Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվոր՝ թիկունքից. կամավորն իր խրամատում է

Դեկտեմբեր 05,2022 23:46

 «Զգացի, որ ես ուղղակի ուժ չունեմ ու երբ ուժ չեմ ունենում, միանգամից գնում եմ Եռաբլուր։ Գնացի Եռաբլուր, ուժերս վերականգնեցի ու սեպտեմբերի 14-ից անդադար եղել եմ կամավորության». Մանե Մնացականյան

2020 թվականի պատերազմից հետո սեպտեմբերի 13-ի՝ հակառակորդի հերթական հարձակումն ավելի դժվար էր Մանեի համար, ասում է՝ վերջին պատերազմից հետո ամբողջ ապրումներդ նորից վերապրում ես։ Ավելի շատ մտածում էր զինվելու ու պաշտպանելու մասին, քան պաշտպանվելու կամ փախչելու. «Այս հարձակման մասին հենց գիշերն եմ իմացել, գիտակցում էի, որ էլի ունենալու ենք կորուստներ ու գիտակցում էի, որ այդ կորուստները չէին կարող ինձնից հեռու լինել։ Հենց հարձակման օրն էլ գնացել եմ համալսարան, բայց դասերի կեսից իմացա, որ կա կամավորության անհրաժեշտություն, ու վազեցի անմիջապես»։

Այդ օրերին համալսարան չէր գնում, բայց փորձում էր ինքնակրթվել, շարունակել ապրել, անհրաժեշտության դեպքում էլ օգտակար լինել տղաներին։ Երբ ուժասպառ է լինում, օգնության են հասնում սահմանից ուղարկված նամակները, դրանք ուժ են տալիս՝ ապրելու, գործելու։

19-ամյա Մանեի համար կամավորությունը նորություն չէ. տարբեր կազմակերպություններում կամավոր է՝ սկսած 2016 թվականից։ Եթե կարիք է եղել սահման ինչ-որ բան հասցնել, տղաների համար ինչ-որ բան անել, Մանեն ներկա է եղել. «44-օրյա պատերազմի ժամանակ շատ ակտիվ էի, շատ-շատ տեղերում էի կամավոր։ Կարի ֆաբրիկայում վերմակներ, քնապարկեր էինք կարում, ցանցեր եմ գործել, սնունդ ու հագուստ եմ հասցրել Արցախից տեղահանվածներին»։

Այդ օրերի ամենահիշվող դեպքը պատմեց. կամավորության երկրորդ օրը հանդիպել է Գեորգիին՝ 44-օրյա պատերազմից հայտնի «Կրեկեր ուտող զինվորին». «Շատ էի հավանել իրեն, այդ տեսանյութն անընդհատ նայում էի, լացում էի, ուրախանում էի՝ սպասելով, որ գա, հանկարծ չզոհվի, մի բան չլինի, որովհետև, ճիշտ է, իրեն իրականում չէի ճանաչում, բայց ինձ համար անտանելի ցավոտ կլիներ, որ տղեն, ով պատերազմի դաշտից մեզ դուխ ա տալիս, հանկարծ չվերադառնա»։

Ծանոթանում են, սոցիալական էջերով փոխանակվում, ու Գեորգին նկատում է Մանեի նամակները, որ պատերազմի ժամանակ էր գրել. «Գրել էի, որ Դուք իմն եք ու ես հպարտ եմ, որ Ձեզ ունեմ, խնդրում եմ զգույշ եղեք, Ձեզ հաջողություն, հաղթանակով վերադառնաք, որ իրար հետ կրեկերներ ուտենք, բայց կյանքում չէի մտածի, որ Գեորգին նամակը կկարդա հենց իմ կողքին նստած։ Իր ռեակցիան ինձ շատ ուրախացրեց, ես և՛ ամաչում էի, և՛ ուրախանում էի, շատ էի շփոթված։ Այդ ապրումներն այդ օրերի ամենալուսավոր կետն էին»։

«Ես ինձ ճանաչելով մի բան կասեմ. եթե այնպես ստացվեր, որ իրերն անձամբ տանեի սահման, տայի տղերքին, հետ չէի գալու, մնալու էի իրենց հետ՝ առանց վայրկյան մտածելու». Էդուարդ Առուստամյան

 

Սահմանին չէր, բայց թիկունքում էր Էդուարդը։ Սեպտեմբերի 13-ին տարբերակներ էր փնտրում՝ սահման գնալու։ Չկարողացավ գնալ, բայց ասել է՝ կարիքը լինի վազելով կգնա, միայն թե իրեն տեղյակ պահեն։ Էդուարդին ճանաչողները կհաստատեն՝ չի վախենում. «Այդ օրերին չկարողացա սահման գնալ, բայց միացա կամավոր երիտասարդներին։ Իրենց հետ գիշեր-ցերեկ աշխատում էինք, որ հնարավորինս շուտ տղերքին առաջին անհրաժեշտ իրերը հասցնեինք»։

Կամավորությունը Էդուարդի համար ևս նորություն չէ, միշտ է արել, հատկապես երբ հարցը վերաբերում է սահմանին կանգնած հայ զինվորին։

Մի զինվոր էլ ինքն է, 44-օրյա պատերազմի մասնակից է. «Առաջին իսկ վայրկյանից կամավորագրվել եմ, բայց չէին կանչում, իսկ ես ձեռքերս ծալած չկարողացա նստել, և ինչպես այդ մի քանի օրը, այնպես էլ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Երևանի կենտրոնում կամավոր երիտասարդներին միացա։ Հոկտեմբերի 2-ին էլ զինկոմիսարիատից զանգեցին, և ես նույնպես միացա մեր զինվորներին»։

Անդադար կամավորությունը չի հոգնեցնում. իրենք մեկ նպատակի համար են հավաքվել, հետևաբար դժվարություն չի կարող լինել։ Այդ օրերին չի ստացվել իրերն անձամբ հասցնել տղաներին, բայց փաթեթների հասնելուն պես տղաներն են զանգել, զրուցել։ Յուրաքանչյուր կամավոր մի նամակ է թողել փաթեթի վրա, կողքին էլ՝ հեռախոսահամարը. «Մի ծխախոտի վրա գրել էի՝ արի, որ հարսանիքիդ արարողությունը նկարեմ։ Զինվորներից մեկը զանգել էր, կապը պահում եմ հետը»։

Լուսանկարիչ է Էդուարդը։ Այդ մասին ուշ իմացա։ Ասում է՝ ինքն է մեղավոր. ժամանակին մարդիկ առանց հարցնելու գիտեին. այնքան էր լուսանկարում, էլ ասելու չի. «Կարոտել եմ այն պահերը, երբ Հյուսիսային պողոտայով քայլում էի, ծանոթ մարդիկ էի տեսնում կամ պատահական նկարներ անում, սիրուն կերպար էի տեսնում, առաջարկում էի լուսանկարել։ Կարոտել եմ այն անծանոթ հայացքները, որ ամաչում էին մոտենալ, բայց զգում էի, որ ուզում են լուսանկարվել, ես էի մոտենում, առաջարկում»։

Կամաց-կամաց վերադառնում է սիրելի աշխատանքին, բայց դա չի խանգարում շարունակել սկսած գործը. Երևանի կենտրոնում մարդկանց է լուսանկարում, հավաքված գումարով անհրաժեշտ իրեր գնում, սահման ուղարկում։

«Ծառայած մարդու համար դժվար բան չկա, համենայն դեպս ՝ ոչ անհնարին։ Չէի զգում ոչ մի դժվարություն, ընտանիք էինք դառել, հուսով եմ կապը կպահպանենք». Նարեկ Այվազյան

Լուսանկարչական տեխնիկան ձեռքին սեպտեմբերի 13-ից կամավորության էր, որ ազատ ժամանակ թիմային աշխատանքը լուսանկարեր, հետո տրամադրեր կազմակերպիչներին։

«Սեպտեմբերի 15-ին եկա տուն, տեխնիկաս թողեցի տանը, որ լիարժեք կամավորական աշխատանք կատարեմ»։ 24 ժամ անընդմեջ աշխատանքից հետո 2 անգամ կարճ ժամանակով է տուն գնացել։ «Ամեն կերպ օգնում էինք իրար, որ ոչ մի նեղվածություն, հոգնածություն չլիներ դիմացինի մոտ, առաջին օրով մեկս մեկին քույր կամ եղբայր էինք համարում անկեղծ։ Շատերը գալիս, ասում էին՝ սուրբ գործ եք անում, մարդկանց ամեն մի չնչին, ուրախացնող խոսք մեզ ուժ ու ոգևորվածություն էր տալիս»։

Ամենատպավորիչ դեպքը հիշեց, երբ անծանոթ մեկը ամբողջ օրը նվագել է։ Թիմում մտածել են՝ իր անձնական գումարն է աշխատում, բայց գումարը հավաքել ու փոխանցել է կամավորներին. «Ու այդ մարդն ամեն օր գալիս էր»։

2019-2021 թվականներին Նարեկն ինքն էլ ծառայել է Քարվաճառում։ Պատերազմի ժամանակ կամավորների ուղարկած ամեն բան հասնում էր սահման։ Հիմա էլ իր հերթն էր. «Երբ ես էի ծառայում, ամեն բան հասնում էր, այնքան շատ էր, որ տեղ չէր լինում։ Ինչքան հավաքում էինք, էլի գետնին էր թափվում»։

Զինվորներին հասած ամեն փաթեթի մասին ինքը պետք է իմանար, տղաների հետ անձամբ կապ չի ունեցել, բայց զանգել, խոսել են ընդհանուր, իսկ բոլորի համար Նարեկը մի բան է կամենում. «Սիրեք միմյանց, սերն է փրկելու աշխարհը։ Խաղաղություն ամենքիս ու ամենուր»։

Գիրք գրեցի 70 հերոսների կենսագրությամբ ու մարտական ուղիով, կոչվում է «Երկնքի ժպիտները». Անի Կարապետյան

Երբ ապրիլյան քառօրյա պատերազմը սկսվեց, Անին 17 տարեկան էր, այսօրվա պես հիշում է՝ Մաշտոց պուրակում ինչպես էին դեղորայք հավաքում տղաների համար։ Հետո եկավ 44-օրյա պատերազմը, որին մասնակցում էին Անիի եղբայրը, քեռին ու ընկերը՝ Դավիթը Մեհրաբյան, ով պատերազմից տուն չվերադարձավ:

«Առաջին իսկ օրվանից սկսեցինք անհրաժեշտ իրերը հավաքել մինչև նոյեմբերի 15-ը։ Պատերազմն ավարտվել էր, բայց մենք շարունակում էինք թե՛ արցախցիներին տեղավորել, թե՛ տղաներին փաթեթներ ուղարկել»։

Քանի որ լրագրող է, որոշել է զոհված զինծառայողների մասին լուսաբանել. «Քանի որ շատ քչերին են անդրադառնում, որոշեցի գիրք գրել 70 հերոսների կենսագրությամբ ու մարտական ուղիով։ Գիրքը կոչվում է «Երկնքի ժպիտները»։ Այժմ գրքի երկրորդ հատորի վրա եմ աշխատում»։

Այս տարիների հիշողությունները շատ-շատ են, անգամ չի կողմնորոշվում՝ որը պատմի։

Հակառակորդի վերջին հարձակումից երկու օր անց՝ սեպտեմբերի 15-ի առավոտյան Գեղարքունիքի մարզ, հոկտեմբերին՝ Սյունիքի մարզ են այցելել։ Սահման են տարել իրենց նախաձեռնությամբ հավաքագրված իրերն ու պարային անսամբլներից մեկի կողմից ուղարկված տաք հագուստը։ Ամենահիշվողը թերևս զինվորների ժպիտներն են եղել. «Տղաներին եմ տեսել ու իրենց ժպիտը ֆիքսել, գրկում էին, ասում էին շնորհակալություն։ Հետո մի օր էլ հասնում ենք Սիսիան ու զանգերը տղերքի, որ բոլորը շնորհակալ են, որ իրենց կողքին ենք։ Գիշերները մնում էինք Հյուսիսային պողոտայում, այդ ընթացքում տարբեր մարդկանց էինք հանդիպում, պահ էր գալիս, որ երգում էին հատուկ տղերքի համար։ Էնքան շատ են հիշողությունները, չգիտեմ՝ որը պատմեմ»։

Անին խմբի կազմակերպիչներից է, ասում է՝ խմբում այնքան լավ մթնոլորտ է ստեղծվել, որ տարաձայնություններ չեն առաջանում, իսկ խմբի գործունեության մասին Պաշտպանության նախարարությունից տեղյակ են. «Պն-ն հաստատում է, որ ամեն ինչ կա, բայց մեր կողքի աջակցությունը իրենց չի խանգարի, մենք օգնում ենք պետությանը»։

Նրանց գործունեությունն այսքանով չի սահմանափակվում. ոչ միայն Քառօրյա պատերազմի ժամանակ, ոչ միայն 44-օրյա պատերազմի ժամանակ, կամավորների ներկայությունը թիկունքում միշտ կա։ Նրանք միշտ պատրաստ են՝ նոր մտքերով, նոր ծրագրերով։

Հիմա էլ մի քանի ծրագրերի վրա են աշխատում, աջակցում են թե՛ վիրավոր զինծառայողներին, թե՛ զոհված զինծառայողների ծնողներին։ Շուտով նաև ՀԿ կբացեն. «Դուք թիմի աշխատանքի կեսն եք տեսնում։ Միշտ չէ, որ ամեն ինչ պետք է բարձրաձայնել»։

Քնարիկ Վարդանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031