Լրահոս
Օրվա լրահոսը

«Տալենտումը» ձևավորում է հայկական լավագույն ավանդույթները կրող երաժշտական դեսպաններին

Դեկտեմբեր 06,2022 16:39

Այս օրերին ընթանում է «Տալենտում» ծրագրի 2022-2023թթ․ կրթաթոշակառուների ընտրությունը։ Ծրագիրն ուղղված է 10-16 տարեկան տաղանդավոր պատանի երաժիշտների բացահայտմանը, նրանց կրթությանն ու զարգացմանը։

«Տալենտումը» նախաձեռնվել է «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի և վերջինիս հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից։

Մաեստրո Սմբատյանը, ստանալով լավագույն կրթությունը Հայաստանում, Ռուսաստանում և Արևմուտքում, կատարելագործվելով տարբեր դպրոցներ ներկայացնող բարձրակարգ երաժիշտների մոտ, քաջ գիտակցում է կրթության դերն անհատի ձևավորման ու մասնագետի կայացման գործում։ Սերգեյ Սմբատյանը համերգային գործունեությանը, սոցիալական, բարեգործական բազմաթիվ ծրագրերին զուգահեռ կյանքի է կոչել դասական երաժշտության տարածմանն ու զարգացմանը միտված մի շարք նախաձեռնություններ՝ «ԴասА»-ն, «Իմ սիմֆոնիկը», հիմնադրել է «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը։ Այս ուղղությամբ տարվող ամենօրյա աշխատանքը ներգրավում է բազմաթիվ պատանի երաժիշտների ու երաժշտասերների, ինչը հնարավորություն է տալիս կերտելու երաժշտության կայուն ապագան։

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը ոչ ֆորմալ, ոչ ստանդարտ մեթոդներով օգնում է լրացնելու պատանի տաղանդների՝ իրենց կրթօջախներում ձեռք բերած գիտելիքները։ Հիմնադրամի սաները ոչ միայն հնարավորություն են ունենում մասնակցելու աշխարհում մեծ ճանաչում վայելող երաժիշտների վարպետության դասերին, այլ ընդգրկվում են մի շարք ծրագրերում, որոնց նպատակը բազմակողմանի զարգացած` արդի միջազգային չափանիշներին համապատասխան երաժիշտների պատրաստումն է։ Հաղորդակցության ապահովման նպատակով կազմակերպվում են օտար լեզուների (անգլերեն, ռուսերեն) դասընթացներ, իրականացվում են այցելություններ թանգարաններ, ինչի շնորհիվ պատանի երաժիշտները ծանոթանում են հայկական մշակութային ժառանգության կարևորագույն ավանդույթներին ու արժեքներին՝ դառնալով այդ արժեքների կրողն ու տարածողը։ Աշխարհի լավագույն կատարողական դպրոցների հետ ծանոթության նպատակով կազմակերպվում են այցելություններ համաշխարհային մեծության արտիստների համերգներին։ Բեմական փորձի ձեռքբերման նպատակով պատանի երաժիշտները ելույթ են ունենում հիմնադրամի կողմից կազմակերպված համերգներին Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Հիմնադրամի սաները ստանում են նաև կրթաթոշակ ու ֆինանսական աջակցություն, ինչը վերջիններիս օգնում է կենտրոնանալու իրենց մասնագիտության վրա։

Վաղվան միտված այս ծրագիրը մի խումբ նվիրյալների գաղափարն է։ Հիմնադրամի ստեղծման ակունքներում կանգնած անձինք և նախաձեռնության բազմաթիվ աջակիցները քաջ գիտակցում են, որ ապագա լավ արդյունքների համար այսօր արդեն պետք է ներդրում կատարել մեր տաղանդների կրթության գործում։

Սերգեյ Սմբատյանի և հիմնադրամի ղեկավարների տեսլականն է դաստիարակել երաժիշտների այնպիսի սերունդ, որը ժամանակակից աշխարհին հավասարի իրավունքով արժանիորեն կներկայացնի հային ու Հայաստանը, նրա մշակութային ժառանգությունը։ Ահա այս նշանակետին հասնելու համար մանրակրկիտ մշակվել է այս ծրագիրը՝ կրթական ուրույն մի միջավայր։ Նպատակը, ի դեպ, արդեն իսկ իրականություն է։ Հիմնադրամի շատ կրթաթոշակառուներ արժանանում են միջազգային մրցույթների պատվավոր մրցանակների։

Շատ շուտով կմեկնարկի «Տալենտումի» երրորդ հոսքի կրթական ծրագիրը։ Այսօր իրենց առաջին քայլերն անող պատանի ջութակահարները, ֆլեյտահարները կամ շեփորահարները վստահաբար վաղն աշխարհում դառնալու են մեր դեսպանները՝ ներկայացնելով հայի լավագույն որակները։

Անահիտ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031