Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ունենք իշխանություն, ըստ որի Արցախի տարածքների բռնազավթման մասին խոսելը արգելված թեմա է»․ Նարինե Դիլբարյան

Դեկտեմբեր 06,2022 15:11

«Զարգացումները սրընթաց են, բայց պետք է նախ իրականությունը ճիշտ գնահատել՝ հասկանալու համար, թե ինչ գործողություններ պետք է կատարել այս իրավիճակում։ Ադրբեջանցիների կողմից ճանապարհ փակելը, այդ գործիքի կիրառումը եւս խորհրդանշական է»,- «Հայելի» ակումբում նշեց Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը;

Նրա խոսքով․ «Նույն գործիքի կիրառմամբ Հայաստանում իշխանության եկավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ադրբեջանը կարծում է՝ բացի պատերազմից եւ ուժի կիրառումից՝ դրան զուգահեռ կարելի է նաեւ նման քայլեր կատարել։ Ընդ որում, շատ հետաքրքիր էր պատճառաբանությունը, թե իբր Ադրբեջանին պատկանող ընդերքը շահագործվում է, հանքարդյունահանվում է, իրենց վնաս է պատճառում։ Չմոռանանք, որ նրանք Շուշի-Քարինտակ ճանապարհը փակելուց զատ՝ նաեւ հարձակվել են արցախցի երիտասարդների վրա, ծեծկռտոց էր տեղի ունեցել, երկուստեք մեքենաներ էին կոտրել։ Ու Լավրովին հանդիպած Ջեյհուն Բայրամովը հայտարարում է, որ իրենք պատրաստ են պաշտպանել Արցախում ապրողների իրավունքները, ինչպես բոլոր ադրբեջանցիներինը։

Այսինքն, պարզ է, թե ինչպես են պատրաստվում պաշտպանել այնտեղ ապրողների իրավունքները։ Ամենակարեւորն այն է, որ իրենք դիտարկում են, որ դա իրենց տարածքն է։ Աստիճանաբար սկսվում է՝ ընդերք, ճանապարհներ․․․Հիշենք նաեւ այն միջադեպը, երբ իրենք Իրանին բողոքի նոտա ներկայացրին, որ Իրանի քաղաքացիներն իրենց տարածք են մուտք գործել առանց Ադրբեջանից թույլատրություն ստանալու։

Եվ այդ համապատկերում գլխավոր գործողություններն այն զորավարժություններն էին, որոնց ընթացքում վերջին զարգացումների սպառազինություններ էին, ուզում էին ցույց տալ, որ կարող են մտնել 21-րդ դարի պատերազմների մեջ՝ ըստ երեւույթին այդ ամենը տեսնելով եւ ռուս-ուկրաինական պատերազմում, եւ հարուստ փորձառություն ձեռք բերելով 44-օրյա պատերազմի ընթացքում»։

Նարինե Դիլբարյանն այս համատեքստում Հայաստանի դիվանագիտական քայլերը զրոյական է գնահատում, նաեւ ընդգծում է․ «Այն զարհուրելի միջոցառումը, որը կոչվում էր ԱԺ արտահերթ նիստ, բացահայտ ցույց տվեց, թե Հայաստանն ինչ մասերի է բաժանված։ Մի ժամանակ խոսում էին սեւերի-սպիտակների, նախկինների, ներկաների մասին, հիմա շատ ավելի ճշգրիտ դարձավ ձեւակերպումը՝ մենք ունենք իշխանություն, որը գտնում է, որ ազգերի ինքնորոշման իրավունքի, Արցախի Հանրապետության, Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթման մասին խոսելը արգելված թեմա է»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031