնախնդրի հետ։ Հակառակ պարագայում կստացվեր, թե ԼՂ հիմնախնդիրը գոյություն ունի այնքանով, որքանով որ ՀՀ-ն վիճարկում է իր եւ Ադրբեջանի միջեւ սահմանը։ ՀՀ-Ադրբեջան միջպետական սահմանն առնչություն չունի ԼՂ հիմնախնդրի հետ։ Սա համահայկական դիրքորոշում պետք է լինի, այլապես կստացվի, թե ԼՂ հիմնախնդիրը տարածքային վեճ է»։
Էդուարդ Աղաջանյանն իր հերթին հավելեց՝ սա է իրենց դիրքորոշումը․ «Թե որքանով է դա հակասում կամ չի հակասում Լավրովի դիրքորոշմանը, հետեւությունները թողնում եմ ձեզ»։
Այլ հարցեր էր հնչեցին․
Կարդացեք նաև
-Երբ հղում եք անում Ալմա-Աթայի հռչակագրին, արդյոք շեշտո՞ւմ եք, որ մինչեւ այդ հռչակագրի ստորագրումը ԼՂ-ն ինքնորոշվել էր, ինչպես սահմանված էր ԽՍՀՄ օրենքներով։ Ալիեւը ԼՂ-ն ընկալում է իր կազմում։ Իսկ դուք Լավրովին հիշեցնո՞ւմ եք, որ մինչեւ հռչակագիրը նման բան է եղել։ Հայկական կողմն օգտագործո՞ւմ է այդ կռվանը։
Մարիա Կարապետյան-ՀՀ-Ադրբեջան սահմանը ԼՂ հիմնախնդրի հետ կապ չունի։ Այդ սահմանը կա: 91 թ․-ից, երբ երկրներն անկախացան, հռչակագրով վերահաստատվել է այդ սահմանը։ Ձեր ասած իրադարձությունները ՀՀ-Ադրբեջան սահմանի առնչությամբ չէ, որ ծավալվել են։ Եթե ՀՀ-ն մեկ այլ տարածաշրջանում լիներ, ԼՂ-ն ինքնորոշվելու էր, չէ՞։ ՀՀ-ն տարածքի վիճարկմամբ չէ, որ որեւէ դեր ունի հակամարտության մեջ։ Սա տարածքային վեճ չէ։
-ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը որտեղո՞վ է անցնում։ Գորիս-Կապան մայրուղին ՀՀ-ի՞ տարածքի մեջ է մտնում, թե Ադրբեջանի։ Ջերմուկի կորսված տարածքները, Սեւ լճի 30%-ը․․․ եթե ասում եք, որ Արցախը տարածքային վեճ չէ, ապա Արցախի ժողովրդի ինքնորոշումը ո՞ր տարածքում է լինելու։
-Էդուարդ Աղաջանյան-արցախցիները պետք է ինքնորոշվեն միջազգային իրավունքի դրույթների համաձայն։ Դա իրենց իրավունքն է։ Իսկ թե որն է ՀՀ-Ադրբեջան սահմանը, ապա եւս մեկ անգամ հղում ենք անում Ալմա-Աթայի հռչակագրին, որով գոյություն են ունեցել սովետական ՀՀ-ի եւ սովետական Ադրբեջանի վարչատարածքային սահմանները։
-Իսկ Գորիս-Կապան մայրուղի՞ն։
Մարիա Կարապետյան-դրա մի հատվածը չի մտնում։
-Երեսուն տարի ՀՀ-ի մեջ էր մտնում, իսկ հիմա չէ՞։
-Էդուարդ Աղաջանյան-այս ընթացքում ՀՀ որեւէ իշխանության դիրքորոշում փոփոխության չի ենթարկվել․ Արցախյան հիմնախնդրի էությունը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի խնդիր է եղել եւ մնում։ Մենք տարածքային վեճի մեջ երբեւէ չենք մտնելու։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ