Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես պատգամավորական մանդատի թիկունքում չեմ թաքնվում»․ Սեյրան Օհանյան

Դեկտեմբեր 05,2022 14:50

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վերջերս չէր բացառել, որ օրենքի հետ խնդիր ունեցող եւ պատգամավորական մանդատով պաշտպանվող պատգամավորների նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռք կառնվեն։ Մամուլում տեղեկություններ կան, որ գլխավոր դատախազն առաջինը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով առաջիկայում դիմելու է ԱԺ-ին, եւ խոսքը «Ձորա ՀԷԿ» ընկերությանն առնչվող քրեական գործի մասին է։

«Այդ հարցը պետք է դատախազությանը եւ ԱԺ ղեկավարությանը տալ։ Եթե նման գործընթաց կա, պարտավոր են պատգամավորին տեղեկացնել։ Ես նման տեղեկություններ չունեմ։ Բացի այդ, ես պատգամավորական մանդատի թիկունքում չեմ թաքնվում։ Այդ մանդատն աշխատելու եւ ժողովրդի պատգամներն իշխանությանը ներկայացնելու համար է»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր մեկնաբանելով նշյալ տեղեկությունները՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ եթե իրապես կա նման գործընթաց, թող գան ԱԺ եւ ներկայացնեն․ «Քննչական մարմինները եւս պարտավոր են ինձ տեղեկացնել, բայց այս պահին նման տեղեկություն չունեմ։ Իմ հետ կապված տարբեր մանիպուլյացիոն գործընթացներ են եղել։ Հիշեցնեմ, որ 2018թ․-ին իմ ազատ տեղաշարժը ոտնահարեցին եւ թույլ չտվեցին գնամ Վրաստան՝ գործընկերոջս ծնունդին մասնակցելու։ Մինչդեռ ես ոչ մեղադրյալ եմ եղել, ոչ էլ կասկածյալ։ Հարուցվել էր քրեական գործ եւ կարճվել, եւ դատախազներին հարց ունեմ՝ ինչո՞ւ այդ հանցագործությունը կոծկեցին»։

Հավելենք, որ վերջին օրերին Սեյրան Օհանյանը «Ձորա ՀԷԿ»-ի հետ կապված քրեական գործի առնչությամբ մի շարք մեկնաբանություններում պարզաբանել է, որ խոսքը վերաբերել է 2010թ․-ին գույքի օտարման գործընթացին, որում ներգրավված է եղել ՀՀ բնապահպանության նախարարությունը, իսկ ՊՆ-ն քիչ մասնակցություն է ունեցել․ բացի այդ, առկա է եղել կառավարության համապատասխան որոշում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031