Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հերիք է իրենց մեղքերը եւ ձախողումները գցեն միջազգային հանրության վրա»․ Արթուր Խաչատրյան

Դեկտեմբեր 06,2022 13:49

«Վաղը իշխանությունը ներկայացնելու է բյուջեի նախագիծը։ Համեմատած երկու շաբաթ առաջ քննարկված տարբերակի՝ դրանում հանել են «Արցախի հանրապետություն» բառը։ Դա միակ փաստաթուղթն է, որով Արցախին միջպետական վարկ է տրվում։ Ոգեշնչվելով ՀՀ իշխանության՝ Արցախը տալու այս քաղաքականությունից, Ադրբեջանից ամեն ինչ էլ սպասելի է»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ եթե ՀՀ իշխանությունը փաստացի հրաժարվում է «Արցախի հանրապետություն» բառն անգամ օգտագործելուց, Արցախի ինքնորոշումից, ինչո՞ւ ենք կարծում, թե ռուսները պետք է դա մեր փոխարեն անեն։

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ արտահերթ նիստում ընդդիմության հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ՔՊ-ն դեմ է արտահայտվել «ԼՂ հանրապետություն» ձեւակերպմանը, Շուշիի հռչակագիրը դատապարտելուն, ՀՀ-ի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի եւ անվտանգության հանձնառություններն ամրագրելուն։ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը սա պարզաբանելիս պնդել է, որ նման ձեւակերպումները ռիսկային են եւ չեն նպաստում միջազգային կոնսոլիդացիային։

Էդուարդ Աղաջանյանի պնդման վերաբերյալ Արթուր Խաչատրյանն ասաց․ «Ես իրենց էլ եմ հարց տվել՝ ո՞վ է այդ միջազգային հանրությունը (բացի Թուրքիայից)։ Թող միջազգային հանրության գոնե մեկ ներկայացուցչի անուն տան։ Ֆրանսիան, ՌԴ-ն, ԱՄՆ-ն նման բան չեն ասել։ ԵԱՀԿ-ից եւ ՄԱԿ-ից եւս նման բան չկա։ Հերիք է իրենց մեղքերը եւ ձախողումները գցեն միջազգային հանրության վրա։ Նույն բանը ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ասում, որ եթե այսինչ բանը չանենք, միջազգային հանրությունը մեզ չի ների»։

Նկատառմանն ի պատասխան, որ միջազգային հանրությունը «Արցախի հանրապետություն» եզրույթը չի օգտագործում, Արթուր Խաչատրյանն ասաց․ «Որովհետեւ միջազգային հանրությունն ի դեմս ԵԱՀԿ ՄԽ-ի՝ շատ առիթներով, երբ խոսքը վերաբերում էր Արցախում անցկացվելիք հանրաքվեներին եւ ընտրություններին, ասել է, որ Արցախի կարգավիճակը դեռ հստակեցված չէ։ Իրենց առաջարկած մեխանիզմը հանրաքվեն էր, որով կհստակեցվեր Արցախի կարգավիճակը։ Իրենք երբեք չեն ասել, թե չեն ընդունելու Արցախի անկախությունը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031