Այսօր ԱԺ նիստում արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով սահմանվում են նոր կարգավորումներ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց շահերի բախման, նվերների ինստիտուտի վերաբերյալ. «Նախատեսվել է, որ օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կողմից արարողակարգային կերպով տրվող նվերները հաշվառման ենթակա չեն: Սկզբնական տարբերակում նշված էր, որ հաշվառման են ենթարկվելու բոլոր այն նվերները, որոնք, ըստ էության, նախագծին համահունչ պետք է հաշվառվեին, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսպիսի միջոցառումների ժամանակ ունենք հրապարակայնության բաղադրիչը, պաշտոնատար անձանց ծանրաբեռնվածությունը չմեծացնելու համար նախատեսվում է, որ արարողակարգային նվերները հաշվառման ենթակա չեն լինելու»:
Նախատեսվում է նաեւ փոփոխել փոխկապակցված անձանց շրջանակը եւ հանել հետեւյալ անձանց՝ պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ եւ եղբոր զավակները, պաշտոն զբաղեցնող անձի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր զավակի ամուսինները:
Ժամանակին հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հետ փոխկապակցված այս ողջ բարեկամական շղթան ընդգրկվեց, որ բացառվի այսպես ասած «զոքանչի, բաջանաղի անունով» ձեւակերպելու պրակտիկան, հիմա նորից շրջանակը նեղացվում է:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ