Նախագծով առաջարկվում է առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը` հավելումը եւ հավելավճարը, նվազեցնել բազային աշխատավարձի բարձրացման չափով: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը:
Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի դեկտեմբերի 6-ի հերթական նիստում:
Ըստ առաջարկվող փոփոխությունների` Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի համար սահմանված 80 տոկոս հավելումը դառնում է 70 տոկոս: Հակակոռուպցիոն դատարանի դատավորի համար սահմանված 70 տոկոս հավելումը` 60 տոկոս:
Վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորների համար սահմաված 60 տոկոս հավելումը եւս կնվազեցվի` դառնալով 55 տոկոս:
Կարդացեք նաև
Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ կոմիտեի ծառայողների` մինչ այդ սահմանված 100 տոկոս հավելումը կնվազի` դառնալով 92 տոկոս:
Վաչե Քալաշյանի պարզաբանմամբ նվազեցումները պայմանավորված են այն հանգամանքով, որ 2023 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանվել է 75.000 դրամ, որի արդյունքում, օրենքով սահմանված կարգով, պետք է բարձրանա նաեւ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձը` կազմելով 83.200 դրամ: «Եվ որպեսզի հավելումներով պայմանավորված լրացուցիչ եւ հիմնական աշխատավարձերի համախառն եկամուտի խզվածքն այլ համանման գործառույթներ իրականացնող անձանց միջեւ չմեծանա, առաջարկվել են վերոնշյալ փոփոխությունները»,- նշել է Վաչե Քալաշյանը:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, կարեւորելով նվազեցումները, նշել է, որ պետք է պահպանվեն արարողակարգային, սանդղակային առանձնահատկությունները:
Գլխադասային` Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Մարիամ Պողոսյանը` կոչ անելով կողմ քվեարկել նախագծին:
ԱԺ