Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն

Դեկտեմբեր 06,2022 16:55
hdk

Արցախահայությունը ցեղասպանության վտանգի առջև է. Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի. Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը խստորեն դատապարտում է դեկտեմբերի 3-ի Ադրբեջանի հերթական ահաբեկչությունը՝ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում փակելու Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ կտրելով Արցախի կապը Հայաստանի հետ և շրջափակելով Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը: Ադրբեջանը, մնալով անպատիժ, զանազան կեղծ պատրվակների քողի ներքո, ապատեղեկատվություն տարածելով, հետևողականորեն խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ, միջազգայնորեն ընդունված համաձայնությունը, որի հիմնարար կետերից է Լաչինի միջանցքի վերաբերյալ ամրագրված պայմանավորվածությունը:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն արձանագրում է, որ ահաբեկչական այս սադրանքների նպատակը Արցախի հայաթափումն է, էթնիկ զտումները և ցեղասպանությունը, պետական այն քաղաքականությունը, որն արդեն իրագործվել է Նախիջևանում: Արցախի 130 հազար հայ բնակչությունը ամբողջական շրջափակման և հումանիտար օրհասական աղետի առջև է, որի հանցավոր պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են:

Համոզված ենք, որ Ադրբեջանի այս գործողությունները մարդկության դեմ կատարվող ծանրագույն հանցագործություն են, վտանգավոր մարտահրավեր՝ ուղղված միջազգային ողջ հանրությանը և հատկապես մեր տարածաշրջանի բոլոր պետություններին: Հանցագործ ագրեսոր պետության նման քաղաքականությունը պետք է միարժեք դատապարտվի գործուն զսպման և պատժամիջոցների կիրառմամբ, հակառակ դեպում տարածաշրջանային խաղաղությունը և կայունությունը անդառնալիորեն կվտանգվեն:

Ժամանակն է, որ Արցախի Հանրապետության օրինական իշխանություններն օգտվեն իրենց լեգիտիմ ձեռք բերված սուբյեկտայնության կարգավիճակից՝ որպես հակամարտող կողմ, դիմեն Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, փաստարկված ներկայացնելով Ադրբեջանի էքսպանսիոնիստական, հայատյաց քաղաքականության էությունը։

Լաչինի միջանցքը ապահովում է արցախահայության գոյատևումը, և ոչ մի համեմատություն չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պահանջվող, այսպես կոչվող, «Զանգեզուրյան միջանցքի» հետ։ Հիշեցնենք՝ Նախիջևանի ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի անքակտելի տարածքը չէ, այլ ընդամենը պրոտեկտորատ և չի կարող համարվել «անկլավ», քանի որ երեք պետությունների սահմանամերձ տարածք է։

Հայ հանրությանը, հասարակական քաղաքական ուժերին նաև կոչ ենք անում օրենքի սահմանադրական ուժով ճնշում գործադրել Հայաստանի գործող իշխանությունների վրա, քանզի նրանց կրավորական, ապազգային քաղաքականությունը ոչ միայն հակասում է հայության պետական շահերին, ազգային անվտանգությանը, այլև ավելի է «շահագրգռում» ագրեսոր Ադրբեջանին ռազմական գործողություններով, ուժի սպառնալիքով և կիրառմամբ հարցեր լուծելու:

Իրավունքի ուժը չի կարող նենգափոխվել ուժի իրավունքով: Արցախահայության և Հայաստանի շահերն անքակտելի են:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031