Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հո մարդիկ կրակը չե՞ն ընկել, որ իրենց տանը նկար ունեն». Թանկարժեք կտավների հավաքածու ունեցող Արսենյանը բարկացավ Թունյանի բերած օրինակից

Դեկտեմբեր 06,2022 17:31

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը այսօր ԱԺ նիստում «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ ներկայացրեց, որով նախատեսվում է համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնել՝ փուլերով: Սկզբում պետք է հայտարարագիր ներկայացնեն պետական, համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող քաղաքացիները, նոտար հանդիսացող ֆիզիկական անձինք՝ ներկայացնելով իրենց անձնական եկամուտները, ինչպես նաեւ այն քաղաքացիները, որոնք 2022-ի ընթացքում 1 մլրդ դրամ եւ ավելի եկամուտ ունեցող առեւտրային կազմակերպության բաժնետեր են:

Արման Պողոսյան

Հայտարարագիր ներկայացնելու են նաեւ այն քաղաքացիները, որոնք 2023-ի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամ եւ ավելի փոխառություն, նույն տարվա մեջ օգտվել են եկամտահարկի վերադարձման համակարգից: Բացի այդ, դրսից տրանսֆերտներ ստացողները նույնպես պիտի հայտարարագրեն իրենց եկամուտները: Այսպես փուլ առ փուլ բոլորը հայտարարագրելու են իրենց եկամուտները:

Բաբկեն Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հարցրեց՝ եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը լրացուցիչ բեռ, հարկատեսակ նախատեսո՞ւմ է քաղաքացիների համար՝ փոխնախարարը պատասխանեց, որ չի նախատեսվում չհարկվող որեւէ եկամուտ դարձնել հարկվող, հարկային բեռի բարձրացում չի լինելու:

Թունյանն իր ելույթում ասաց, որ սա գործիք է, որ պետության ու քաղաքացու միջեւ նոր մակարդակի թափանցիկություն ու վստահություն ձեւավորվի. «Մենք չգիտենք իրականում, թե «Փարոսում» գրանցված մարդիկ իրականում ինչ սոցիալական կարգավիճակ, եկամուտ ունեն, բացը պետք է լրացվի: Կարծիք կա, որ սա պետք է լինի ոչ միայն եկամուտների հայտարարագիր, այլ՝ գույքի եւ եկամուտների հայտարարագիր: Պետությունը, որպեսզի լավ ճանաչի իր քաղաքացիներին, պետք է իմանա նրա ունեցվածքը, որովհետեւ կարող է մարդը ունենա 100 հազար դրամ ամսական աշխատավարձ, բայց տանը կախած ունենա օրինակ Մարտիրոս Սարյանի կտավ, որը կարժենա մի քանի տասնյակ հազար դոլար: Դա պարոն Արսենյան, ուղիղ վերաբերում էր սոցիալական կարգավիճակին, որովհետեւ եթե նկարը պատկանում է իրեն, իրեն պետք չի հավասար դիտարկել այն քաղաքացու հետ, որը ոչ մի բան չունի: Պետությունը պետք է հասկանա, թե քաղաքացին ինչ սոցիալական կարգավիճակ ունի: Չի կարող մարդը աղքատ համարվել, եթե ունի մի քանի տասնյակ մլն կանխիկ փող, մի քանի տասնյակ հազար դոլար բանկային ավանդ, ապրում է մի քանի հարյուր հազար դոլարանոց առանձնատանը: Սրանք բոլորը չափանիշներ են»:

Թունյանի բերած օրինակը դուր չեկավ ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանին՝ շատ պարզ պատճառով՝ նա թանկարժեք նկարներ ունի: Ըստ Արսենյանի ներկայացրած հայտարարագրի, նա ունի 18 անշարժ գույք, թանկարժեք ժամացույցների հավաքածու, ոսկյա հուշադրամների հավաքածու՝ ընդհանուր 533 մլն դրամի: Բացի այդ, Արսենյանը հայտարարագրել է 300 հազար դոլար արժեքով ճաշասենյակի կահույքի հավաքածու, 8 մլն դրամը գերազանցող հյուրասենյակի կահույքի հավաքածու, 110 մլն դրամ արժեքով հյուրասենյակի կահույքի հավաքածու, 5 մլն դրամանոց հեռուստացույց եւ այլն:

Ուստի Արսենյանը հորդորեց Թունյանին, որ հասարակության այն խմբին, որը գույքային այլ կարգավիճակ ունի, չհակադրի մյուս խմբերին ու դա որպես հիմնավորում չներկայացնի. «Ժամանակն է այդ մասը անցնեք, ճիշտ չի, որովհետեւ պետության մեջ բոլոր խմբերն իրենց կարեւորագույն դերակատարումն ունեն: Այս օրենքի ընդունումը գործիք է պետության համար, պետք է ծառայի այլ նպատակների: Հորդոր էր ձեզ՝ ժամանակն է այլ հիմնավորումներով առաջնորդվենք: Սոցիալական արդարության գաղափարախոսությունը, ճիշտ է, գրավիչ է, բայց արդյունավետ չի: Սոցիալական արդարությունը չի կառուցվում հարստությունը վերաբաշխելուց, սոցիալական արդարության լավագույն լուծումը հաստություն ստեղծելն է, աղքատներին հարստացնելը, ոչ թե հարուստներին աղքատացնելը»:

Թունյանը պատասխանեց, որ եթե սոցիալական քաղաքականություն են իրականացնում, պետք է հստակ չափանիշներ ունեն. «Ես չեմ հակադրում: Եթե ասում եմ՝ մեկը տանը ունի մի քանի տասնյակ հազար դոլարանոց նկար, մյուսը չունի, դա չի նշանակում մեկը լավ է, մյուսը՝ վատ, մեկը կարեւոր է պետության համար, մյուսը՝ չէ: Դա նշանակում է, որ եթե պետությունը սոցիալական քաղաքականություն է իրականացնում ու իր առջեւ խնդիր է դնում աջակցել այն խմբերին, որոնք դրա կարիքն ունեն, դա պետք է անեն թիրախային: Ոչ թե կորոնավիրուսի փոխհատուցում տա էլեկտրաէներգիայի ծախսի, հետո պարզվի, որ դրանից օգտվել են դոլարային միլիոնատերերը»:

Արսենյանը պատասխանեց. «Պարո՛ն Թունյան, պատից կախված նկարը երբեմն թանկանում, երբեմն էժանանանում է: Նկարը, որը մարդուն նվեր են տվել, հետո դա չգիտեմ ինչ հանգամանքներում թանկացել է, մոռացե՛ք էդ նկարների մասին, էլի: Նկարը գեղարվեստ է, հարկային բաներից դուրս եկեք, խնդրում եմ: Անընդհատ կարող է մոտենանք օրինակների, որոնք հասնեն աբսուրդի: Ուրախ եմ, որ Սարյանի նկարները թանկ արժեն, բայց այլ նկարիչներ էլ կան, որոնց նկարները թանկ արժեն, է, հետո՞, հո մարդիկ կրակը չե՞ն ընկել, որ իրենց տանը նկար ունեն»:

Թունյանը հակադարձեց, որ այդ դեպքում ինչո՞ւ են գույքահարկի շեմեր սահմանել՝ մեծ առանձնատուն ունեցողինը՝ այլ գույքահարկ է, փոքրը՝ այլ:

Ի դեպ, Aravot.am-ի «Կարմիր գիծ» հաղորդման ժամանակ Արսենյանը իր հայտարարագրած միլիոնների, թանկարժեք նկարների ու ժամացույցների հավաքածուի հետ կապված ասել էր. «Իմ նկարների հավաքածուն իմ ողջ կյանքում ստեղծված հավաքածուն է: Շատ ավելի շատ են, պարզապես ես հայտարարագրել եմ նրանք, որոնք 8 մլն-ից ավելի են: Հավաքածուն իրականում շատ ավելի մեծ է, որովհետեւ ես հիմա էլ եմ շարունակում հավաքել, ձեռք բերել մեր ժամանակակից հայ նկարիչների աշխատանքները: Ես նպատակ ունեմ դա ինչ-որ մի պահի որպես ժառանգություն պետական պատկերասրահ տեղափոխել: Ժամացույցները ժամացույց են՝ օգտագործում եմ, ի՞նչ անեմ: Ձեր նշած միլիոնները հայկական դաշտի արդյունք չի, դա ամերիկյան ընկերությունների արժետոմսերի թանկացման հետեւանք է: Մի ընկերության արժետոմսերը թանկացան, իսկ ես դրանք ձեռք էի բերել մինչեւ թանկացումը՝ ճիշտ ներդրում, ճիշտ պահին, որը եկավ Հայաստան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031