2023 թ. փետրվարի մեկից անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվելու է առաջին անգամ հաշմանդամության սահմանման, այսինքն` արդեն իսկ անձի ֆունկցիոնալության գնահատման համար դիմած քաղաքացիների դեպքում, իսկ մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը վերափորձաքննությունների եւ կրկնակի փորձաքննությունների դեպքում գործելու է բժշկասոցիալական փորձաքննությունը: Այս տրամաբանությամբ հարակից օրենքներում իրավական կարգավորումների անհրաժեշտություն է առաջացել. այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը` «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ դեկտեմբերի 6-ի նիստում ներկայացնելիս:
«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխությամբ սահմանվում է, թե ինչ պայմաններում պետք է իրականացվի բժշկասոցիալական քննությունը: Առաջարկվում է անցումային մոդել. գործընթացի իրականացումը պայմանավորված է բարեփոխումն առավել կառավարելի եւ փուլային ներդնելու նպատակով:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններով լիազոր մարմնին վերապահվելու է հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող համապատասխան մասնագետների ուսուցման, վերապատրաստման եւ վերաորակավորման ու անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վերապատրաստման կարգը եւ պայմանները հաստատելու իրավասություն: Լիազոր մարմնի համար ամրագրվում է նաեւ գնահատող մասնագետների ռեեստրի ստեղծման եւ սպասարկման կարգը հաստատելու լիազորող նորմ: Բացառվելու է հնարավոր փաստաթղթաշրջանառությունը, քաղաքացին այլեւս մի գերատեսչությունից մյուս գերատեսչություն չի գնալու:
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն. այս մասին բարձրաձայնել է Լիլիթ Ստեփանյանը: Նրա խոսքով եթե նախկինում համապատասխան դիմումի եւ փաստաթղթերի առկայության դեպքում Միասնական սոցիալական ծառայություն դիմած քաղաքացին ճանաչվում էր հաշմանդամություն ունեցող եւ ստանում առաջին, երկրորդ եւ երրորդ կարգ, ապա ֆունկցիոնալության գնահատման տեսանկյունից այսուհետ գնահատվելու է անձի ֆունկցիոնալության սահմանափակումը, որը, հիմնականում, որակավորվելու է խոր, ծանր եւ միջին տերմիններով:
Կարդացեք նաև
ԱԺ