2022թ․ նոյեմբերի 25-27-ը Մադրիդում անցկացված Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) 26-րդ կոնգրեսի աշխատանքների
շրջանակում քննարկվել է նաև 2017թ․ Կարթախենայում անցկացված 25-րդ կոնգրեսի կողմից ընդունված մի բանաձևի իրականացում, որը վերաբերում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը։
2015թ. հուլիսին գումարված Ընկերվար միջազգայնականի Խորհրդի ժողովում որոշվել էր կազմակերպել «Արդյո՞ք Հայոց ցեղասպանության թուրքական ճանաչումը հնարավորություն կտա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ իրական հաշտության» խորագրով կլոր սեղան- քննարկում։
Այս ժողովին պետք է մասնակցեին Ընկերվար միջազգայնականի անդամ կուսակցություններ Հայաստանից եւ Թուրքիայից, ինչպես նաեւ այլ հետաքրքրված կուսակցություններ, հատուկ հրավիրված մասնագետներ, հասարակական կազմակերպություններ եւ ուրիշներ։
Ընկերվար միջազգայնականի 25-րդ կոնգրեսը վերահաստատել էր իր այս հանձնառությունը։ 26-րդ կոնգրեսը նույնպես անդրադարձել է այս հարցին եւ եզրահանգել․ «Կոնգրեսը վերահաստատում է իր նախկին հանձնառությունը՝ կապված իր՝ թուրքական և հայկական անդամ-կուսակցությունների միջև նախաձեռնության հետ, բանաձեւած 2017թ․ Կարտախենայի հայտարարությունում, և վերահաստատում է դրա իրականացման ուղղությամբ աշխատելու իր պատրաստակամությունը՝ համապատասխան կողմերի հետ սերտ համագործակցությամբ»։
Սոցինտերնի 26-րդ Կոնգրեսը գումարվել է նոյեմբերի 25-27ը Մադրիդում, որին իրենց մասնակցությունն են բերել բոլոր մայրցամաքներից շուրջ 100 պատվիրակությունների ավելի քան 450 մասնակիցներ: Մասնակիցների թվում էին պետությունների և կառավարությունների ղեկավարներ, կուսակցությունների ղեկավարներ և հատուկ հրավիրված հյուրեր:
ՀՅ Դաշնակցությունը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը համարում է ամբողջապես սխալ ուղղությամբ տարվող քաղաքականություն, հետամուտ է լինելու այս հանձնառության իրականացմանը՝ Ընկերվար միջազգայնականի կողմից համատեղ ձևավորվելիք հարթակում։ ՀՅ Դաշնակցության համար Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորման հեռանկարը իրատեսական է բացառապես թուրքական կողմից նախապայմանների բացակայության և Ղարաբաղյան հիմնախնդիրը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը չկապակցելու պայմաններում։
Կարդացեք նաև
ՀՅ Դաշնակցությունն այս ուղղությամբ հնարավոր զարգացումների վերաբերյալ հանդես կգա հրապարակային հայտարարություններով։
ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ