ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Մոսկվա՞, թե՞ Վաշինգտոն. Հայաստանի ընտրությունը» խորագրով քննարկման ժամանակ խոսքն այսպես սկսեց. «Եթե Նիկոլ Փաշինյանն առ այս պահը չլիներ իշխանության, վստահեցնում եմ, որ մենք կասեինք ոչ ռուսական, ոչ արեւմտյան տարբերակ: Կասեինք միայն ու բացառապես հայկական տարբերակ, որին մենք մոտ էինք մինչեւ 2018 թվականի թավշյա իշխանազավթումը: Հիմա ես փորձելու եմ Նիկոլ Փաշինյանի բոլոր ֆեյք ջոկերները այստեղ տրաքացնել:
Ինքն իր բոլոր ինքնաասուլիսների ժամանակ հայտարարում է, որ Արցախը նախկին իշխանությունները արդեն ծախել էին 2007 թվականին: Ես հիմա չեմ ցիտելու Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների հայտարարությունը, որտեղ հստակ նշված է. Մադրիդյան սկզբունքներ` հիմնված երեք հիմնարար մեխերի`ուժի եւ սպառնալիքի չկիրառում, ազգերի ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն: Ես պարզապես ցիտելու եմ հենց Ալիեւին: Մի քանի օր առաջ Ալիեւը 2,5 ժամանոց ելույթ ունեցավ միջազգային ինչ-որ կոնֆերանսում, որտեղ ուղիղ ասաց. «Մինչեւ այս իշխանափոխությունը միջազգային հանրությունն ինձ մշտապես ասում էր, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը բացարձակապես այլ կոնֆլիկտ է եւ այն որեւէ կերպ որեւէ աղերս չունի Աբխազիայի. Օսեթիայի եւ Մերձդնեստրի հետ: Ղարաբաղյան կոնֆլիկտի դեպքում միայն եւ բացառապես տարածքային ամբողջականությունը չի գործում: Սա ասել է Ալիեւը մի քանի օր առաջ եւ առ այս պահը որեւէ մեկը` Նիկոլը, իր ԱԳՆ-ն չի արձագանքել եւ չի ասել. ոնց թե, 2007-ին նախկին իշխանությունները ծախել էին Արցախը»:
Տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, որ վերջերս է վերադարձել Ստրասբուրգից, որտեղ փորձագետների հետ քննարկում էր: «Այնտեղ ասում էին` Մադրիդյան սկզբունքները դիվանագիտական շեդեվր է եղել: Այն, ինչին կարողացել է հասնել Սարգսյան-Նալբանդյան դուետը, եղել է դիվանագիտական գլուխգործոց, եւ մենք դրա վրա լուրջ դիվանագիտություն էինք սովորեցնում, թե ինչպես պիտի բանակցել` իմանալով, որ ըստ էության միջազգային հանրության ամենակարեւոր մեխերից մեկը տարածքային ամբողջականությունն է եւ շատ գրագետ, դիվանագիտորեն բերել եւ դնել դրան համահավասար:
Իսկ հիմա ո՞ւր ենք մենք հասել: Լավրովը մի քանի օր առաջ պայթեցրեց Նիկոլին` ասելով, որ Պրահայում Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Արցախը Ադրբեջանի կազմում վաշինգտոնյան փաթեթին: Իսկ դրան Նիկոլից կամ նրա ԱԳՆ-ից որեւէ արձագանք եղել է՞: Արձագանք չի եղել նաեւ Ալիեւի մյուս արտահայտությանը: Ցիտում եմ. «Հայաստանին ես որպես պետություն չեմ դիտարկում: Իսկ Հայաստանին առնչվող հարցերը ես քննարկում եմ Ռուսաստանի հետ: Այդ թվում, ես Ռուսաստանի հետ քննարկում եմ Զանգեզուրի միջանցքի հարցը, որը լինելու է»: Իսկ սրան ինչ-որ պատասխան եղել է՞»-հստակ հարց հնչեցրեց Նաիրա Զոհրաբյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ