Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույնն է, որ ողջ տունը սգա, իսկ տան անդաստիարակ լակոտը երաժշտություն միացնի»․ ռեժիսորը՝ տոնական մթնոլորտի մասին

Դեկտեմբեր 06,2022 15:55

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը «Հայելի» ակումբում ասաց, որ ուզում է ուղերձ հղել Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին եւ խնդրեց, որ այն քրեական գործը, որով ինքը որպես տուժող է անցնում, նրա ուշադրության ներքո լինի։ «Ձեր իշխանությունը հայտարարել էր, որ ոչ ոք չի պլստալու, բայց ոնց որ այդ գործում բազմաթիվ պլստացողներ կան։ Խոսքը գնում է 4 մլն 600 հազարի մասին, որը նախարարության աշխատակիցները վերցրել են` չարաշահելով պրոդյուսերի վստահությունը․․․Դրան ձեր իշխանության օրոք հետեւել է ֆիլմի ֆինանսավորման կասեցումը։ Նախկին նախարարներից մեկն էլ նամակով դիմել է ֆիլմի միջազգային ներդրողներին ու առաջարկել կասեցնել ֆինանսավորումը, իսկ այդ ներդրումների չափը կազմել է 240 հազար եվրո»,-հայտարարեց նա։

Հավելեց, որ գերմանացի գործընկերոջից ստացել է նամակ, որտեղ վերջինս ՀՀ իշխանություններին եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին կոչ է անում ուշադրություն դարձնել քրեական գործին։

Կինոռեժիսորն ասաց, որ ինքը եւս 10 օր կսպասի, որպեսզի Քննչական կոմիտեն իրեն հրավիրի ու ինքը պարզաբանի, թե ինչ է կատարվում ֆիլմի հետ կապված. «Եթե դա տեղի չունենա, դեկտեմբերի 16-ից ես սկսելու եմ հրապարակել այդ գործի նյութերը, եւ քննիչների փոխարեն բացահայտելու եմ քայլ առ քայլ, թե ինչ է տեղի ունեցել այդ ֆիլմի հետ․․․Ֆիլմին վնաս հասցրած պատասխանատուները պետք է պատասխան տան»։ Հովհաննես Գալստյանն ասաց, որ գնալու է մինչեւ վերջ, հունվարին էլ ասուլիս կհրավիրի, որին կմիանա նաեւ գերմանացի ներդրողը։

Ֆիլմից հետո նա անդրադարձավ պատերազմի պատճառով բազմաթիվ զոհեր ունեցած Հայաստանում տիրող տոնական մթնոլորտին։ Հիշեցրեց, որ նախկինում, երբ անգամ բազմաբնակարան շենքերից մեկում մարդ էր մահացած լինում, հարեւանը հարսանիքը հանում էր, իսկ եթե ծախսեր էին արած լինում, հարսանիքն առանց երաժշտության էր կայանում։ «Սա խորը արմատներ ունի»,-ասաց ռեժիսորը։

«Մինչդեռ այսօր խոսքը գնում է ոչ թե հարեւանի, այլ ձեր տանը տեղի ունեցած ողբերգության մասին։ Դա նույնն է, որ ամբողջ տունը սգա, իսկ տան 14 տարեկան անդաստիարակ լակոտը բարձր երաժշտություն միացնի, ասի՝ ես կարիք ունեմ ուրախության։ Այն, ինչ անում է այս իշխանությունը, անում է երկու թիրախի համար՝ մեկն իր ֆեյքային կեղծ լսարանն է, որ տարածեն, ասեն, այստեղ տոն է, մեկն էլ իրենց արեւմտյան պատվիրատուները։ Մինչդեռ ժողովուրդը տոնի հավես չունի։ Ժողովուրդը, որը չի թոթափել պարտության, կորուստների ողբերգությունը, չի կարող քեֆի, ուրախության ցանկություն ունենալ։ Առավել եւս, որ դուք արել եք այն բարբարոսությունները մշակութային օբյեկտների հետ․․․Միայն տնվորը կարող է պատի վրա մեխ խփել, հասկանալով, որ վաղը-մյուս օրը գնալու է։ Տնվորի հոգեբանությամբ տոներ անելը եւ ներկայացնելը որպես հասարակության պոռթկում, գռեհիկ է, վատ է եւ մեզ հարիր չէ։ Սա եւս մեկ անգամ անջրպետ է դնում մեր եւ այս իշխանության միջեւ»։

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Արժանապատիվ մտքեր են: Իսկապես, այսքան կորուստներ տված Ժողովրդի ստվար մեծամասնությունը բացարձակապես տոնի հավես չունի, բայց այս կառավարությունը խաժամուժի վրա հենվող տեսակն է և նրա միջոցով է փորձում երկարաձգել իր իշխանությունը: Անհայրենիք խաժամուժին տաշի-տուշի է պետք, իսկ այսօրվա անդեմ ղեկավարներին՝ տոնի իմիտացիա, որն էլ փորձում են իրականացնել: Դրանից այս իշխանությունը ոչինչ չի շահելու, իսկ ժողովրդի զզվանքը կավելանա:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031