Քանի օր է՝ հետևում եմ Հանրապետության հրապարակի շենքերի պատերի վրա արված անցքերի և այլնի մասին գրառումներին։ Առնվազն տարօրինակ է, որ 21-րդ դարում, երբ ամեն ինչ անելու համար տարբեր նորարարական մեթոդներ են գործում, համապատասխան մարմինները հենց այս տարբերակն են ընտրել տուֆակերտ գեղեցկուհուն լույսերով զարդարելու համար: Առավել քան զարմանալի էին պաշտոնյաների մեկնաբանությունները, թե որոշ ժամանակ հետո անցքերը կքողարկվեն, քարերը նախկին տեսքը կունենան:
Ինչո՞ւ հետո հավելյալ ժամանակ ու միջոցներ ծախսել չմտածված քայլերի հետևանքներն ուղղելու համար, դա էլ հարցի մյուս կողմն է: Չենք էլ կարող պատկերացնել, թե ինչ հոգեվիճակում են ճարտարապետներն ու շինարարները, որոնք տարիներ կառուցել են, վերականգնել շինությունը: Որքան գեղեցիկ է մեր Հրապարակը, այն դղրդում էր շքերթների ժամանակ, երբ շարքերով անցնում էին մեր զինվորականներն ու ռազմական տեխնիկան` նրան էլ ավելի խրոխտ ու վայելուչ տեսք հաղորդելով: Այս օրերին ու այս թեմայով իմ զարմանքը մեկ այլ առիթով է: Շատերը դեռ զարմանում են, որ հրապարակի պատերը ծակծկել են, և դա անող մարդկանցից խելամտություն, բայց ամենակարևորը՝ սրտացավություն են ակնկալում։
Մեզանից շատերն, իրոք, շարունակում են ողջախոհություն ու սրտացավություն ակնկալել իշխանությունից, որը մի քանի տարի է, ինչ ամեն օր մեզ ապացուցում է, այն էլ՝ փաստերով, որ սրտացավ չէ, ողջախոհ չէ, հայտնի գրքի վերնագրի պես կիրառում է թքած ունենալու՝ իր դեպքում բնավ ոչ նուրբ արվեստը: Ամեն օր ցույց է տալիս, որ էլ հպարտ քաղաքացիներ չենք: Ինչո՞վ հպարտանանք՝ դանդաղ քայլերով, բայց վստահորեն կործանվող պետությա՞մբ, բանակը կազմաքանդելու գործուն քայլերո՞վ, թե՞ Արցախից հրաժարվելու ակնհայտ քաղաքականությամբ: Թե բա՝ մեխերով ծակծկել են շենքերի պատերը: Երկու տարուց ավելի է, ինչ նման մեխերով ծակծկված են հազարավորների սրտերը, որոնք որդիներ ու ամուսիններ, եղբայրներ ու քույրեր, հայրեր ու մայրեր կորցրեցին պատերազմում։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում