Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում աղքատության մակարդակը գերազանցում է 40-50 տոկոսը. տնտեսագետ

Դեկտեմբեր 05,2022 18:03

Հայաստանում աղքատության մակարդակը գերազանցում է 40-50 տոկոսը, այն կապ չունի պաշտոնապես հրապարակված ցուցանիշների հետ, առհասարակ ես չեմ վստահում պաշտոնական վիճակագրությանը. Aravot.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Մանիպուլյատիվ ձևերով, կենսաթոշակը 2300-3000 դրամով բարձրացրեցին, ոնց որ էդ զանգվածի աչքին թոզ փչեն: Այս մարդիկ, որ առանց այն էլ մի կերպ էին ապրում, այս բարձրացումով զրկվեցին նպաստի ռեժիմից: Այդ մարդիկ, ինչ-որ ձևով իրենց գոյությունը պահպանում են ու նրանք արդեն վաղուց ոչ թե աղքատներ, այլ ծայրահեղ աղքատներ են: Հիմա, երբ մեր հանրապետության ռացիոնալ, իրական հատվածում հավելյալ արժեք, եկամուտ, նոր աշխատատեղեր չի բացվում՝ ինչպե՞ս կարելի է խոսել աղքատության նվազման մասին»,-նշեց տնտեսագետը:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած «Աղքատության պատկերը Հայաստանում 2009-2021թթ.-ին» զեկույցի համաձայն՝ ըստ աղքատության միջին գծի աղքատության մակարդակը 2021թ.-ին կազմել է 26.5% և նախորդ տարվա 27.0%-ից նվազել է 0.5 տոկոսային կետով, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 1.5%՝ 2020թ.-ի 0.7%-ի համեմատ արձանագրելով աճ 2.1 անգամ: Հիշեցնենք, որ այս մասին հայտնեց նաև Նիկոլ Փաշինյանը կառավարության նախորդ նիստում: Նրա կարծիքով, 2020 թվականին, կորոնավիրուսի հակաճգնաժամային միջոցառումների խիստ հասցեականության շնորհիվ, ծայրահեղ աղքատությունը կիսով չափ կրճատվել է:

Տնտեսագետները, սակայն բոլորովին այլ կարծիքի են, նրանք առհասարակ չեն ցանկանում խոսել կառավարության տնտեսական քաղաքականության և վիճակագրական կոմիտեի հրապարակած որևէ ցուցանիշի մասին: Տնտեսագետներից երկուսը, որոնց դիմեցինք, առհասարակ հրաժարվեցին մեկնաբանություն տալ՝ բացատրելով, որ մասնագիտական հիմնավորումներ չկան վարվող տնտեսական քաղաքականության հիմքում: «Այս տարի գյուղատնտեսության ոլորտի, գյուղմթերքների մթերման-արտահանման խնդիրը չափազանց լուրջ էր, հավանաբար դա կարող էր նաև նպաստել աղքատության ցուցանիշի վրա». մեկ-երկու բառով բացատրեց տնտեսագետներից մեկը՝ չցանկանալով ընդլայնվել:

2019 թվականից աղքատության ցուցանիշը նոր մեթոդաբանությամբ է հաշվարկված․ վիճպետկոմիտեի տվյալների համաձայն՝ «2021թ.-ին Հայաստանի տնտեսությունը աճել է 5.7%-ով, իսկ սպառողական գների ինդեքսը՝ 7.2 %-ով: Արդյունքում աղքատության մակարդակի էական փոփոխություն չի արձանագրվել: 2021թ.-ին աղքատության մակարդակը, հաշվարկված ըստ աղքատության միջին գծի, վիճակագրորեն նշանակալի փոփոխության չի ենթարկվել, բացառությամբ ծայրահեղ աղքատության մակարդակի: Աղքատության գծի տարեկան փոփոխության նկատմամբ, որպես կանոն, առավել զգայուն է ծայրահեղ աղքատության մակարդակի, քան աղքատության ընդհանուր մակարդակի փոփոխությունը, ինչը վկայում է այն մասին, որ բնակչության կենտրոնացումն աղքատության ծայրահեղ գծի շուրջ 2020-2021թթ.-ին ավելին էր, քան աղքատության ընդհանուր (միջին) գծի շուրջ»:

Վարդան Բոստանջյան

Վարդան Բոստանջյանի խոսքով, ներկայումս հանրապետությունում ռացիոնալ, իրական հատվածում հավելյալ արժեք, եկամուտներ չի ստեղծվում, նոր աշխատատեղեր չեն բացվում, հետևաբար ինչպիսի մեթոդաբանությամբ էլ հաշվարկեն, միևնույն է՝ հնարավոր չէ աղքատության ցուցանիշի նվազում արձանագրել: «Միայն գյուղատնտեսական ապրանքների մթերումներով բազմաթիվ խնդիրներ կան, ինչպես կարող է պետության մեջ մշակված բերքի մթերման խնդիր առաջանա, եթե ասենք, ինչ որ մեկն ավելի մատչելի գներով ուրիշ տեղից այդ մթերքից չի ներկրում: Ամբողջ խնդիրը պետական կառավարման մեջ է, որի հետևանքով ոչ միայն կասեցվում, խոչընդոտվում է տնտեսության զարգացումը, այլ նաև անհնարին դարձվում քաղաքացու ապրելու հնարավորությունը: Ցանկացած երկրի հաջողությունը կապված է պետական կառավարման համակարգի արդյունավետության հետ, իսկ այսօր մեր պետական համակարգի արդյունավետության մասին խոսելն անիմաստ է»,-ասաց տնտեսագետը:

Երբ հիշեցրեցինք, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն հայտարարությունը, թե տնտեսական ակտիվությունն աճել է 14.1 տոկոսով, բայց տարեվերջին կարող է աղքատության ցուցանիշն ավելի բարձրանալ, քանի որ գնաճը շատ բարձր է՝ Վարդան Բոստանջյանն ասաց. «Տնտեսական ակտիվության ցուցանիշը նոր բարիք չի ստեղծում, պարզապես այդ պարագայում շրջանառության մեջ գտնվող ֆինանսական ռեսուրսն է շատանում, բայց այդ՝ ֆինանսական միջոցները երբեք չեն հայտնվում հասարակ մարդկանց գրպանում: Նախարարը հետաքրքիր մարդ է, ինքը բացարձակապես չի հասկանում մոլորակի կլորությունից, ինքն էր, չէ՞, որ ասում էր պատերազմական վիճակ, կրակոց, դրանք լավ են երկրի համար, էս մարդուց էլ ի՞նչ եք ուզում: Դե պատկերացրեք, պետական կառավարման համակարգում գտնվում են իր նման մարդիկ, և այս ամենի արդյունքում ուզում եք հաջողություննե՞ր գրանցենք, բացառված է»,-ավելացրեց պարոն Բոստանջյանը:

Երբ մեջբերեցինք ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրից» մի հատված, համաձայն որի՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչև 2026 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը՝ տնտեսագետը ժպտաց. «Այս 4 տարվա կառավարության ծրագրերում անվնաս, ականջահաճո կենացներ են, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն: Հիշու՞մ եք, ԲՏԱ մի նախարար կար, ասում էր փետրվարի 31-ին , ուրեմն դա չի էլ իմանում, որ փետրվարը 31 օր չունի, նա ասում էր, որ 2030-ին կգնանք Մարս մոլորակ, թող ասեն, էլի, մարդամեկն ասում էր Հայաստանի բնակչությունը կլինի 5 մլն, մարդը մյուսը, թե Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կլինի աշխարհի չեմպիոն: Կարելի է ասել, թող ասեն, էլի, ինչ կա որ, ով կհավատա, թող հավատա»:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031