Ասում է Արցախի հերոս Էդգար Մարկոսյանը
Մենք կողք կողքի ապրում ենք հերոսություն եւ հայրենասիրություն կերտած մարդկանց հետ, որոնք մահին դեմ առ դեմ են հանդիպել։ Ցավոք, նրանցից շատերը չվերադարձան եւ հավերժ մնացին հայրենիքի պաշտպան։ Հերոսների մասին պատմություններ դեռ շատ կլսենք։ Այսօրվա զրուցակիցս 44-օրյա պատերազմի մասնակից՝ Արցախի հերոս Էդգար Մարկոսյանն է, որը մարտնչել է առաջնագծում եւ պատվով վերադարձել քաղաքացիական կյանք։
– Որտե՞ղ եք ծառայել։
– Վեց ամիս ծառայել եմ Գյումրու հակատանկային ուսումնական զորամասում, հետո Արցախի Ներքին Հոռաթաղի հրետանային գնդում։
Կարդացեք նաև
– Ի՞նչ զգացիք, երբ սկսվեց պատերազմը։
– Սկզբից չգիտակցեցինք, որ պատերազմ է սկսվել։ Պոստերում էինք, որ սկսվեց։ Մեզ թվաց՝ երազի մեջ ենք, մինչեւ մի արկ չպայթեց մեզնից շատ փոքր հեռավորության վրա։ Միանգամից սթափվեցինք, մտանք թաքստոց եւ սպասեցինք խնդիրների առաջադրմանը։
– Ո՞ւմ կամ ինչի՞ մասին էիք մտածում այդ օրերին։
– Միանշանակ՝ առաջինը ընտանիքիս ու հարազատներիս, հետո արդեն երկրիս։
– Վիրավորում կամ վնասվածք ստացե՞լ եք։
– Վնասվածք եմ ստացել ծանրությունից՝ ողնաշարի հատվածում։
– Այդ դժոխային օրերից զատ, կարո՞ղ եք ինչ-որ լուսավոր դեպք հիշել։
– Ամեն արկի ու ԱԹՍ-ի հարվածից հետո (մանվանդ, երբ թիրախը հենց դու ես), երբ հասկանում ես, որ ողջ ես ու վնասվածքը ուղղակի կոնտուզիան է, դա արդեն լուսավոր դեպք է։
– Պատերազմը ի՞նչ տվեց եւ ի՞նչ խլեց ձեզնից։
– Խլեց շատ ու շատ ընկերներ, տվեց միայն մի դրական բան, հասկացրեց, որ բոլոր առօրյա խնդիրները լուծելի են, ու իմ կարծիքով՝ բոլորը հասկացան, որ ոչ մի նյութական չի կարող նշանակություն ունենալ, երբ չկա խաղաղություն։
– Ըստ ձեզ, ո՞րն է պատերազմի գլխավոր կանոնը։
– Վախը ճնշելու ու հաղթահարելու ունակությունը։
– Գիտեմ, որ ունեք «Ոսկե Արծիվ» շքանշան։ Ի՞նչ գին ունի այն ձեզ համար։
– Թանկ է, որովհետեւ առաջին՝ ինձ գնահատված եմ զգում, երկրորդ՝ կյանքիս գնով եմ վաստակել։
– Նաեւ գիտեմ, որ «Միասնության ուժ» ուսանողական ճամբարի կազմակերպիչներից եք։ Ի՞նչ է իրենից ներկայացնում ճամբարը։
– Ռազմահայրենասիրական ուսանողական-երիտասարդական հավաք, որի բուն նպատակը մեր ընկած հերոսներին հիշելն ու փառաբանելն է, ու փորձել հանրությանը ճանաչեցնել մեր եղբայրներին, ովքեր կյանքը չխնայեցին մեր խաղաղ օրվա ու պետության չհանձնման համար։
Մարիամ ԶԱՔԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.12.2022