ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը «Մոսկվա՞, թե՞ Վաշինգտոն. Հայաստանի ընտրությունը» խորագրով քննարկման ժամանակ հիշեցրեց. «1989 թվականին հայ ժողովուրդը կայացրեց պատմական որոշում վերամիավորման մասին: Մինչ այդ, եւ դրանից որոշ ժամանակ հետո ամբողջ մեր ժողովուրդը ուներ մեկ նպատակ. Արցախը պետք է միանար Հայաստանին: Եվ այդպես էլ եղավ 33 տարի առաջ: Հետո, ցավոք սրտի, Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ շեղել: ՀՀՇ-ն` լիբերալները միշտ դեմ էին այդ ազգային գծին: Տեր-Պետրոսյանը շեղեց մեր ընդհանուր վեկտորը, ձեւավորեց, այսպես ասած, անկախ Արցախ ձեւակերպումը, ինչը ի վերջո, պառակտեց ազգը: Ցավոք, այդ ճանապարհն էլ թողեցին կիսատ, որովհետեւ Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը: Արցախի վերաբերյալ մեր մոտեցումները մնացին օդում: Մենք այդպես էլ չհասկացանք, թե մենք ինչ ենք ուզում` միացո՞ւմ, անկախությո՞ւն, թե ինչ: Եվ դա մեր գլխավոր ստրատեգիական սխալն էր, ինչը բերեց այս տխուր արդյունքներին:
Արցախը որպես տարածք ըստ մեր սահմանադրության Հայաստանի Հանրապետության մաս է: Եվ երբ որ Նիկոլն ու նիկոլականները փորձում են խոսել Արցախը Ադրբեջանի կազմում լինելու մասին, խախտում են ՀՀ սահմանադրությունը Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, ինչը քրեորեն պատժելի է: Դեկտեմբերի 1-ի որոշումը, կրկնում եմ, ֆիքսված է ՀՀ սահմանադրության մեջ:
Ինչ վերաբերում է այսօրվա իրավիճակին, ակնհայտ է, որ Արեւմուտքը ուզում է գործը տանել դեպի պատերազմ մեր տարածաշրջանում: Ինչի՞: Որովհետեւ շատ ձեռնտու է, որ այս տարածաշրջանում սկսվի պատերազմ եւ այդ պատերազմը հարվածի Ռուսաստանին, որը, գիտենք, այսօր երկու ճակատով պատերազմել չի կարող, եթե այստեղ պատերազմ սկսվի չմտնել նույնպես չի կարող:
Ի՞նչ ենք մենք ուզում տվյալ դեպքում: Իհարկե, բոլոր դեպքերում պետք է խուսափել պատերազմից, որովհետեւ ներկայիս իշխանությունը հայոց բանակը թուլացրեց, դաշնակցային հարաբերությունները նույնպես բերեց այն վիճակին, որ կարելի է ասել` մինուսային է: Իսկ երկրի անվտանգությունը երկու բաղադրիչից է. պաշտպանվածության սեփական հնարավորությունները եւ քո դաշնակցային հարաբերությունների ամրությունը: Երկուսն էլ ներկայիս իշխանությունները ոչնչացրեցին:
Կարդացեք նաև
Այստեղ կա միջանցքի շատ կարեւոր հարցը, որն Ադրբեջանն ուզում է դարձնել պատրվակ հարձակման համար: Եվ հասկանալի է, որ եթե Ռուսաստանը սկսի անհաջողություններ կրել, ապա նրանք կփորձեն ճեղքել Սյունիքը: 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունում հստակ գրված է, որ այդ ճանապարհը վերահսկվելու է Ռուսաստանի զինված ուժերի կողմից: Արեւմուտքը նախատեսում է այդ ճանապարհով ոչ միայն կապ ստեղծել Թուրքիայի, Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ, այլեւ շրջանցելով Ռուսաստանը` դուրս գալ դեպի նավթային եւ գազային նոր ուղիներ: Դրա համար է, որ շտապում են, այսպես կոչված խաղաղության պայմանագիրը կնքել եւ մեզ ստիպել հրաժարվել մեր ազգային արժեքներից»:
Հայկ Բաբուխանյանը ստեղծված իրավիճակում Հայաստանի անվտանգությունը տեսնում է Ռուսաստանի հետ միութենական պետություն կազմելու վիճելի որոշում կայացնելու անհրաժեշտության մեջ, հակառակ դեպքում շատ ավելի վատ ժամանակներ է կանխատեսում Հայաստանի եւ Արցախի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նկատառում վերջին պարբերության մասով՝ ինչու՞ “վիճելի որոշում”, այլ ոչ թէ՝ “երկար սպասված”։
Քարտեզին պետք է ավելի հաճախ նայել ու մեծամտաբար չվիճել սեփական երկրի աշխարհագրության հետ։
Փաստորեն, ապազգային լիբերալ Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ն անկախություն կերտեցին, բանակ ստեղծեցին, հաղթեցին արցախյան պատերազմում, իսկ ազգային գործիչ Բաբուխանյով Айк-ը առաջարկում է հրաժարվել անկախությունից, դառնալ Ռուսաստանի ծայրագավառ: Հետաքրքիր է:
Արտաքսել է պետք սրան ու վերջ կամ ՀՀ անկախության և ինքնիշխանության դեմ հանցանքի համար դատել։ Գործակալական ցանցը անցել է բացահայտ հարձակման։