Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանացի երիտասարդը Գյումրի ոտք դնելուն պես՝ սկսել է սովորել հայերեն․ նշվեց կամավորների տոնը (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Դեկտեմբեր 05,2022 21:31

Այսօր ողջ աշխարհում նշվում է կամավորների միջազգային օրը, որը հաստատվել  է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի կողմից, եւ 1985 թվականից հանդիսանում է միջազգայնորեն հիշատակելի օր։

Գյումրին ևս անմասն չմնաց այս տոնից։

«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» Հ/Կ-ն, որը տարածաշրջանում կամավորների (այդ թվում՝ միջազգային կամավորների) ամենամեծ թվաքանակն ունեցող կառույցներից է, իր երախտիքը հայտնեց ողջ տարվա ընթացքում համայնքի ու հասարակության զարգացման գործում մեծ ներդրում ունեցած երիտասարդներին, նրանց  շնորհակալագրեր ու պատվոգրեր  հանձնեց։

ԵՆԿ ծրագրերի ղեկավար, կամավորական ծրագրերի պատասխանատու Մարիամ Ղարագյոզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կորոնավիրուսային համավարակի տարածումից հետո միջազգային կամավորների հոսքը Հայաստան դադարել էր, սակայն  2021 թվականից ծրագրերը վերսկսվել են։ Այս ընթացքում, ըստ մեր զրուցակցի, տարբեր կամավորների են հյուրընկալել Եվրոպայի տարբեր երկրներից՝  Ֆրանսիայից, Էստոնիայից, Գերմանիայից՝ «Եվրոպական Համերաշխության կորպուս ծրագրի» շրջանակներում։

Գյումրիում հյուրընկալված կամավորներից մեկն էլ  19-ամյա Նիլս Ֆրեդրիխն է։ Երիտասարդը Գյումրի է եկել երեք ամիս առաջ՝ Գերմանիայի  Ֆրանկֆուրտ քաղաքից։ Նա  սկսել է դասավանդել օտար լեզուներ՝ Գյումրու 3-րդ դպրոցում և «Ֆոտոն» վարժարանում՝ գերմաներեն, իսկ «Աստեր» մանկական զարգացման կենտրոնում՝ անգլերեն, աշխատում է նաև  «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում, այստեղ գերմաներենի ակումբն է վարում, նաև Եվրոպական ակումբը, պարբերաբար միջոցառումներ է կազմակերպում՝ ներկայացնելով եվրոպական որևէ երկրի մշակույթը։

Նիլսը երեխաների ու պատանիների հետ շփվելիս՝ իր հերթին սովորում ու փորձարկում է իր հայերենը․ Գյումրի ոտք դնելուն՝ սկսել  է ուսումնասիրել  հայերեն։ Նա մեզ դիմավորում է  լայն ժպիտով և բարևում բավական պարզ հայերենով․ «Բարև ձեզ, ինչպե՞ս եք, լա՞վ եք» ու շարունակում է հայերենով պատմել, որ ինքը Գերմանիայից է, աշխատում  ու ապրում է Գյումրիում։ Եթե հայերենով անծանոթ մի բառ ես արտաբերում, Նիլսն անմիջապես  ճշտում է՝ հարցնելով «ի՞նչ ասացիք»։

Նիլս Ֆրեդրիխը պատմում է, որ հայերենի ուսուցիչ ունի,  թեև մեծ մասամբ փորձում է սովորել ինքնուրույն՝ ամենօրյա շփումների շնորհիվ՝ տարբեր  իրավիճակներով պայմանավորված, ասենք՝ խանութից  գնումներ կատարելիս, տաքսիով աշխատավայր հասնելիս։ Ըստ մեր զրուցակցի, երիտասարդների հետ աշխատելիս, դպրոցում դասավանդելիս նույնպես զարգացնում է իր լեզվական հմտությունները։

Թե ինչո՞ւ որոշեց Հայաստան գալ՝ Նիլսը նշում է, որ ցանկանում էր կամավորական աշխատանք կատարել,  բացահայտել տարբեր մշակույթներ, այդ պատճառով էլ  ընտրեց այս հիասքանչ երկիրը. «Առաջին անգամն է, որ ապրում եմ իմ հայրենիքից հեռու ու  ինքնուրույն։ Սիրում եմ Հայաստանը, շատ տպավորված եմ, հատկապես՝ մարդկանցով, նոր փորձ եմ ձեռք բերել։ Երեք ամսվա ընթացքում դպրոցում, համալսարանում ու մանկապարտեզում անգլերեն ու գերմաներեն դասավանդելով՝  իսկապես  մեծ բավականություն եմ ստացել»,-ասում է  գերմանացի կամավորը։

Նա հասցրել  է Գյումրիում ընկերներ ձեռք բերել, սիրել հայկական խոհանոցը։ «Ինձ իսկապես դուր է գալիս հայկական խոհանոցը, տարբեր կերակրատեսակներ եմ սիրում, չեմ կարող անվանական թվարկել», -ասում է մեր զրուցակիցը։

Ըստ նրա, Գյումրիում հրաշալի մարդիկ կան։ «Գյումրիում իսկապես լավ մարդիկ կան, ընկերացել եմ անցած շաբաթների ընթացքում,  նրանց հետ շաբաթ-կիրակի օրերին սրճարաններ, ռեստորաններ եմ գնում։ Ինձ դուր է գալիս հայերի հետ ընկերակցությունը։ Երբ մտնում եմ խանութ, ինձ հարցնում են՝ ինչպե՞ս ես, հարցուփորձ են անում, հայերեն խոսում»,-պատմում է Նիլսը։

Նա Հայաստան է եկել մեկ տարի ժամանակով, կվերադառնա Գերմանիա՝եկող սեպտեմբերին։

ԵՆԿ ծրագրերի ղեկավար, կամավորական ծրագրերի պատասխանատու Մարիամ Ղարագյոզյանն էլ մեզ հետ զրույցում նշում է՝ «Եվրոպական Համերաշխության կորպուս ծրագրի»  պահանջներից է, որ Հայաստան հյուրընկալվող կամավորները սովորեն տվյալ երկրի լեզուն։ «Հենց օտարերկրացի կամավորների ենք հյուրընկալում, ծրագիրը պահանջում է, որ իրենք պիտի ունենան հայերեն լեզվի ուսուցման դասընթացներ։ Մենք կազմակերպում ենք այդ դասընթացները իրենց՝ Հայաստանում գտնվելու ողջ ընթացքում, հատուկ ուսուցիչ ունենք, որը փորձառություն ունի կամավորներին հայերեն սովորեցնելու։ Կամավորներ  կան, որոնք շատ են ոգևորվում ու անընդհատ զարգացնում են լեզուն, կան կամավորներ, որոնք սովորում են, որովհետև լեզուն իրենց անհրաժեշտ է, ապրում են  այդ համայնքում և  լեզուն հենց հաղորդակցության համար շատ կարևոր է։  Ունեցել ենք կամավորներ, որոնք գիտելիքների որոշակի պաշարով  են եկել Հայաստան, այնքան հետաքրքրված են եղել, որ նախապես ուսումնասիրել են խոսակցական հայերենը, տարրական բառերը։ Մենք սկսում ենք նվազագույնից՝ տառերի ուսուցումից,  այբուբենից, փորձում ենք նաևշեշտադրել իրենց հաղորդակցումը, որպեսզի համայնքում ավելի լավ զգան իրենց»,- ասում է Մարիամ Ղարագյոզյանը։

Նա նաև նշում է, որ այս ծրագիրը կարևոր է զբոսաշրջությունը զարգացնելու առումով․ շատ հաճախ կամավորների հարազատները, բարեկամները, ընկերներն այցելում  են Հայաստան՝ նախ իրենց հարազատին տեսակցելու ու Հայաստանը՝  որպես զբոսաշրջային երկիր, բացահայտելու։ Վերջին հյուրերը եղել են ԵՆԿ-ի  ֆրանսիացի կամավորի ծնողները, որոնք շրջագայել են մեր ողջ երկրով՝անչափ սիրելով Հայաստանը։ «Մեր կամավորների ներկայությունը մեծ քանակով զբոսաշրջիկների է բերում մեր երկիր»,-ասում է Մարիամ Ղարագյոզյանը։

Վերջինս  նաև ասում է,  որ ԵՆԿ-ն ձեռք է բերել որակի  հավաստագիր «Եվրոպական Համերաշխության կորպուս ծրագրի»  մարդասիրական կամավորության շրջանակներում, որը հնարավորություն է տալիս 18-35 տարեկան մասնագետների, տարբեր ոլորտների փորձագետների հյուրընկալվել իրենց կազմակերպությունում ու մեկ տարի ժամկետով աշխատել։

«Մենք առաջիններից ենք, որ հյուրընկալում ենք այդ կամավորներին, արդեն երկու կամավոր ունեցել ենք Սլովակիայից և Իսպանիայից։ Մեկը եղել է առողջապահության ոլորտի փորձագետ, մյուսը՝ սոցիալական ձեռնարկատիրության մասնագետ։ Առողջապահության ոլորտում մեր կամավորն իրականացնում էր վերապատրաստումներ, դասընթացներ երիտասարդական աշխատողների  և երիտասարդների համար տարբեր թեմաներով՝ առողջ ապրելակերպ, ճիշտ սնվել, առաջին օգնություն»։

Մարիամ Ղարագյոզյանի  տեղեկացմամբ՝  «Եվրոպական Համերաշխության կորպուս ծրագրի» շրջանակներում հայ երիտասարդները ևս մեկ տարի ժամկետով մեկնում են Եվրոպական տարբեր երկրներ՝ կամավորական աշխատանքի։ «Այս պահին ունենք կամավորներ Իտալիայում, Իսպանիայում, Էստոնիայում, Լեհաստանում։ Հայ կամավորների մի մասն աշխատում է երիտասարդական կենտրոններում, որտեղ տարբեր միջոցառումներ են կազմակերպում երիտասարդների համար՝ կրթական ու մշակութային ծրագրեր են իրականացնում, դասավանդում են հայերեն, հայկական մշակույթն են ներկայացնում»-, ասում է մեր զուցակիցը։

Հայ կամավորներից ոմանք էլ աշխատում են ամառային ճամբարներում, գրասենյակներում, համալսարաններում՝ որպես  կրթական ու մշակութային միջոցառումների կազմակերպիչներ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031