Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի Ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ:
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.
«Ձեր չափազանց հարուստ մասնագիտական և անձնական կենսագրությունը, ներդրումը մի շարք հավակնոտ նախագծերում և ծրագրերում, այդ թվում նաև Հայաստանում, ստեղծել են մնայուն բարի համբավ Արգենտինայում, Հայաստանում և ամբողջ աշխարհում:
Դուք գիտեք՝ ինչպես բարեգործություն անել և ում աջակցել: Դուք գիտեք՝ ինչպես և որտեղ ներդրումներ անել: Բայց ամենակարևորը՝ Դուք գիտեք այդ մասին չբարձրաձայնել: Այդուհանդերձ, չնայած Ձեր սկզբունքային լռությանը, Հայաստանում և Արցախում, նրանց սահմաններից դուրս գիտեն, թե ինչքան ընդգրկուն է Ձեր գործարարության ու բարեգործության շրջանակը:
Հայաստանում, պատկերավոր ասած, դրանք ձգվում են երկինք: Ձեր կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերը տարածվում են հայաստանյան օդանավակայաններից մինչև գյուղատնտեսություն, հոգևոր կյանքից մինչև բանկային ոլորտ: Ընդ որում, Ձեր շնորհիվ ներդրվել են ոչ միայն գումարներ, այլև գործարար նոր մշակույթ, մտածելակերպ, աշխատաոճ ու մոտեցում:
Ձեզ հետ ունեցած զրույցներից անձամբ գիտեմ, թե ինչպես եք վերաբերվում Հայրենիքին, աշխատանքին ու աշխատող մարդուն: Դուք հենց այդպիսի՝ աշխատանքի մարդ եք, և Հայաստանի ազգային հերոսի կոչումն արժանի գնահատականն է Ձեր ավանդի ու ծառայությունների»:
Կարդացեք նաև
ՀՀ ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ