Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 25-ին Վանաձորում միջադեպ էր տեղի ունեցել պարեկային ծառայության աշխատակիցների ու քաղաքացիների միջեւ: Ինչի արդյունքում 3 քաղաքացիներ, որոնց թվում էր նաեւ 1 անչափահաս երեխա, տեղափոխվել էին Վանաձորի բժշկական կենտրոն:
Տուժողներից Ռադիկ Ավետիսյանը պատմում էր, որ ինքը չգիտի, թե ի՞նչն է եղել պատճառը, որ պարեկները սկսել են իրենց հետ վիճել ու խփել: Ասում է՝ ինքն արհեստանոցում աշխատելիս է եղել, երբ նկատել է, որ պարեկային ծառայության աշխատակիցները վեճի են բռնվել եղբոր ու տղայի հետ. «Տեսա մի 7-8 էկիպաժ պարեկներից եկան կալոնկա: Երեխան ասթմա ունի, աչքերի հետ խնդիրներ ունի: Իրեն մի քանի անգամ կոմայից ենք հանել: Էն տեսա, որ երեխի վրա գազ են փչել, ու մի 4 հոգով ծեծում են: Դրանից հետո ես չեմ հիշում, թե ինչ եմ արել ու ոնց եմ արել: Ու հետո ինձ էլ են խփել՝ գլուխս ասֆալտով, կողերս էլ է ջարդած, ոտքերս եւ այլն: Մի 30 հոգով մեկ գազ էին փչում, մեկ՝ խփում: Երեխեն էլ ասում էր՝ հիվանդ եմ, ինձ մի խփի, էլի խփում էին»:
Մինչ օրս դեռեւս դեպքի հանգամանքները չեն պարզվել: Գործով ձերբակալված անձիք նույնպես չկան:
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն անդրադարձել էր Վանաձորում պարեկների եւ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած միջադեպին: Նա, մասնավորապես, նշել էր, որ խոսակցությունները, թե պարեկները խոշտանգել են քաղաքացիներին, առերեւույթ չի համապատասխանում իրականությանը։ Տվյալ պահին հարուցվել է քրեական վարույթ, որի արդյունքում բոլոր հանգամանքները պարզ կլինեն. «Հակիրճ ասեմ, որ այնտեղ նույնիսկ հակառակ պրոցեսն է տեղի ունեցել՝ քաղաքացիների կողմից են եղել ոչ օրինաչափ գործողություններ: Տեսագրությունները, եթե դիտել եք, այնտեղ կտեսնեք, որ քաղաքացիներն են նույնիսկ մետաղական ձողերով վնասվածքներ հասցնում պարեկային ծառայողներին»,- ասել էր Ֆիդանյանը:
Կարդացեք նաև
Թեմայի շուրջ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար, փորձեցինք զրույցել նաեւ պարեկային ծառայության Լոռու մարզային գումարտակի ղեկավար Արմեն Բեժանյանի հետ. «Գործը նախաքննության փուլում է: Յուրաքանչյուր ոք ցուցմունք տվել է: Այս պահին ավելին ասել չեմ կարող», -խոսքը եզրափակեց ոստիկանության մայորը, նշելով, որ այս պահին այլ մարամասներ հայտնել չի կարող:
Իսկ մինչ այդ, փոխոստիկանապետը նշել էր, որ դեպքի օրը քաղաքացիների կողմից վնասվածքներ են ստացել պարեկային ծառայության 2 աշխատակից:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ