Մինչև տարեվերջ կարող է տեղի ունենալ Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցությունների երրորդ փուլը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո:
«Ադրբեջանի Հանրապետությունը միշտ հետևողականորեն հանդես է եկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա՝ հաշվի առնելով երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը: Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը և Ալմաթիի 1991թ. հռչակագիրը լավ հիմք են առաջ շարժվելու համար»,- ասել է Բայրամովը:
Նրա խոսքով՝ հենց այդ տրամաբանությունից ելնելով է, որ Ադրբեջանն առաջարկել է հինգ սկզբունքները և հայկական կողմին ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագիծը:
«Դրանից հետո տեղի է ունեցել [բանակցությունների] երկու փուլ: Կցանկանայի նաև տեղեկացնել, որ ադրբեջանական կողմը մեկնաբանությունների երրորդ փաթեթն արդեն ներկայացրել է հայկական կողմին, և մենք կարծում ենք, որ հնարավորություն կա մինչև ընթացիկ տարվա վերջ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը»,- ասել է Բայրամովը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ