«Մենք այսօր ուզո՞ւմ եք իրարից բան թաքցնենք, թե՞ չթաքցնենք: Դա մոդելի ու աշխարհընկալման հարց է: Ժամանակին ուրիշ մոդել էր գործում ու ուրիշ աշխարհընկալում էր՝ որ թաքցնելը ընդունված նորմ էր: Խաղի կանոնը թաքցնելն էր՝ թաքցնել հարկերը, տեղեկատվությունը, ամեն ինչ»,- այսօր ԱԺ-ում «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Հիշեցնենք, որ նախագծով համընդհանուր հայտարարագրման ինստիտուտն է ներդրվում:
Կոնջորյանը հայտարարեց, որ նախկինում առաջին հերթին «վերեւներն» էին թաքցնում ժողովրդից, ժողովրդի մի մասն էլ թաքցնում էր պետությունից. «Սա խաղի կանոն էր՝ թաքցրու, հետո կմուծվես ու բոլորը աչք կփակեն: Սա էր խաղի կանոն ժամանակին, բայց մենք այսօր այդ խաղի կանոններից դուրս ենք: Մենք կառուցում եք մի պետություն ու հասարակություն, որտեղ վերեւները չեն թաքցնում, ժողովուրդն էլ չի թաքցնում: Սա փոխադարձ պատասխանատվության մասին է, եթե պետությունը ժողովրդավար ու թափանցիկ է»:
Նա ասաց, որ սա հանրային դաշինք է, քաղաքացիական պայմանագիր է պետության ու ժողովրդի միջեւ. «Նախորդ մտածելակերպը պետականազուրկ մարդու մտածելակերպ էր, որ այս պետությունը իմը չի, հետեւաբար ամեն ինչ կարելի է թաքցնել ու դա արդարացված, թույլատրելի էր: Մենք հիմա այլ մտահորիզոնի մեջ ենք, որտեղ չպիտի գործենք պետականազուրկ մարդու տրամաբանությամբ»:
Կարդացեք նաև
Կոնջորյանն անդրադարձավ նաեւ ընդդիմությանը, որ սուր են ճոճում, թե հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող նախագծեր ենք բերում, իշխանությունը չի գալիս քննարկման, մինչդեռ սրանից ավելի մեծ հանրային հետաքրքրություն ունեցող նախագիծ դժվար է պատկերացնել. «Հիմա մի փիլիսոփայական գլուխկոտրուկի առջեւ ենք կանգնած՝ ընդդիմությունը ե՛ւ կա, ե՛ւ չկա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ