Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեղամ Սիմոնյան. «Ժողովրդավարությունը հաջողությամբ չի պսակվում, որովհետեւ պետությունը դրա բաղադրիչ փաստաբանական ինստիտուտի կայացման մեջ, կարծես, շահագրգռված չէ»

Դեկտեմբեր 06,2022 17:50

Փաստաբան Գեղամ Սիմոնյանը ԱԺԲ գրասենյակում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում իր գործընկերներին փաստաբանության ձեւավորման 104-ամյակի առիթով շնորհավորելուց հետո խոսեց խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանության կիրառած բռնությունների մասին:

Գեղամ Սիմոնյանը նշեց, որ թեեւ Առաջին Հանրապետությունը հիմնադրման պահից սկսած հիմնավոր քայլեր է իրականացրել ժողովրդավարական բաղադրիչներից մեկի՝ փաստաբանական ինստիտուտի, ձեւավորման եւ լավագույն ավանդույթների ձեւավորման համար, սակայն շատ դեպքերում դա հաջողությամբ չի պսակվում, որովհետեւ պետությունը, կարծես, դրանում շահագրգռված չէ:

«Գործող փաստաբանության օրենքում հստակ սահմանված է, որ փաստաբանը նախ եւ առաջ իրավապաշտպան է: Սակայն բազմաթիվ դեպքեր կան, որ իրավապաշտպանի գործառույթներ իրականացնելիս փաստաբանների գործունեությունը տարբեր գործիքակազմերի կիրառումով խոչընդոտվում է իշխանության կողմից: Սա շատ ցավալի արձանագրում է, որովհետեւ երկրում չի կարող լինել ժողովրդավարություն, եթե այդ համակարգի երաշխիքն ապահովող մասնագիտական կառույցներից մեկի աշխատանքը հնարավոր չի լինում իրականացնել հավուր պատշաճի»,- ասաց պարոն Սիմոնյանը:

Փաստաբանը նշեց նաեւ, որ ժողովրդավարության կայացման գործում առանցքային կարեւորություն ունի նաեւ ոստիկանությունը՝ նկատի ունենալով ազատ հանրահավաքների եւ ակցիաների կազմակերպման եւ իրականացման իրավունքը: «Դեռեւս 2016 թվականին ՀՀ ոստիկանության համար ԵԱՀԿ ԺՄԻԳ-ը կազմել է համապատասխան ձեռնարկ, որտեղ սահմանված է, թե ոստիկանությունն ինչպես պետք է գործի հավաքների ժամանակ, իրականացնի հավաքների ազատության իրավունքը՝ չխոչընդոտելով դրանք, եթե որոշակի դեպքերում անհրաժեշտություն է առաջանում թույլատրելի ուժ կիրառել, ապա որ դեպքերում եւ ինչ կարգով: Եվ, ընդհանրապես, բոլո՞ր դեպքերում է, որ ոստիկանությունը պետք է իրականացնի զսպող գործառույթներ եւ կիրառի որոշակի ուժ: Այդ ուղեցույցը ոստիկանությանը վստահաբար փոխանցված է, սակայն պիտի արձանագրում, որ իրականության մեջ տեսնում ենք, որ ոստիկանությունն ամբողջ ծավալով չի հետեւում դրան եւ ձեւական, արհեստական պատճառներով, այսպես կոչված, ոստիկանության օրինական պահանջը չկատարելու արդեն ավանդույթ դարձած պատրվակով, փաստացի, անօրինական գործունեություն է իրականացնում եւ խոչընդոտում հավաքների ազատության իրավունքը: Ես չեմ անդրադառնում մեր քաղաքացիներին, որոնք պարզապես չգիտեն իրենց նվազագույն իրավունքները, ինչի հետեւանքով ականատես ենք լինում, որ այդ քաղաքացիների նվազագույն իրավունքները խախտվում են, երբ ոստիկանությունը անհամաչափ ուժ է գործադրում կամ արգելում, խոչընդոտում է»:

Փաստաբանը արձանագրեց նաեւ, որ փաստացի անհամաչափ ուժի, ավելի ճիշտ, բռնության կիրառման հետեւանքով լինում են տուժածներ, մարդիկ, որոնք ստանում են վնասվածքներ, հայտնվում են բուժհաստատություններում, սակայն ոստիկանությունում այդ դեպքերին պատշաճ ուշադրություն չի դարձվում: Մինչդեռ, նման հակասոցիալական տարրերը տեղ չպետք է ունենան ոստիկանությունում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031