Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը, մեկ էլ ես, հա՞»․ Աղազարյանը փորձեց հիմնավորել պնդումը, թե ՀՀ-ն «օկուպանտ» է միջազգային հանրության աչքում

Դեկտեմբեր 05,2022 17:35

Դեկտեմբերի 2-ին ԱԺ արտահերթ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետեւյալ դիտարկումն էր հնչեցրել․ «Դասեր քաղել ենք 94թ․-ի սխալից, երբ ՀՀ-ն որպես կողմ խառնվեց եւ ստորագրեց զինադադարի պայմանագիրը։ Դա մեծագույն սխալ էր, որովհետեւ ՀՀ-ն գործ չուներ Ադրբեջանի հետ, որովհետեւ ՀՀ-ն Ադրբեջանի հետ չէր կռվում։ Այդ ադրբեջանական թեզերը մի տարածեք։ Ադրբեջանի դեմ կռվում էր Արցախի ժողովուրդը։ ՀՀ-ից տասնյակ հազարավոր հայեր գնացին պաշտպանելու, բայց ՀՀ-ն Ադրբեջանի դեմ չէր կռվում։ Մեր սխալն այն էր, որ ՀՀ որոշ պաշտոնյաներ ավար բաժանելու նպատակով, որ իրենք են փրկել աշխարհն ու Արցախը, ստորագրեցին այդ թուղթը, որը պատճառ դարձավ շատ որոշումների, եւ ՀՀ-ն դարձավ օկուպանտ։ Դրա համար մենք հիմա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը տարանջատում ենք ՀՀ-Ադրբեջան հարաբերություններից»։

Այսօր խորհրդարանում Հովիկ Աղազարյանի ճեպազրույցի ժամանակ նրանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հիմնավորումներով է պնդում հնչեցրել, թե ՀՀ-ն «օկուպանտ» է․

Հովիկ Աղազարյան-Ես այն ժամանակ շարքային մակարդակով, բայց բավականին ակտիվ մասնակցել եմ այդ գործընթացներին՝ պատգամավոր դառնալուց առաջ եւ պատգամավոր եղած ժամանակ․․․Արցախի ժողովուրդը ոտքի կանգնեց եւ պաշտպանեց իր իրավունքը, Հայաստանից էլ հազարավոր հայորդիներ կանգնեցին իրենց կողքին՝ այդ ռազմական առճակատման ժամանակ։ Արցախի ժողովուրդը ստեղծեց իր համար անվտանգության գոտի՝ հայտնի յոթ շրջանները։ Նորից եմ ասում, որ առանց էստեղից գնացած տասնյակ հազարավոր հայորդիների՝ դա դժվար էր իրականացնել, բայց, բոլոր դեպքերում, դա չպետք է ներկայացնել որպես պետական քաղաքականություն ՀՀ-ի կողմից, որովհետեւ աշխարհն այդ երկու սկզբունքներով է շարժվում՝ տարածքային ամբողջականություն եւ սահմանների անձեռնմխելիություն։ Երբ ՀՀ-ն ստորագրեց որպես կողմ այդ զինադադարի փաստաթուղթը, փաստորեն, վկայեց, որ ինքը ոչ թե որպես միջնորդ է ստորագրում, այլ որպես հակամարտության կողմ։ Ինչը բերեց հասցրեց․․․եւ հետագայում էլ Արցախի դուրս գալը բանակցությունների գործընթացից մեզ կանգնեցրեց շատ խնդիրների առաջ։ Ես գնահատում եմ, որ դա այն ժամանակ պայմանավորված էր մեր շատ-շատ բարձրաստիճան պաշտոնյաների էս մոլուցքով, էս փսեվդոհայրենասիրական մոլուցքով։ Որովհետեւ եթե ճիշտը մտածենք, նման բան չպետք է արվեր։

-Պարոն Աղազարյան, իսկ միջազգային հանրությունը ո՞ր իրավական ակտով կամ ո՞ր միջնորդական առաքելության հայտարարությամբ է արձանագրել, որ Հայաստանն «օկուպանտ» է։

Հովիկ Աղազարյան-Ես այդպիսի բան չեմ ասում, որ Հայաստանն օկուպանտ է։ Ասում եմ՝ միջազգային հանրության աչքին մենք վերածվեցինք որպես օկուպանտի, որովհետեւ․․․

-Ինչ-որ կերպ պետք է չէ՞ միջազգային հանրությունը դա փաստած լիներ։

Հովիկ Աղազարյան-ՄԱԿ-ը մի քանի որոշումներ ունի, որոնցով պահանջում է, որ Հայաստանը դուրս բերի իր զորքերն այդ տարածքներից։

-Իսկ իրավակիրառ պրակտիկայում դրանք երբեւէ որեւէ տեղում մեր դեմ աշխատե՞լ են։

Հովիկ Աղազարյան-Դե հիմա հետին թվով․․․

-Մեկ էլ Ադրբեջանն է ՄԱԿ-ի այդ երեք բանաձեւերն այսքան տարի «դրոշակ» սարքած աշխատել մեր դեմ։

Հովիկ Աղազարյան-Դե հիմա մեկ էլ Ադրբեջանը․․․հիմա ի՞նչ եք ուզում ասել, սիրուն աղջիկ․․․

-Ասում եմ, որ մեկ էլ Ադրբեջանն է այդ հիմքով մեզ «օկուպանտ» ասում։

Հովիկ Աղազարյան-Ադրբեջանը եւ ես․․․

-Ինչո՞ւ ենք մենք մեզ նույն կերպ «օկուպանտ» անվանում։

Հովիկ Աղազարյան-Ադրբեջանը, մեկ էլ ես, հա՞։

-Մենք՝ մենք ինչո՞ւ ենք նույն հիմքով կրկնում Ադրբեջանի ասածն ու թեզը։

Հովիկ Աղազարյան-Ասում եք՝ մեկ Ադրբեջանն է այդպես ասում, մեկ էլ ես․․․ես այդպես չեմ ասում։ Ասում եմ, որ միջազգային հանրության աչքին այդ վիճակը ստեղծվեց։

-Միջազգային հանրությունն ինչպե՞ս է փաստել, որ սատարում է Հայաստանի՝ «օկուպանտ» լինելու պնդումը։

Հովիկ Աղազարյան-Եթե այդպես չլիներ, եթե այդ վերաբերմունքը չլիներ, ապա շատ գործընթացներ այլ կերպ կգնային։ Ես հիմա չեմ կարող պատմության ժամանակը հետ տալ ու նորից սկսել։ Ուղղակի մենք պետք է հետեւություններ անենք սխալներից։

 

Հ․Գ․ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարբեր տարիների մի շարք հայտարարություններով փաստել է, որ սատարում է արցախյան հակամարտության հարցի խաղաղ կարգավորմանը՝ շեշտելով, որ կողմերը պետք է հասնեն հակամարտության կարգավորման` հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի` ուժի չկիրառման կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031