Հայաստանին օգնություն ցուցաբերելու ՀԱՊԿ խորհրդի որոշման նախագիծը պետք է ստորագրել, դա կարևոր է նաև հենց Հայաստանի համար: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Մոսկվայում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին:
«Պետությունների ղեկավարների կարգադրությամբ Հայաստանում աշխատել է մոնիթորինգային առաքելություն՝ մեր կազմակերպության գլխավոր քարտուղարի և օպերատիվ շտաբի ղեկավարի գլխավորությամբ: Այդ աշխատանքի արդյունքում նախապատրաստվել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծ՝ Հայաստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցների մասին, որը քննարկվել է նոյեմբերի 23-ին տեղի ունեցած նիստին: Այդ նախագիծը չի հաջողվել ընդունել՝ հաշվի առնելով ՀԱՊԿ պետությունների տարբեր դիրքորոշումները: Ես հույս ունեմ, որ որոշակի լրամշակումից հետո մենք կհասնենք որոշման այդ նախագծի ստորագրմանը և այդ միջոցների ձեռնարկմանը: Ես համոզված եմ, որ դա անհրաժեշտություն է, այդ թվում և Հայաստանի համար»,- ասել է Զասը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ