Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գործ ունենք բացահայտ քաղաքական հետապնդման հետ»․ Արծվիկ Մինասյանը՝ Սյունե Աբրահամյանն՝ ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի գործով դատական նիստից հետո

Դեկտեմբեր 06,2022 17:46

«Մենք գործ ունենք բացահայտ քաղաքական հետապնդման հետ, քաղաքական հայացքները չկիսելու և ՀՀ գործող իշխանությունն ու ՀՀ-ն նույնականացնելու, ՀՀ անվտանգությունը գործող իշխանության հակահայ վարքագծի հետ խառնելու մոտեցման հետ»,-Նիդերլանդների Հայ դատի գրասենյակի ատենապետ Մասիս Աբրահամյանի դուստրը՝ Նիդերլանդներում գործող «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանն՝ ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գործով դատական նիստից հետո Aravot.am-ին տեղեկացրեց Սյունե Աբրահամյանի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, Նիդերլանդների Հայ դատի գրասենյակի ատենապետ Մասիս Աբրահամյանը և նրա դուստրը՝ Սյունե Աբրահամյանը պահանջել են ԱԱԾ-ին պարտավորեցնել, որ իրենց տվյալները հանի ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից։

Հիշեցնենք, որ դաշնակցական գործիչների մուտքը Հայաստան արգելվել էր, նրանք ճանաչվել էին «պերսոնա նոն գրատա»։

Արծվիկ Մինասյանը հայտնեց՝ թեև դատական նիստը բաց էր, հրապարակային, բայց ԱԱԾ աշխատակիցները չհամաձայնեցին, որ այն տեսանկարահանվի։ Դատարանը թույլատրեց միայն լուսանկարահանումը։

Արծվիկ Մինասյանը մանրամասնեց․ «Փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը և Սիրանույշ Սահակյանը ներկայացրին հայցը բավականին մանրակրկիտ և հստակ օրենսդրական այն պահանջների խախտումները, որոնք թույլ են տրվել ԱԱԾ-ի կողմից Սյունեին ՀՀ մուտքի արգելքի վերաբերյալ»։ Արծվիկ Մինասյանի բնորոշմամբ՝ ԱԱԾ ներկայացուցիչները կամ պատասխան չէին տալիս, կամ տալիս էին պատասխաններ, որոնք բացարձակապես կապ չունեն իրավական համակարգի հետ։

Արծվիկ Մինասյանը պնդեց՝ չկա որևէ իրավական և փաստական հիմք, որը կարող էր ծառայել Սյունեին՝ որպես Հայ դատի անդամի, ակտիվ հայ երիտասարդի մուտքը ՀՀ արգելելու համար։ Նա նշեց․ «Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, ցույց կտա ժամանակը։ Հստակ էր այն, որ որևէ ողջամիտ իրավական բացատրություն այդպես էլ իրավասու մարմինը՝ ԱԱԾ-ն իմ գնահատմամբ՝ չներկայացրեց։ Միայն պետական գաղտնիքի մասին օրենքն էր վկայակոչում, օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքի դրույթը, որով ոչ վերաբերելի հիմնավորումներ են արվում՝ իրավական շղարշ ստեղծելու համար։ Բայց որևէ հիմքի կամ ուղղության, թե ի վերջո գործունեության որ ուղղության, որ հիմքն է հանդիսացել պատճառ, որևէ կոնկրետ փաստ չմատնանշվեց»։

Արծվիկ Մինասյանին խնդրեցինք դատական նիստից որոշ դրվագներ ներկայացնել, նա ասաց․ «Փաստաբանները հարցրին՝ Սյունեի ո՞ր գործունեությունն է հանդիսացել արգելքի հիմք։ Պատասխան չկար, ասում էին, որ չենք կարող ասել։ Փաստաբաններն ասում էին՝ ասեք, թե դուք ո՞ր ուղղության վրա եք եկել այն համոզման, որ Սյունեի գործունեությունը սպառնում է ՀՀ անվտանգությանը․ ահաբեկչական կազմակերպության անդա՞մ է, ի՞նքն է ահաբեկչություն ծրագրավորում, զենք, թմրանյութեր, քանի որ ՄԻՊ պատասխանում ԱԱԾ-ն վկայակոչում է օտարերկրացիների մասին հոդվածի այդ երկու հիմքերը։ Նորից հրաժարվում էին պատասխանել։ Հարցրին՝ ձեզ հայտնի՞ է Սյունեի տեսակետը Արցախի հարցի վերաբերյալ։ Իրենք ասացին՝ ոչ։ Բայց որոշ դրվագներով ծանոթ էին Սյունեի տեսակետին, քննադատական խոսքին ՀՀ իշխանության վերաբերյալ։ Սա ենթադրել է տալիս, որ ԱԱԾ-ի որոշումը եղել է բացառապես քաղաքական։ ԱԱԾ-ն քանի որ վարչական մարմին է, ցանկացած դիմում, որը վերաբերում է վարչական վարույթ հարուցելուն, պարտավոր է դա հարուցել և կայացնել որոշում։ Այդպես էլ պատասխան չստացանք՝ ինչո՞ւ վարչական վարույթ չի հարուցվել։ ԱԱԾ-ն գործել է ոչ միայն օրենքի ու Սահմանադրության կոպտագույն խախտումներով, այլև չի էլ բարեհաճում գոնե ներկայացնել իր անգործության պատճառները։ Միայն վկայակոչում է պետական գաղտնիք ասվածին, որը բացարձակ տվյալ դեպքում վերաբերելի չէ։ Եթե զուգահեռներ տանենք, օրինակ՝ թշնամական երկրի գործակալները կարող են շատ ավելի շատ արտոնություններ, իրավունքներ, հնարավորություններ ունենալ մեր երկրում, քան թեկուզ մեր երկրից դուրս, բայց հանուն ՀՀ-ի գործող անձինք։ Սա մեր անվտանգության համակարգի խայտառակությունն է»։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին՝ ժամը 10․00-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031