Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրջինիա Ապգար․ հայկական արմատներով կինը, որը մշակեց մինչ օրս հազարավոր նորածինների կյանքեր փրկող սանդղակը

Դեկտեմբեր 05,2022 22:35

Ապգարի սանդղակի մասին մեզնից շատերն իմանում են իրենց կյանքի ամենակարևոր պահերից մեկի՝ երեխայի ծննդի ժամանակ։ Գուցե հուզիչ այդ րոպեներին ծնող դառնալու բերկրանքը թույլ չի տալիս մտածել թվերի մասին, սակայն բուժանձնակազմի համար հենց այդ պահերին Ապգարի գնահատման համակարգը կարևորագույն ուղեցույցներից մեկն է լրջագույն որոշումներ կայացնելու համար։

Այս սանդղակը, որն ամեն օր աշխարհում բազմաթիվ երեխաների կյանքեր է փրկում, հեղինակել է հայազգի Վիրջինիա Ապգարը՝ հանճարեղ բժիշկ, հրաշալի ջութակահարուհի, պարզապես խիզախ մարդ։

Վիրջինիա Ապգարը ծնվել է 1909 թվականի հունիսի 7-ին ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ուեսթֆիլդ քաղաքում հայ գաղթական Չարլզ Էմորի Ապգարի ընտանիքում։ Ընտանիքի ապրուստի միջոցները շատ սուղ էին, նրանք հազիվ էին ծայրը ծայրին հասցնում, սակայն դա ամենևին էլ չէր խանգարում ընտանիքի հորը զբաղվել գիտությամբ ու գյուտարարությամբ․ Չարլզ Ապգարը երեխաների հետ ժամեր էր անցկացնում իրենց տան նկուղում ստեղծած արհեստանոց-լաբորատորիայում, իսկ ձեղնահարկում նրանց էր սպասում ինքնաշեն աստղադիտակը։ Քիմիան, աստղագիտությունը և կրթությունն առհասարակ նրանց ընտանիքի առաջնահերթություններից էին։

Ընտանիքում գիտությունից զատ մեծ տեղ ուներ նաև երաժշտությունը․ Վիրջինիայի հայրը տաղանդավոր երաժիշտ էր, որն իր սիրով վարակել էր նաև որդիներին ու կրտսեր դստերը, սակայն այս պայծառ ու արտասովոր ընտանիքի համար նախախնամությունը մեծ փորձություններ էր պատրաստել։ Վիրջինիայի եղբայրները ծանր հիվանդանում են, և ավագ եղբայրը մահանում է տուբերկուլոզից՝ խորը ցնցում առաջացնելով աղջկա հոգում։ Գուցե հենց այդ ժամանակ էլ Վիրջինիան որոշում է դառնալ բժիշկ ու մարդկային կյանքեր փրկել։

Վիրջինիա Ապգարը՝ եղբոր՝ Լոուրենսի հետ

Հատկապես այդ ժամանակներում առանց գումարի շատ բարդ էր բժշկական համալսարանում սովորելը, ուստի դպրոցից հետո Վիրջինիան կրթությունը շարունակում է քոլեջում՝ ուսումնասիրելով «կենդանաբանություն» մասնագիտությամբ։ Ջութակ նվագելու հմտությունը նրա համար շատ օգտակար է լինում, քանի որ երիտասարդ շնորհալիներին փոքրիկ կրթաթոշակ էր հասնում։ Հենց այդ կրթաթոշակի միջոցով էլ Ապգարը թեև դժվարությամբ, բայց վճարում էր իր ուսման ու կեցության ծախսերը. կրթության ընթացքում էլ համաձայնում էր կատարել ցանկացած աշխատանք՝ միայն թե կարողանա իրականացնել իր նվիրական երազանքը։

1929 թ․-ին՝ Մեծ դեպրեսիայի նախօրյակին Վիրջինիան վերջապես կարողանում է իրականացնել այն՝ ընդունվելով Կոլումբիայի համալսարանի թերապիայի և վիրաբուժության քոլեջը։ Սակայն վերահաս ճգնաժամի պատճառով Ապգարը զրկվում է նաև ֆինանսական սուղ միջոցներից՝ կրթության վերջում մի քանի հազար դոլար պարտք կուտակելով։

Ապգարի առաջին աշխատավայրը հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքն էր, որտեղ, չնայած անթերի աշխատանքին, շատ դժվար էր կնոջ համար կարիերա ստեղծել, քանի որ վիրաբուժությունն այդ ժամանակներում զուտ տղամարդկանց մենաշնորհն էր համարվում։ Ուստի Ապգարը, որը պետք է նաև իր պարտքերը փակեր, համաձայնում է Կոլումբիայի գլխավոր վիրաբույժ Ալան Ուիփլի առաջարկին ու սկսում զբաղվել անեսթեզոլոգիայով։ Վիրջինիան, կարելի է ասել, աշխատանքն այդ ոլորտում սկսում է զրոյից, քանի որ բժշկության այդ ճյուղը ԱՄՆ-ում այնքան ցածր մակարդակի վրա էր գտնվում, որ հաճախ վստահվում էր սովորական բուժքույրերին։ Երկրում չկային ոչ միայն մասնագետներ, այլև ոլորտին վերաբերող դասագրքեր, ուստի Ապգարին տաժանագին աշխատանք էր սպասվում՝ թե՛ որպես տեսաբանի, և թե՛ որպես մասնագետի։

1938 թ․-ին Վիրջինիա Ապգարը գլխավորում է ԱՄՆ-ի անեսթեզիոլոգիայի առաջին բաժանմունքը, որտեղ նաև միակ աշխատակիցն էր։ Եվս 9 տարի է պահանջվում նպատակասլաց կնոջը Կոլումբիայի համալսարանական քոլեջի առաջին կին պրոֆեսորը դառնալու համար։ 1940-ական թթ․ Աբգարը զբաղվում է ծննդկանների ու ներածինների վիճակի վրա անզգայացման ազդեցության ուսումնասիրություններով՝  մշակելով նորածնի վրա անզգայացման ազդեցության գնահատման սեփական համակարգը։

Նորածնի վիճակի գնահատման սանդղակը հայազգի պրոֆեսորը ներկայացնում է 1952 թ․-ին անեսթեզիոլոգների կոնգրեսի ժամանակ։

Կյանքի առաջին րոպեներին նորածնի վիճակի գնահատման 5 առանցքային չափանիշներն Ապգարն անվանել էր իր ազգանվան սկզբնատառերով՝

Appearance – արտաքին տեսք,
Puls – սրտի զարկերի հաճախականություն,
Grimace – արտաքին ազդակներին պատասխան ռեֆլեքսներ,
Activity – ակտիվություն, մկանային տոնուս,
Respiration – շնչառություն։

Յուրաքանչյուր կետը կարող է գնահատվել առավելագույնը 2 միավոր, այսինքն՝ 10-ը ամենաբարձր ցուցանիշն է։ Երեխայի վիճակն Ապգարի սանդղակով գնահատվում է նորածնի կյանքի 1-ին և 5-րդ րոպեներին: Ըստ Ապգարի սանդղակի գնահատականի․

0-3 բալը` կրիտիկական կամ ծանր վիճակ է,
4-6 բալը՝ միջին, չափավոր շեղումներ,
7-10 բալը՝ բավարար վիճակ:

Ապգարի պարզ, բայց չափազանց արդյունավետ սանդղակի ներդրումից հետո ԱՄՆ-ում նորածնային մահվան ցուցանիշը կտրուկ անկում է ապրում, քանի որ բժիշկների համար արդեն պարզ էր, թե որ նորածնին է անհապաղ օգնություն անհրաժեշտ, իսկ որն է շատ լավ վիճակում։

Իհարկե, Վիրջինիա Ապգարն այսքանով կանգ չի առնում՝ անընդմեջ շարունակելով իր կրթությունը՝ ուսումնասիրելով բնածին արատները, կարմրախտի դեմ պատվաստման խնդիրները և այլն։

Միլիոնավոր կանանց ու երեխաների կյանքեր փրկելով՝ Վիրջինիա Ապգարն այդպես էլ անձնական կյանք չի ունենում՝ ազատ ժամանակը նվիրելով իր նախասիրություններին, որոնցից առաջինն, իհարկե, ջութակն էր։ Սակայն դա էլ նրան բավարար չէր, ոչ այնքան երիտասարդ տարիքում նա որոշում է յուրացնել ջութակ ու թավջութակ պատրաստելու հմտությունները, իսկ 50 տարեկանում էլ սովորում է ինքնաթիռ վարել, փոքրիկ հանգստի հնարավորության դեպքում նախընտրում ձկնորսություն անել Շոտլանդիայի կամ Ավստրալիայի ափերում, կամ էլ պարզապես գոլֆ խաղալ։ Նրա հետաքրքրությունները սահմաններ չունեին․ պրոֆեսորը փոստային նամականիշների հավաքածու ուներ, շատ լավ այգեպան էր ու հրաշալի վարորդ։

Պրոֆեսոր Վիրջինիա Ապգարը մահանում է 1974 թ․-ին․ պատմում են, որ նրա հուղարկավորության ժամանակ իր գործընկերն ու մտերիմ  ընկերը՝ Սթենլի Ջեյմսն ասել է՝ աշխարհում չի եղել այնպիսի մի խնդիր, որն այս կինը չկարողանար լուծել։ Միակ բանը, որը թերևս չկարողացավ սովորել, դանդաղ խոսելն է, իսկ միակ չիրականացված երազանքը՝ Ջորջ Վաշինգտոնի կամրջի տակով ինքնաթիռով թռչելը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութը պարունակում է տեղեկություններ հետևյալ աղբյուրներից՝ 1, 2

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031