Աղետի գոտում բնակարանային խնդրի պետական աջակցության ծրագիրն ավարտված է. 5419 շահառու ընտանիքներից 4391 ընտանիքի բնակարանային խնդիրը կարգավորվել է, 28 ընտանիք, որոնք նախընտրել են այլ ծրագիր՝ կդիտարկվեն նախընտրած ծրագրում, այս ծրագրից դուրս մնացած և իրենց իրավունքը բողոքարկած ընտանիքների խնդիրը ևս կարգավորման փուլում է : Այս մասին այսօր ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը՝ «Արմենպրես»-ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Նա հիշեցրեց, որ աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացված վերջին ծրագիրը մեկնարկել է դեռևս 2008թ, երբ ծրագրի շահառու էին ճանաչվել Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում հաշվառված 5419 ընտանիքներ: Շուրջ 70 մլրդ դրամ արժողությամբ ծրագրի շրջանակում, նախորդ տարիներին լուծվել է 5391 ընտանիքի բնակարանային խնդիրը:
«Դեռևս բնակարանային խնդրի լուծման կարիք ունի Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի 28 ընտանիք, ինչպես գիտենք այս ընտանիքները նախընտրել են, որ իրենց բնակարանային խնդիրը դիտարկվի Կապսի ջրամբարի վերաբնակեցման խնդրի լուծման շրջանակում: Այսպիսով` ծրագրում ընդգրկված ընտանիքների բնակարանային խնդիրը կհամարվի ավարտված: Իհարկե, ծրագրի ավարտով դեռևս խնդիր ունենք՝ ծրագրերից դուրս մնացած ընտանիքների մասով: ՀՀ կառավարության ծրագրով սահմանվել է, որ այն ընտանիքները, որոնք ծրագրի ավարտից հետո բողոքարկում և դատական կարգով վերականգնում են իրենց բնակարանային պայմանների բարելավման իրավունքը՝ նրանց բնակարանային խնդիրները լուծվելու են բնակարանի գնման վկայագրի տրման միջոցով, բացառություն կկազմեն գյուղական բնակավայրերում մեկ սենյականոց բնակարանի հավակնող ընտանիքները, որոնց կտրվի 3 մլն. դրամի ֆինանսական աջակցություն»,-ասաց Տանյա Արզումանյանը:
Անդրադառնալով նոր ծրագրին՝ Արզումանյանը նշեց, որ դեռևս 2018 թվականին մեկնարկեց աղետի գոտում տեղադրված ոչ հիմնական շինությունների փաստագրման գործընթացը: «Փաստագրումը արվեց Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում: Փաստագրվեցին շուրջ 7200 ոչ հիմնական շինություններ: Շիրակը և Լոռին հավասարաչափ էին բաշխված՝ յուրաքանչյուրին բաժին ընկավ հիմնական թվի շուրջ 49 տոկոսը և մի փոքր մասը՝ Արագածոտնի մարզին: Ամենածավալունը բնականաբար Գյումրին է, որտեղ ոչ հիմնական շինությունների ընդհանուր թվի շուրջ 40 տոկոսն է կենտրոնացած»,-տեղեկացրեց նա՝ հավելելով, որ այդ ընտանիքների մասին հավաքագրվել է ամբողջական տեղեկատվություն, որը հնարավորություն կտա կառավարությանը սահմանելու մոտեցումներ և պլանավորելու անելիքները:
Կարդացեք նաև
Արզումանյանի խոսքով, կառավարության ծրագրով ամրագրվել է մինչև 2022թ ավարտը իրավական հիմքեր ստեղծել այս ընտանիքների նկատմամբ բնակարանային խնդիրների կարգավորման վերաբերյալ և 2023 թվականին մեկնարկել բուն ծրագրերը:
Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի, որն ավելի քան 25 հազար մարդու կյանք խլեց:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ