Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ տեսել, թե ով է իմ վրա լցրել վառելանյութ եւ այրել»

Դեկտեմբեր 05,2022 14:00

«Քննիչը ինձնից ցուցմունք է վերցրել այն ժամանակ, երբ ես 30 րոպե առաջ էի դուրս եկել կոմայից». տուժող

Հրավիրում եմ բոլոր պատկան մարմինների ուշադրությունը այս քրեական գործի վրա: «Հանցագործությունը» բացահայտված համարելով՝ նախաքննության մարմինը քրեական վարույթ է հարուցել, մեղադրանք առաջադրել, «մարդ կալանավորել» ու թերի, անբավարար ապացույցներով հանդերձ, գործն ուղարկել է դատարան:

Թիվ ԵԴ/1036/01/22 քրեական գործով, ըստ մեղադրանքի ամբաստանյալ Էդգար Ղեւոնդյանի, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, մասնակցությամբ Հանրային մեղադրող Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ս. Պողոսյանի, Հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանի, 2.11.2022 թ. նշանակված հերթական դատական նիստում Հանրային մեղադրողի միջնորդությամբ եւս երեք ամսով երկարաձգեց ամբաստանյալ Էդգար Ղեւոնդյանի կալանքի ժամկետը: Հանրային պաշտպանն առարկեց դատախազի միջնորդության դեմ, նշելով, որ կալանքի ժամկետը երկարաձգելու հիմքեր չկան, սակայն նախագահող դատավորը որոշում կայացրեց բավարարել մեղադրողի միջնորդությունը եւ եւս երեք ամսով երկարաձգել կալանքի ժամկետը:

Դատարանի որոշումը ամբաստանյալի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Ըստ մեղադրական համառոտ եզրակացության՝ Էդգար Ղեւոնդյանը, թշնամական փոխհարաբերությունների մեջ գտնվելով իր բնակության՝ Գ. Մահարու փողոցի թիվ 127/1 շենքի բնակիչ, իր հարեւան, տուժող Արշակ Ղուլյանի հետ, 2022 թվականի ապրիլի 8-ին, ժամը 18:30-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած վիճակում, նշված շենքի 2-րդ հարկի միջանցքից առաջին հարկ ճայթուկներ նետելու եւ պայթեցնելու կապակցությամբ հերթական անգամ վիճաբանել է Արշակ Ղուլյանի հետ, որից հետո վերհիշելով նախկին ոխը՝ Արշակ Ղուլյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր բնակարանի խոհանոցի պահարանի հետնամասից վերցնելով դիզվառելիքով լցված բջնի ապրանքանիշի մեկ լիտր տարողության պլաստմասսե շիշը՝ գաղտնի կերպով մոտենալով նշված շենքի առաջին հարկից դեպի երկրորդ հարկ բարձրացող աստիճանահարթակի սկզբնամասում մեջքով դեպի 2-րդ հարկի միջանցքը նստած Արշակ Ղուլյանին՝ դիզվառելիքը լցնելով վերջինիս կենսական օրգանների վրա՝ հրկիզել է վերջինիս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունն ու հեռացել է՝ Արշակ Ղուլյանին պատճառելով կյանքին վտանգ սպառնացող, գլխի, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, թիկունքի, զույգ վերին վերջույթների, 2-3-րդ AB 4-րդ աստիճանի, աջ ազդրի, շնչական ուղիների մոտ 10%-ի, մարմնի ընդհանուր մակերեսի 45%-ի չափով՝ բոցով ջերմային այրվածքների ձեւով՝ ուղեկցված այրվածքային հիվանդությամբ ձեւի մարմնական վնասվածքներ, իսկ Արշակ Ղուլյանի մահը վրա չի հասել՝ հարեւանների կողմից նրան անմիջապես օգնություն ցուցաբերելու եւ շտապօգնության 46-րդ խմբի կողմից «Այրվածքաբանության ազգային» բժշկական կենտրոն տեղափոխելու արդյունքում: 2022 թ. նոյեմբերի 2-ին հրավիրված դատական նիստում որպես վկա հանդես եկավ ամբաստանյալի նախկին կինը՝ Զ. Կիրակոսյանը, վերջինս կրկնելով դատավորի ասած խոսքերը, արտաբերեց որպես վկա ճիշտ խոսելու երդումը: Ըստ ամբաստանյալի հարազատների, վկան տառապում է հոգեկան տարբեր հիվանդություններով, անմեղսունակ է: Վկան տվեց հակասական ցուցմունք, նա հայտնեց դատարանին, որ ոչինչ չի տեսել, նրան քննիչը չի հարցաքննել, քննիչը իրենց տնից ոչինչ չի առգրավել, բջնի է տվել նախկին ամուսնուն, որը նրան հետ չի վերադարձրել: Դատախազի հարցին պատասխանեց, որ քննչական բաժին չի գնացել, չի հարցաքննվել:

Պաշտպանի հարցին պատասխանեց, որ 5 տարի են ապրել միասին, հետո բաժանվել են, Էդգարը նորից է ամուսնացել, ունեցել են երեխաներ: Էդգարը իր հետ նորմալ է, բնակվում են միասին, համատեղության կարգով մի բնակարանում: Էդոյի հետ ոչ մի հարեւան չի վիճաբանել, որեւէ մեկի հետ չի վիճաբանել, բոլորի հետ նորմալ հարաբերությունների մեջ է: Դատապաշտպանի հարցին, թե եղե՞լ են դեպքեր, որ հարեւանների հետ ինչ-որ պատճառով վիճաբանի, պատասխանեց՝ ոչ: Ստանում է հոգեմետ դեղեր, ստանում է թոշակ, ունի հաշմանդամություն: Հարցին՝ եղե՞լ են դեպքեր, որ Էդոն ինչ-որ մեկին վառի, պատասխան՝ ոչ, չի եղել: Ինչի համար են ձեր տուն ոստիկաններ եկել՝ չեմ հիշում: Իսկ դու գնացե՞լ ես ոստիկանություն, հարցին պատասխանեց՝ ոչ, չի եղել: Դատախազը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը եւ դա հիմք ընդունել: Պաշտպանը միջնորդեց մերժել միջնորդությունը, քանի որ դա արժանահավատ չի կարող լինել նման հիվանդություններով հանդերձ: Դատավորը որոշեց հրապարակել նախաքննական ցուցմունքները, փորձագետներին հարցումներ անել, ստանալ համապատասխան գնահատականներ, ըստ այդմ տալ համապատասխան գնահատական վկայի նախաքննական ցուցմունքին:

Պաշտպանը միջնորդեց հարցում անել հոգեկան առողջության կենտրոն, պարզել՝ ինչ բուժում է ստանում, ինչ պարբերականությամբ: Միջնորդությունը ընդունվեց: Դատական նախորդ նիստերից մեկի ընթացքում, ըստ գործով ամբաստանյալի հարազատների, տուժողը դատարանին հայտնել է, որ ինքն է մեղավոր, Էդգարը մեղավոր չէ: Նա դատարանին բառացի ասել է հետեւյալը. «Մի հատ խոսք ասեմ, որովհետեւ չգիտեմ մյուս դատերին կարող եմ ներկա լինել, թե՝ ոչ: Ընդհանրապես, բնավորություն ունեմ իմ հոգեմետ դեղերը լցնում եմ օղիիս մեջ ու խմում եմ: Այդ օրն էլ օղին եղել է իմը ու հարյուր տոկոսով որ իմն է, ուրեմն դեղը մեջն է եղել: Էդգարը էդ մասին չի իմացել: Քանի որ խմել ենք իմ օղին, հոգեմետ դեղի առկայության պատճառով երկուսս էլ ոչինչ չենք հիշում: Օղիից հետո էլ գինի ու գարեջուր ենք խմել: Մենք վաղուցվա հարեւաններ ենք, եղել է թեթեւ վիճաբանություններ մեր մեջ երաժշտության բարձր լինելու պատճառով, բայց դա մեզ երբեք առիթ չի տվել, որ մենք այդպես վարվենք միմյանց հետ եւ թշնամանանք: Ես ոչնչով չեմ մեղադրում ամբաստանյալին, քանի որ դեպքը պատահել է իմ պատճառով, իմ հոգեմեդ դեղը խմիչքի մեջ լցնելու հետեւանքով: Ես իր նկատմամբ ոչ մի բողոք չունեմ, ուստի խնդրում եմ իրեն բաց թողնել դատարանի դահլիճից: Քննիչը ինձանից ցուցմունք է վերցրել այն ժամանակ, երբ ես ընդամենը 30 րոպե առաջ էի դուրս եկել կոմայից եւ ցուցմունքները գրվել են միմիայն քննիչի թելադրանքով: Ես չեմ տեսել, ով է իմ վրա լցրել վառելանյութ եւ այրել: Բայց չեմ կարծում, որ դա արած լինի Էդոն»: Բացի բջնիի շշից, որի մեջ լցված է եղել դիզվառելիք, ըստ քրեական գործի նյութերի, այլ իրեղեն ապացույցներ նախաքննության ընթացքում ձեռք չի բերվել: Դիզվառելիքը ամբաստանյալի տանը հայտնվել է տան վերանորոգումից հետո գործիքները լվանալու եւ ներկոտված աթոռները մաքրելու համար, շշի վրա եղել են տան բոլոր անդամների մատնահետքերը: Դիզվառելիքը բջնիի կեսլիտրանոց շշով գործով ամբաստանյալի տղան հոր պատվերով է բերել տուն: Տղայից նույնպես որեւէ բացատրություն չեն վերցվել՝ որպես վկա:

Ամբաստանյալը հարազատներին պատմել է, որ դեպքից հետո Նուբարաշենի հոգեբուժարանում բժշկական արյունաբանական ստուգման ենթարկվելիս, իր երակներում «արյունը գունդ-գունդ» կանգնել է, բժիշկը նրան հարցրել է, թե նա օգտագործո՞ւմ է, արդյոք, թմրանյութեր:

Պատասխանել է, որ երբեք նման բան չի անում, ուղղակի խմում է: Դրանից հետո արյան անալիզ չի արվել, չի պարզաբանվել նաեւ, թե որտեղից արյան մեջ թմրանյութերի կոմպոնենտների առկայությունը, քրեական գործում այդ հարցը մնացել է անպատասխան:
Դատական նիստերից մեկի ժամանակ, երբ գործով վկաները չեն ներկայացել դատական նիստին եւ մեղադրյալի հարազատներն անհանգստություն են ցուցաբերել անընդհատ վկաների չներկայանալու եւ դատական նիստերի հետաձգվելու առիթով, պետական մեղադրողը ամբաստանյալի կնոջը՝ Կարինե Ղեւոնդյանին ասել է. «Գնա, վկաներին հավաքի բեր, ես քեզ լիազորում եմ»:

Դեկտեմբերի 1-ին, ժամը 13:30-ին նշանակված դատական նիստը նորից հետաձգվեց վկաների չներկայանալու պատճառաբանությամբ: Դատավորի քարտուղարը ներքին հեռախոսակապի միջոցով ամբաստանյալի կնոջը հայտնեց՝ «վկաները չկան, բերման չեն կարողանում ենթարկել, քանի որ տանից փախել են: Քո հարեւաններն են, գնա ինքդ նրանց հավաքի բեր»: Ըստ երեւույթին նախաքննության մարմինը հերթական անգամ առանց բավարար ապացույցների քրեական վարույթ է հարուցել, մարդ կալանավորել եւ հիմա, այս փուլում դժվարանում է իր արածի տակից դուրս գալ: Դատարան հրավիրված վկան դատարանում հակասական ցուցմունք է տալիս, չի հիշում կատարվածի մասին, չի տեսել, քննիչը իրեն չի հրավիրել եւ իրենց տուն չի եկել, օգտագործում է հոգեմետ դեղեր: Մյուս վկաները դատարան չեն գալիս:

Իմ կարծիքով՝ այս փուլում փորձ է արվում կողմերի եւ գործով վկաների միջեւ ավելորդ լարվածություն հրահրել, կամ՝ վկաների հետ փորձ է արվում գաղտնի գործարքներ կնքել, որպեսզի ջրից չոր դուրս գան: Կարճ ասած՝ սա նշանակում է «պղտոր ջրում ձուկ որսալ»: Այս քրեական գործով տուժող Արշակ Ղուլյանը, ըստ մեղադրյալի հարազատների, մոտ երկու ամիս առաջ հերթական դատական նիստից հետո ինքնասպանության փորձ է կատարել: Նա թույնով լցված ներարկիչը ձեռքին պատրաստվել է ինքնասպան լինել, երբ այդ պահին ամբաստանյալի տղան՝ Աշոտը, պատահաբար հայտնվել է նրա մոտ, տեսել է կատարվածը ու անմիջապես ձեռքից վերցրել է ներարկիչը ու տարել տուն։ Տուժողը այդ ժամանակ ասել է. «Ես վատ մարդ եմ, ես եմ մեղավոր, որ Էդգարը դատվում է, ես պիտի նստեի նրա տեղը, ես վատ մարդ եմ, ես պիտի մեռնեմ։ Ես Զեւսին եմ պաշտում, ես կրակապաշտ եմ»։

Տարիներ առաջ էլի է եղել ինքնասպանության փորձ, երբ տուժողը փորձել է ինքնասպան լինել: Այս անգամ նա փորձել է կյանքին վերջ տալ իր անձնական խնդիրների պատճառով: Այդ ժամանակ նրան օգնել է ամբաստանյալի հայրը՝ կանխելով ինքնասպանության փորձը:
Քրեական գործի շարժառիթներից պարզ երեւում է, որ մեզանում խախտվում է անմեղության կանխավարկածը, որին զոհ են դառնում տասնյակ քաղաքացիներ, տուժում են ընտանիքներ, տուժում է պետությունը, խարխլվում են հասարակական հարաբերությունները:

Խաչիկ ՄԱՐՈԶՅԱՆ
Իրավապաշտպան

«Առավոտ» օրաթերթ
03.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031