Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հանկարծ դադարեմ ինքնազննումս, ինքս ինձ հետ հաշտություն չեմ ունենա»

Դեկտեմբեր 05,2022 13:00

Անուշ Քոչարյանը՝ իր գրականության եւ արվեստի մենեջմենթի մասին

Օրերս գրքի սրահներում հայտնվեց Անուշ Քոչարյանի «Վայրի խոտեր» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը ընդգրկում է շուրջ տասը տարիների ընթացքում տարբեր պարբերականներում տպագրված հեղինակի բազմաթիվ ստեղծագործություններից մոտ 70-ը։


Ժամանակին դրանց մի մասը թարգմանվել են անգլերեն, վրացերեն, գերմաներեն։ Մինչդեռ նրա անունը հայտնի դարձավ 2012թ. «ՖԱՈՒՍՏուտոպիա» պիեսի հանրային քննարկման առիթով։ Նույն թվականին Անիգ Կլեկչյանի անգլերեն թարգմանությամբ պիեսը տարածվեց Կալիֆոռնիայում։ Միառժամանակ անց հիշյալ ստեղծագործությունը Համազգային հայ կրթական եւ մշակութային միության «Լեւոն Շանթ» թատերգության մրցույթի շրջանակներում ընդգրկվեց «Ժամանակակից հայ դրամատուրգիա» անթոլոգիայում, իսկ հետո արժանացավ «Եվրոդրամ» թատերգության թարգմանչական միջազգային ցանցի մրցանակին՝ որպես Հայաստանից ներկայացված լավագույն պիես։ Ի դեպ, Անուշի մյուս պիեսը՝ «Տարին առանց ամառ», ընդգրկված է գերմանական անթոլոգիայում։ Նման բուռն կարիերայի սկիզբը ենթադրել էր տալիս, որ հայտնվել է խոստումնալից դրամատուրգ։ Բայց այդպես չեղավ։ Համենայնդեպս, նույնիսկ միջազգային մրցանակներ շահած նշյալ երկու պիեսներից եւ ոչ մեկը մինչ օրս չենք հանդիպել հայաստանյան թատրոններում։

Այս առիթով ստեղծագործողն իր պատասխանն ունի. «Ես ինձ դրամատուրգ չեմ համարում։ Իհարկե, առաջարկներ եղել են, բայց դրանք դեռեւս թատերականացված ձեւաչափով չեմ տեսնում։ Ավելին ասեմ՝ երկար ժամանակ պոեզիաս էլ չէի տեսնում ժողովածուի տեսքով։ Բայց այս դեպքում բարեբախտություն ունեմ իմ շրջապատում շփվել այնպիսի մարդկանց հետ, որոնք ընդդիմացան ինձ, որի արդյունքը բանաստեղծությունների այս ժողովածուն է։ Կուզեի առաջին հերթին նշել գրական գործակալ Արեւիկ Աշխարոյանի անունը եւ, իհարկե, խմբագրիս՝ Մհեր Արշակյանի»։

Դիտարկմանը՝ ստացվում է՝ անչափ խիստ ինքնաքննադատի տիտղոսը, որը երբեմն հնչում է ձեր մասին, տեղին է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ինքնաքննադատությունը անմիջապես իմ ստեղծագործություններին չի վերաբերում, դրանք բավականին հեռացած են ու գտնվում են ընթերցողի ընկալման դաշտում։ Եթե ես հանկարծ դադարեմ ինքնազննումս, ապա ինքս ինձ հետ հաշտություն չեմ ունենա։ Կարճ ասած՝ ինքնաքննադատությունն այս համատեքստում ներսային զննման մի փոքր մասն է»։

Թերթելով ժողովածուն, հանդիպեցինք ինքնաքննադատությանն առնչվող գերկարճ բանաստեղծության.
– պատահեց այնպես, որ արձակվեցի վերջապես
ու
վրիպեցի։
Իսկ թե որտեղ կամ ինչից է վրիպել, ստեղծագործողը պատասխանեց իր բանաստեղծությունից հատված ընթերցելով.
– եւ որովհետեւ մենք այնքան չսիրեցինք իրար,
որ պատմենք այնպես, ինչպես եղել է,
եւ պատերազմներ շփոթեցինք մաս-մաս մեռնելու հետ…

Զրույցի ընթացքում շոշափեցինք նաեւ Անուշ Քոչարյանի մեկ այլ գործունեության՝ արվեստի մենեջերի թեման, մասնագիտություն, որը մեզանում այդպես էլ ըստ էության մինչ օրս գործնական լայն կիրառություն չի գտել։ Իսկ Անուշը այս ոլորտում սկսել է համագործակցությունը ճանաչված դեմքերի հետ՝ կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյան, մինիմալիստ քանդակագործ-նկարիչ Ջորջ Կասաբյան… ավելի ուշ՝ խմբավար Սոնա Հովհաննիսյան, «Հովեր» կամերային երգչախումբ եւ այլն։

Թե ինչո՞ւ ինքն իր մենեջերը չի դառնում, արվեստագետը ունի հետեւյալ բացատրությունը. «Տիրապետելով արվեստի մենեջմենթի մեխանիզմներին, եկել եմ այն համոզմանը, որ այդ գործում լավագույնը ինչ-որ բանի մասին մարդուն պատմելու կարողությունն է։ Գուցե անհավատալի թվա, բայց, օրինակ, «Հովեր» երգչախմբի յուրաքանչյուր համերգից առաջ հանդիսատեսի առնվազն 80 տոկոսին «պատմում» եմ կայանալիք երեկոյի մասին։ Ավելի պարզ խոսեմ. հանդիսատեսի ուշադրությունը գրավելու համար պիտի լինես քո ներկայացրածի արբանյակը ամեն տեղ՝ պրոֆեսիոնալ միջավայրից սկսած մինչեւ հանրային տրանսպորտ»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի

«Առավոտ» օրաթերթ
03.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031