Նախորդ անգամ ես արդեն անդրադարձել էի այն հարցին, որ մարդկության քաղաքակրթության զարգացման հրամայականով է պատմության ողջ ընթացքը որոշվում, կարգավորվում: Եվ որ սերնդափոխությունների երկար շղթայով իրենց գործունեությունը ծավալող, ազգերն ու ժողովուրդները, որպես ամբողջական սուբյեկտներ, իրար հետ անընդհատ մրցելով, ի վերջո այդ հրամայականի իրագործմանն են ծառայում: Եվ հենց դրա համար էլ ձևավորվել են:
Կարծում եմ շատերի համար այս պնդումներն առաջին հայացքից կարող է անսովոր հնչեն: Եվ հնարավոր է հենց այդ պատճառով է որ, ինձ հաճախ են մարդիկ զարմացած հարցնում, թե ինչ եմ հասկանում, երբ ժողովուրդների, մարդկության մասին ասում եմ, որ նրանք, տվյալ պահին ապրող մարդկանց սոսկ հավաքածուն չեն, նրանք դարերի, հազարամյակների մեջ ապրող, նպատակային գործունեության ունակ, որոշակի իմաստով իրենց սեփական պահանջները, խնդիրները, իրենց բանականությունը ունեցող էակներն են:
Իհարկե, քիչ դժվար է ընդունել, հասկանալ դա: Մարդիկ սովոր չեն: Նրանց դուր է գալիս մտածել, որ գիտակցությունը, բանականությունը միայն իրենց՝ միայն հոգևոր, ֆիզիոլոգիական բացառիկ կառուցվածք ունեցող մարդ տեսակին է բնորոշ: Միայն ու միայն իրենց է ի վերուստ տրվել այդ առանձնահատուկ շնորհը:
Եվ կարծում եմ դա էլ է պատճառ դառնում, որ մարդկանցից շատերը համոզված են, որ պատմության ընթացքն էլ (եթե Աստծո մատը խառը չէ) տվյալ պահին ապրող առաջնորդներն են իրենց ուզածով, իրենց կամքով որոշում:
Կարդացեք նաև
Վերը արդեն նշել էի, որ եթե բացառությունները մի կողմ դնենք, դա բոլորովին էլ այդպես չէ: Եվ խիստ վտանգավոր է, որ դեռ կան այդպես մտածողներ: Եվ որ այդ պատճառով է, որ բռնապետերը հաճախ հեշտությամբ են իշխանության գալիս: Եվ որ այդ ասվածից էլ է նաև հետևում է, թե որքան կարևոր է, որ մարդիկ խորքային հարցերի մասին էլ լուրջ պատկերացումներ ունենան, կարողանան ճիշտ կողմնորոշվել:
Եվ չնայած ծագող դժվարություններին, կարծում եմ պետք է, օգտակար կլինի, որ փորձեմ աշխարհընկալման այդ լուրջ խնդրին առնչվող որոշ հարցերին՝ մեկ անգամ ևս ավելի հանգամանորեն անդրադառնալ:
Ներողություն խնդրելով շարադրանքի բարդության, դասախոսական բնույթի, երբեմն անառարկելի հնչող ձևակերպումների համար՝ թույլ տվեք Ձեր ուշադրությունը հրավիրել առաջին հայացքից, ինչպես վերը նշել էի, քիչ անսովոր թվացող հետևյալ հարցերի վրա:
Իրականում բանականությունը՝ իր եսը առանձնացնելու, այդ եսի մոտ ծագող պահանջները հասկանալու, դրանք բավարարելու հնարավորությունները գնահատելու, իրագործման ծրագրերը ընտրելու, մշակելու և դրանց ընթացքին հետևելու, հսկելու, կատարելագործվելու կարողությունն է:
Եվ այժմյան ընդունված տերմիններով ասված դա ընդամենը տեղեկությունների հավաքման, պահպանման, մշակման և կիրառման համար հատուկ հարմարեցված, որոշակի բովանդակություն, որոշակի կառուցվածք ունեցող, ինքնակառավարման ոչ նյութական՝ ինֆորմացիոն համակարգ է:
Համակարգ, որը օրինակ՝ այս կամ այն կերպ տեղադրվելով մեր կենդանի, ինքնուրույն գործելու ունակ միլիարդավոր նեյրոն բջիջներից կազմված գլխուղեղում, հնարավորություն են տալիս մեզ գործել որպես բանական էակներ:
Եվ քանի որ սկզբունքորեն, կառավարման այդ տիպի համակարգերը կարելի է տեղադրել, գործի գցել, ժամանակի և տարածության մեջ ամենատարբեր կառուցվածք ունեցող տեղեկությունների՝ ինֆորմացիայի հավաքման, պահպանման կրիչների, կամ դրանցից կազմված կառույցների միջոցով, ապա ակնհայտ է դառնում, որ բոլորովին էլ պարտադիր չէ, որ այն միայն ու միայն մարդ կոչվող էակներին բնորոշ լինի:
Եվ եթե դեռ մի կողմ թողնենք արհեստական կամ այլ մոլորական բանականությունների լինել չլինելու հարցը: Եվ փորձենք չսահմանափակվել տարածության և ժամանակի մեջ մեզ հիշեցնող էակներին միայն դիտարկելու սովորությամբ, կարծում եմ շատ դժվար չի լինի ընկալել, որ իրենց մաս կազմող անձերին՝ իրենց մարդ բջիջներին (եթե փորձենք զուգահեռներ տանել) սովորեցնելու, ուղղորդելու, թելադրելու հնարավորություն ունեցող մարդկանց լավ կազմակերպված խմբերը, այսպես կոչված իրավաբանական անձինք, որոնք իրենց համատեղ գործունեության կազմակերպման կարգի ու կանոնների, խմբի նպատակների, խնդիրների, իրագործման համար մշակված ծրագրերի, յուրաքանչուրին հատկացվող գործունեության ուղղությունների մասին տեղեկությունները՝ ինֆորմացիան, որպես ուղղորդող փաստաթուղթ՝ և այսպես ասված թղթի վրա, և մարդկանց հիշողության մեջ ամրագրելու և դրանով կառավարվելու պահանջը դնելու, պարտադրելու կարողություն ունեն. առավել ևս, սերնդափոխությունների երկար շղթայով իրենց եսը պահպանող, ինքնազարգացման ունակ ազգերը, ժողովուրդները, պետությունները, որպես առանձին, ինքնուրույն սուբյեկտներ.կարող են ձեռք բերել և կյանքի կոչել բոլոր այն հատկությունները որոնցով, ինչպես վեր նշվեց բնութագրվում է բանականություն կոչվող այդ ինֆորմացիոն համակարգը:
Բայց եթե մարդիկ, նրանց կազմակերպված խմբերը, ժողովուրդները, պետությունները և վերջապես մարդկությունը որպես ամբողջություն կարող են ունենալ իրենց բնորոշ արժեհամակարգը, նպատակներն ու խնդիրները՝ իրենց բանականությունը և դրանով կառավարվել:
Բնական է, հարց է ծագում՝ ինչպես են կարգավորվում այդ սուբյեկտների փոխհարաբերությունները: Կա արդյոք նրանց մեջ փոխաջակցման, փոխլրացման, ենթակայության, հիերարխիայի որոշակիորեն հաստատված կանոններ:
Կարծում եմ՝ ակնհայտ է, որ դրանք կան: Ավելին` ամրագրված են գրված և չգրված օրենքներով, բարոյական նորմերով, միջազգային պարտավորություններով: Եվ ինչքան էլ մենք հպարտանանք մեր բացառիկությամբ, մեր եսով, մեկ է ստիպված ենք ամեն օր հաշվի առնել դա:
Եվ կարծում եմ՝ այժմ ավելի հասկանալի է դառնում, թե ինչու էի ես պնդում, որ մեր քաղաքական գործիչները պարտավոր են հասկանալ՝ ինչ է դարերի մեջ ապրող մեր ժողովուրդը ուզում իրենցից: Եվ որ աշխարհաքաղաքական զարգացումները ճիշտ ընկալելու համար պետք է ընդունել վերը նշված, նպատակային գործունեության ունակ այդ սուբյեկտների, որպես բանական էակներ առկայությունը: Փորձել առաջին հերթին հասկանալ նրանց և ոչ միայն տվյալ պահին ապրող նրանց առաջնորդողներին: Հասկանալ թե այդ կազմավորումները իրենք ինչ պահանջներ ունեն, ինչ կուզենային, որ ձեռնարկվեր:
Կամ ավելի պարզեցված լեզվով՝ նրանց նայել որպես, որոշ չափով մեզ նման բանականություն ունեցող, բայց դարերի մեջ ապրող կենդանի էակներ, իրենց պահանջներով, իրենց խնդիրներով:
Համոզված եմ, որ եթե կարողանանք այդ տեսանկյունից նայել՝ աշխարհաքաղաքական անհասկանալի թվացող շատ ու շատ երևույթներ ավելի հստակ կընկալվեն, ավելի պարզ կլուսաբանվեն:
Պատմության մեջ առանձին անձանց դերը խիստ գնահատող մարդկանց կարծում եմ պետք է այժմ հիշեցնել, որ ինչպես մեծ բանաստեղծն է ասում՝ գործն է անմահ, լավ իմացեք:
Որ մարդիկ ընդամենը անցավորներն են: Որ ամենն ինչ չէ նրանց համար ստեղծվել: Նրանք, առաջին հերթին և ընդամենը, սոցիալական էակներ են: Որ հազարամյակների մեջ քայլող մարդկությունը՝ իր քաղաքակրթությամբ, դարերի մեջ ապրող ժողովուրդները, իրենց խնդիրներով, մշակույթային իրենց առանձնահատկություններով այդ՝ անմահ գործ կոչվածի իրագործման համար ստեղծված, առաջնային ու թելադրող բանական սուբյեկտներ են:
Այդ նրանք են գործիք դարձնելով մարդկանց, սերնդեսերունդ շարունակաբար սովորեցնում, ուղղորդում, պարտադրում նրանց ինչ ուզեն, ինչ անեն:
Եվ ելնելով իրենց առջև դրված նպատակներից, օգտագործելով նաև ի սկզբանե մեզ տրված բազմացման, ինքնապահպանման բնազդները, նյութկան մեր այլ պահանջները՝ այնպես են ուղղորդում, այնպիսի ցանկություններ, հակումներ են մեզ թելադրում, հարաբերությունների կարգավորման, համագործակցության, մրցակցության այնպիսի կանոններ են պարտադրում, որ գործենք, որ մեր մասին էլ միայն մտածելով, մեկ է այս կամ այն կերպ ծառայենք Մարդկություն կոչվող տեսակի քաղաքակրթության առաջընթացին:
Իհարկե այդ առաջընթացի կարևորությունը գիտակցող տաղանդավոր անհատները, միշտ էլ իրենց առանձին, լուրջ դերակատարումն են ունեցել: Բայց ակնհայտ է նաև, որ այն հիմնականում ապահովվել և ապահովվում է սերնդեսերունդ ողջ մարդկության ներգրավմամբ, զանգվածային մասնակցությամբ:
Սակայն այդ աստիճանի ներգրավվածության ապահովման համար բնական է, որ լուջ միջոցներ են պետք: Ինձ էլ են հաճախ են հարցնում՝ լավ այդ ոնց է լինում, որ, իրենց ազատ կամքով գործող մարդիկ առանց հասկանալու թե որքան է դա կարևոր, մեկ է ստիպված ծառայում են այդ առաջընթաց կոչվածին:
Իսկ այդ միջոցները կան: Մարդկությունը հիմնվելով այսպես կոչված, դիալեկտիկական՝ հակադրությունների պայքարի ուղով ինքնազարգացման ապահովման հնարավորությունը վրա, հատուկ մշակել է մարդկանց և նրանց կազմակերպված խմբերին՝ իրենց անհագուրդ պահանջների բավարարմանը դրդելով, ամենուր և անընդհատ մրցակցել իրար հետ: Իսկ թե ինչպես է դա նպաստում քաղաքակրթության առաջընթացին ես ստորև կփորձեմ մանրամասն անդրադառնալ:
Բայց մինչ այդ Ես նորից ստիպված եմ քիչ ավելի համեստացնել ընթերցողներին: Իրոք ամեն ինչ չէ որ մարդկանց համար է ստեղծվել: Ժողովուրդները, նրանց պետությունները միայն նրա համար չեն կազմավորվել, որ ամեն մի տվյալ պահին, ծառայեն իրենց անցավորներին, պայմաններ ստեղծեն, որ նրանք ավելի ապահով, ավելի բարեկեցիկ կյանքով ապրեն:Այդ սուբյեկտները իրենց խնդիրներն էլ ունեն: Եվ առաջին հերթին նրանք պարտավոր են ապահովել, ծառայել համընդհանուրի քաղաքակրթության առաջընթացին: Իսկ դրա համար հաճախ և շատ ու շատ դեպերում մարդկային լուջ զոհեր են նրանցից պահանջվել:
Իրոք, ինչպես վերը արդեն նշել էի, մարդիկ առաջին հերթին ուղղորդվող էակներ են: Հանրությունները, որպես կանոն, օգտագործելով իրենց լծակները, այնպես են նրանց դաստիրակում, որ միշտ ավելին ուզեն, քան հնարավոր է,կարող են: Եվ քանի որ համատեղ գործունեության արդյունքում ստեղծված բարիքները բաշխվում է որոշակի կանոններով, այդ կանոնները նրանց կողմից միտումնավոր՝ սահմանվում են այնպես, որ մարդիկ փորձեն ավելին ստանալու համար, մրցակցության մեջ մտնեն իրար հետ: Կամ Իրենց չխնայելով աշխատեն այլոցից ավելի լավ անել այն ինչ հանձնարարված է, կամ էլ իրենց ձեռք բերված ուժային լծակներով պարտադրեն դիմացինին, իրենց օգտին զիջումների գնալ:
Եվ քանի որ միշտ չէ, որ հաղթող կողմը ծախսածից ավելին է ստանում: Իսկ որպես կանոն, մրցակցության արդյունքները այս կամ այն կերպ գնահատվում, օգտակարը հիշվում, ամրագրվում է հետագայի համար, կարծում եմ ակնհայտ է դառնում, որ ամենատարբեր ոլորտներում էլ կազմակերպվող մրցակցությունների այդ ալիքը առաջին հերթին ծառայում է քաղաքակրթության առաջընթացին:
Իհարկե, միջանձնային փոխհարաբերությունների կազմակերպման այդ ձևը միշտ չէ, որ դրական արդյունքներ է տալիս: Առանձնապես երբ այն վայրենի, այսպես ասված ջունգլիականի բնույթ է ստանում: Եվ այն զսպելու, ուղղորդելու համար հանրությունները հատուկ միջոցներ են ստեղծում: Եվ ստիպում են, պարտադրում են մարդկանց թույլատրվածի սահմաններում միայն գործեն:
Բայց ֆիզիկական անձանց մեջ ծավալվող մրցակցությունը քաղաքակրթության զարգացման ապահովման միջոցներից մեկն է միայն:
Քանի որ համատեղ, փոխհամաձայնեցված գործունեությամբ, որպես կանոն, շատ ավելի լուրջ արժեքներ են ստեղծվում՝ մարդկության ինքնազարգացման գործընթացը ընթացել է այն հունով, որ աստիճանաբար առաջնությունը տրվել է համագործակցող մարդկանց լավ կազմակերպված խմբերին և այդ խմբերից աստիճանաբար կազմավորվող, իրենց արժեհամակարգը, բանականությունը ունեցող խմբավորումներին՝ ժողովուրդներին, տարածքային ընդհանրության հենքով ձևավորվող պետություններին:
Եվ բնական է, որ մարդկությունը, իր քաղաքակրթության առաջընթացը ապահովելու համար, այդ պետությունների, ժողովուրդների գոյատևման համար այնպիսի պայմաններ է ստեղծել, այնպիսի պահանջներ է նրանց թելադրել, որ նրանք էլ իբրև թե իրենց շահերին հետամուտ, հաճախ շատ դաժան, մրցակցության մեջ մտնեն իրար հետ: Եվ ինչպես ֆիզիկական անձանց մոտ էր, այդ պայքարն էլ, որպես կանոն, առաջին հերթին և հիմնականում ծառայել է, ոչ թե մրցակցող կողմերին, նրանք շատ հաճախ ծանր կորուստներ են կրել, այլ հանընդհանուրի քաղաքակրթության զարգացմանը: Այսպես օրինակ՝ երկու համաշխարհային պատերազմներից հետո էլ, չնայած մարդկային ահավոր զոհերին, քաղաքակրթության թռիչքաձև առաջընթաց է արձանագրվել:
Բայց ինչպես առանձին մարդկանց մոտ էր, ժողովուրդների, պետությունների չկարգավորվող, վայրագ մրցակցությունն էլ իր շատ ավելի վտանգավոր, լուրջ բացասական կողմերը ունի: Եվ բնական է, որ ողջ պատմության ընթացքում անընդհատ փորձեր են եղել, ինչ-որ ձևերով սահմանափակել արյունոտ պատերազմների ծագման վտանգը: Ավելի կառավարելի, ավելի մեղմ ընթացք տալ դրանց: Ցավոք, սակայն բավարար չափով այդպես էլ դեռ դա չի հաջողվել:
Իսկ այժմ՝ երբ զանգվածային ոչնչացման զենքերը այն աստիճանի են կատարելագործվել, որ կարող են սպառնալ հենց ողջ մարդկության գոյատևմանը, այդ խնդիրը իրոք արդեն շատ ու շատ կարևոր ու անհետաձգելի է դարձել:
Եվ բնական է, որ միջազգային ազդեցիկ կազմավորումները, Մարդկության այսօրվա պահանջները հասկացող ուժերը ամեն ինչ անում են, որ հասնեն դրան:
Ասվածից էլ արդեն հետևում է, որ Կրեմլը ներկայումս ձեռնոց է նետել ողջ մարդկությանը և հասկանալի է, որ դա անհետևանք չի կարող մնալ:
Քանի որ այդ ձեռնոցի հետ կապված մենք էլ մեր, վերը նշված կողմնորոշման խնդրը պետք է լուծենք, թույլ տվեք այսքանով ամփոփել միայն տեսական թվացող այս վերլուծությունը:
Եվ հաշվի առնելով նաև այն, որ տեղեկատվական տեխնոլոգիաների,հեռակապի հեռահաղորդակցման միջոցների աննախադեպ զարգացման այս դարում, բոլոր ժողովուրդները և նրանց այլ երկրներում բնակվող փոքրամասնությունները կարող են պահպանելով իրենց մշակույթային առանձնահատկությունները՝ առանց սահմանափակման ներգրավվել, ակտիվորեն մասնակցել քաղաքակրթության այժմյան առաջընթացին: Եվ երբ քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչներից շատ շատերն են գիտակցելով դա առաջարկում ընդհանրապես հրաժարվել ուժի կիրառումից, հարգել նաև փոքր երկրներ ինքնիշխանությունը: Եվ Երբ մեզ համար էլ առանձնապես կարևոր է որքան հնարավոր է շուտ դուրս գալ կիսագաղութային այս ահավոր կախվածությունից.
Կարծում եմ՝ իրավունք ունեմ դիմել մեր հայրենակիցներին խնդրանքով՝ ազատվելով անցյալի նյութապաշտական անհիմն կարծրատիպերից, հասկանալ թե դեպի ուր է այժմ ցանկանում գնալ մարդկությունը և որ ամբողջատիրական հակումներով գործող ուժերը մեկ է, մեկ է պարտվելու են:
Եվ հաշվի առնելով դա, նպաստել, պայքարել, պարտադրել, որ մեր երկիրը, առանց տատանման, հստակորեն հրաժարվի իր, այսպես կոչված, հյուսիսային կողմնորոշումից:
Արշակ ՍԱԴՈՅԱՆ