Մի քանի օր առաջ պարզվեց, որ Ադրբեջանում նաեւ բնապահպանությամբ են «հետաքրքրված», եւ հիմա բոլոր երգերը երգել ու «մտահոգվել են» Արցախի բնապահպանությամբ։ Իսկ դրա համար պետք էր «մարդասիրաբար» փակել Արցախի կյանքի ճանապարհը:
Նավթարդյունահանման գերշահավետ բիզնեսի նպատակով աշխարհի ամենատես աչքի առաջ Կասպից ծովի հերն անիծելու, Արցախի բնությանը եւ նրա բնակչությանն աղետի առաջ կանգնեցնելու ակնհայտ պարագայում այդ երկիրը բնապահպանական «մուղամներ» է երգում։ Նույնքան ակնհայտ է, կամ, ինչպես ճիշտ բնորոշվում է ռուսերեն հայտնի արտահայտության բառացի թարգմանությամբ, «ոզնուն էլ հասկանալի է», որ իրականում ոչ մի բնապահպանության հարց էլ չկա։ Կա ադրբեջանական հերթական սադրանք, հերթական թատրոն ու հերթական պարզունակ «շուստրիություն», որի իրական թիրախը հայկական Արցախն է։
Օրեր առաջ տեղի ունեցած ադրբեջանական հիշյալ «բնապահպանական» սադրանքը՝ ի դեմս դեպի Հայաստան եկող ճանապարհը փակելու, առայժմ արտաքուստ սուտ «բնապահպանական» խնդիր է, հետո կարող է դառնալ հումանիտար աղետ, հետո՝ հնարավոր ռազմական կոնֆլիկտ, հետո՝ հնարավոր պատերազմ, հետո՝ վերածվել դրա հնարավոր հետեւանքների… Եվ այս ամենը՝ ոչ պատահականորեն հենց դեկտեմբերի 10-ի նախաշեմին. 1991 թ. այդ օրն Արցախի ժողովուրդը հանրաքվեով «այո» ասաց անկախությանը: Արցախի Սահմանադրությունը 2006 թ. նույնպես ընդունվել է դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը փորձում է Արցախի քաղաքացիներին հումանիտար աղետի ենթարկելով եւս մի քայլ անել դեպի սովորական ցեղասպանություն։ Հիշեցնենք, որ Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից ընդունվեց դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի, արժանապատվության եւ ցեղասպանության հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին բանաձեւը… Իսկ ՄԱԿ-ը կարծես թե այնքան էլ չի տեսնում Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների իրավունքների ոտնահարումները:
Ստացվում է, որ խաղաղության կողմնակից մի ողջ միջազգային հանրություն չի կարողանում քաշել խաղաղությանը սպառնացող եւ խաղաղությունը բացառող Ադրբեջանի սանձերը։ Իսկ միգուցե չի՞ ուզում, որովհետեւ կան մշտական շահեր, եւ չկան մշտական բարեկամներ…
Կարդացեք նաև
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: