Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է անմիջապես բացահայտվի, գնահատվի և վերականգնվի հասարակության իմունային համակարգը . Գագիկ Հարությունյան

Դեկտեմբեր 04,2022 20:00

Գիտելիքների ամորտիզացիան չափից ավելի արագացել է, եթե դրանք չլրացվի՝ ամենալավ մասնագետն անգամ կդադարի լիարժեք մասնագետ լինելուց, պետք է անվերջ լրացվի գիտելիքը, շատերը չէ, որ կարող են դա անել ինքնակրթությամբ, պետք է նաև օգնել։ Նման միտք հայտնեց ՀՀ սահմանադրական դատարանի երկարամյա նախկին նախագահ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը՝ Հայ-ռուսական համալսարանի նախաձեռնությամբ  այսօր կազմակերպված «Իրավունք» խորագրով ֆորումին, որը համախմբել էր համալսարանի գործունեության 25 տարիների շրջանավարտ-իրավաբաններին:

Նրա համոզմամբ, վերապատրաստման այն ինստիտուտները, որ կան Հայաստանում, լիարժեք չեն ծառայում իրենց նպատակին և ավելի շատ ֆորմալ, ձևական բնույթ են կրում,  գիտական ֆորումները բավականին քիչ են և համընդգրկուն չեն:

«Համալսարանում կարել է մի շատ հետաքրքիր բան կազմակերպել.  յուրաքանչյուր ամբիոն՝ շրջանավարտների հետ, տարվա մեջ առնվազն 3-4 անգամ կազմակերպի պրոբլեմային հիմնահարցերի վերաբերյալ բաց երկխոսություն: Յուրաքանչյուր ամբիոն այսպիսով իր շրջանավարտներին կփոխանցի այն նորը, թարմը, որն անհրաժեշտ է համարում»,-համալսարանի ռեկտորին առաջարկեց Գագիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, նմանատիպ փորձ կա Երևանի պետական համալսարանում, որտեղ 3 ամիսը մեկ անգամ հավաքվում են բակալավրիատի, մագիստրատուրայի  և ասպիրանտուրայի ուսանողները և հրավիրյալ մասնագետի հետ քննարկում կոնկրետ հիմնախնդիր:

Անդրադառնալով իր «Իմունային անբավարարությունը որպես ժամանակակից պետությունների ձախորդությունների գլխավոր համախտանիշ» զեկույցին՝ Գագիկ Հարությունյանը ափսոսանք հայտնեց, որ շատ հաճախ ստիպված են լինում ժամանակը վատնել օրվա ընթացիկ խնդիրների վրա՝ չնկատելով, թե ինչպիսի համամարդկային խնդիրներ են շրջապատում գլոբալ աշխարհին: «Նույնիսկ այնպիսի խնդիրներ, որոնք նույնպիսի վտանգ կարող են առաջացնել, ինչպիսին, ասենք, ատոմային պատերազմը: Էյնշտեյնի ժամանակին հայտնած միտքը, հիմա շատ հաճախ են սիրում հնչեցնել, եթե մեղուները վերանան՝ մարդկությանը կմնա 4 տարվա կյանք: Այսօր չեն զգում, որ այդ 4 տարվա ժամացույցը միացված է: Կան գլոբալ խնդիրներ, որոնք բավարար ուշադրություն են պահանջում»,-ասաց բանախոսը և հավելեց,-«Սա լրջագույն խնդիր է. մարդկային հասարակությունը և պետական համակարգը չունեն անհրաժեշտ և բավարար իմունային համակարգ, որպեսզի կարողանա դինամիկ զարգացում ապահովել: Սա նշանակում է, որ հիմնախնդիրները կուտակվում են, կրիտիկական զանգված է հավաքվում և բերում են տարատեսակ պայթունների, եթե դա չկանխվի վիճակը շատ ավելի բարդանալու է»:

Նա մանրամասն ներկայացրեց գրեթե 2 տասնամյակի ընթացքում իր ուսումնասիրությունների արդյունքում ձևավորած իր մոտեցումները, պատմական ակնարկ արեց մարդկության ձևավորման, մարդկային հասարակության, պետությունների սահմանադրական ստեղծումից մինչև մեր օրեր, խոսեց իրավունքի գերակայության կարևորության մասին: «Միջազգային ներկա գործընթացները վկայում են, որ բազմաթիվ երկրներում արժեհամակարգային և սոցիալական խորը ճգնաժամ կա, դրանք արդեն ամենօրյա արյունահեղությունների և հազարավոր մադկանց դժբախտության պատճառ են դառնում: Սոցիալական հանրությունն ակնհայտորեն ցուցաբերում է իմունային անբավարարություն, մեր խորին համոզմամբ, ներկա հակամարտությունները և սոցիալական կատակլիզմները նույնպես սահմանադրականության ձևավախեղումներով է պայմանավորված, որոնց ժամանակին  բացահայտումը, գնահատումը և ախտորոշումը չեն երաշխավորվում», -դեռևս 2016 թվականին իր հնչեցրած միտքը կրկնեց Գագիկ Հարությունյանը:

Իրավիճակից դուրս գալու հետևյալ ելքն առաջարկեց  նա. «Հասարակությունների համար շատ ուսանելի է, թե ինչպես է հնարավոր փորձել ապահովել իմունալ բավարարությունը: Գրեթե աքսեոմատիկ սկզբունքների թվին են դասվում հետևյալները. Առավել կատարյալ ինքնապաշտպանական համակարգերով օժտված է մարդը, որի իմունային համակարգը ձևավորվել է շուրջ 200 միլիոն տարվա ընթացքում, մարդկային հասարակությունը որպես սոցիում գոյություն ունի 10 000 տարի ընդամենը: Սա շատ կարևոր հանգամանք է, որի վրա բավարար ուշադրություն չենք դարձնում: Եվ ընդամենը սահմանադրորեն կառավարվող հասարակությունները գոյություն ունեն շուրջ 200 տարի: Պետությունները դարձել են այսօրվա իմաստով սահմանադրական պետություններ ընդամենը 200 տարի առաջ՝ ամերիկյան սահմանադրությամբ: (…) Եթե հասարակությունը օրգանիզմ է, ապա այն չի կարող չունենալ իմունային համակարգը, այսինքն` օրգանիզմը ունի որոշակի հավասարակշռություն՝ իր տարրերի միջև, դրա խախտումը պետք է անմիջապես բացահայտվի, գնահատվի և վերականգնվի, այսինքն` այդ համակարգը պետք է գործի»,-ամփոփեց  Գագիկ Հարությունյանը:

Լուսինե  ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Քո գլխավորած Սահմանադրական դատարանի որոշումները հիշիր ամեն ընտրությունից հետո ու ընդունիր որ հենց դու ես եղել ՀՀ ամորտիզացիան կոտրողը ու փչացնողը։ Հիմա ունե՞ս արդյոք բարոյական իրավունք նման ելույթի։ Քո վաղուց հանգուցյալ խղճին հարցրու։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031