Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆասթ ֆուդ». քաղցը հագեցնելու արագ տարբերակ, թե՞ փորձություն առողջության համար

Դեկտեմբեր 06,2022 09:30

«Ֆասթ ֆուդ»-ն այն գայթակղությունն է, որին դիմադրելը երբեմն պարզապես անհնարին է դառնում, և ամիսը մեկ-երկու անգամ «կարտոֆիլ- ֆրի» կամ «հոթ դոգ» ճաշակելով մենք դժվար թե անդառնալի վնաս կհասցնենք մեր առողջությանը։ Բայց երբ արագ սնունդը դառնում է քաղցը հանգեցնելու ամենօրյա անփոխարինելի տարբերակ, օրգանիզմի ազդակները նույնպես դառնում են նույնքան արագ՝ ստիպելով վերանայել սննդային սովորությունները։

Ավելորդ քաշ, ճարպակալում

Արագ սնունդը հարմար ու մատչելի է, սակայն իրականում այդպիսի սննդի հաճախակի օգտագործումը շատ թանկ է նստում օրգանիզմի վրա։ Համբուրգերները, կարտոֆիլ ֆրին ու տարատեսակ կոկտեյլները մեծ քանակությամբ ճարպեր, կալորիաներ ու վերամշակված ածխաջրեր են պարունակում, որոնց չարաշահումը կարող է բերել քաշի ավելացման ու ճարպակալման։

Վնասում է սիրտը

Բեկոնով չիզբուրգերները սովորաբար ավելի մեծ քանակությամբ նատրիում են պարունակում, քան օրական անհրաժեշտ է մարդուն, ինչի պատճառով կարող են վնասվել անոթներն ու բարձրանալ զարկերակային ճնշումը։ Նատրիումը բարելավում է արագ սննդի համը՝ միաժամանակ այն վնասակար դարձնելով․ այդպիսի սննդի հաճախակի օգտագործումը մեծացնում է սրտային անբավարարության, սրտի կաթվածի զարգացման վտանգը։

Ավելացնում է շաքարի մակարդակը

Սպիտակ հացաբուլկեղենը մեծ քանակությամբ վերամշակված ածխաջրեր է պարունակում, որոնք արագ շաքարի են վերածվում՝ խթանելով օրգանիզմի կողմից ինսուլինի արտադրությունն ու այդպիսով ծանրաբեռնելով ենթաստամոքսային գեղձի աշխատանքը։ Այդպիսի սննդի չարաշահումը բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը՝ մեծացնելով 2-րդ տիպի դիաբետի զարգացման վտանգը։

Առաջացնում է մարսողական խնդիրներ

Նատրիումի մեծ ու բջջանյութի փոքր քանակություն պարունակող արագ սնունդը կարող է առաջացնել ոչ միայն փքվածություն, այլև մարսողական ավելի լուրջ խնդիրներ՝ փորլուծություն, փորկապություն և այլն։

Ազդում է տրամադրության վրա

Արագ սնունդը զերծ է բավարար քանակությամբ վիտամիններից, հանքանյութերից ու այլ սննդանյութերից, որոնք նշանակալի ազդեցություն ունեն գլխուղեղի առողջության ու տրամադրության վրա։ Այս համեղ սնունդը, թվում է, թե պետք է բարձրացներ մարդու տրամադրությունը, բայց այն կարող է անգամ դեպրեսիայի զարգացման գործոններից մեկը դառնալ։

Հոգնածություն է առաջացնում

Երբ մեծ քանակով վերամշակված ածխաջրեր են հայտնվում օրգանիզմում, արյան մեջ շաքարի մակարդակն արագ բարձրանում է, իսկ այնուհետև նույնքան արագ իջնում է՝ առաջացնելով հոգնածության զգացում։

Ազդում է վերարտադրողական առողջության վրա

«Ֆասթ ֆուդ»-ում պարունակվող ֆթալատներն ու քիմիական այլ միացությունները կարող են առաջացնել վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրներ, վարքի խանգարումներ երեխաների շրջանում։

 

Վնասում է լնդերն ու ատամները

Արագ սննդի, գազավորված ըմպելիքների կազմում առկա ածխաջրերի ու շաքարի բարձր մակարդակը մեծացնում է կարիեսի, լնդերի հիվանդությունների առաջացման հավանականությունը։

Մաշկային խնդիրներ է հարուցում

Շաքարը, աղն ու հագեցած ճարպաթթուները նպաստում են մաշկի ծերացմանը։ Շաքարը նվազեցնում է կոլագենի մակարդակը, աղը ջրազրկում է մաշկը, իսկ հագեցած ճարպաթթուները մեծ դեր են խաղում պզուկների առաջացման գործում։

Ազդում է հիշողության վրա

«Ֆասթ ֆուդի» կազմում առկա տրանս-ճարպերը, հագեցած ճարպաթթուները գլխուղեղի անոթների խցանման պատճառ կարող են դառնալ՝ մեծացնելով թուլամտության, Ալցհեյմերի հիվանդության զարգացման վտանգը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութը տեղեկություններ է պարունակում հետևյալ աղբյուրից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031