«Հասարակության մի զգալի հատվածը դժգոհություն ունի եւ այդ դժգոհության հետ կապված լուծումներն այս պահին չի կապում որեւէ մի հստակ քաղաքական ուժի հետ,– այսպես մեկնաբանեց «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարին հյուրընկալված «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը՝ «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ MPG ընկերության հարցումը, ըստ որի՝ հարցվածների 47.4 տոկոսը պատասխանել է, որ չէր քվեարկի քաղաքական որևէ ուժի օգտին, եթե առաջիկա կիրակի օրը կայանային խորհրդարանական ընտրություններ։- ՀՀ քաղաքացուն չի գոհացնում առկա իրավիճակը՝ անվտանգային, գոյութենական խնդիրների հետ կապված եւ ՀՀ–ում իր եւ իր ընտանիքի ապրելու հեռանկարը, եւ որեւէ բան պլանավորելու՝ գոնե կարճաժամկետ 3-5 տարի հատվածով»։
2021թ․-ի հարցումների տվյալներով՝ հարցվածների մոտ 30%-ը պատրաստ էր ՔՊ-ի օգտին քվեարկել, իսկ այսօր, փաստորեն, 17.5%-ը։ Միաժամանակ նվազել է նաեւ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ« դաշինքների կողմնակիցների թիվը։ «Հայաստանի» օգտին պատրաստ է քվեարկել հարցման մասնակիցների 4,5 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ»-ի օգտին՝ 2,2 տոկոսը։ Հաղորդման մյուս հյուրը՝ « Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ MPG ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը, մեկնաբանելով ՔՊ-ի վարկանիշի նվազումը, ասաց․ «Անգամ եթե չլինեին այն արհավիրքները, որոնք պատել են մեր երկիրը՝ իշխող ուժի վարկանիշը միշտ հակված է նվազելու․․․Բայց եթե համեմատենք «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը 2018 թվականին եւ այժմ՝ կհասկանանք, որ նրանց վարկանիշից, ըստ էության՝ բան չի մնացել։ 17.5%-ն, իհարկե, ավելի բարձր տոկոս է, քան այլ կուսակցություններինը, բայց եկեք չմոռանանք, որ խոսում ենք իշխող կուսակցության մասին, եւ մարդկանց այն զանգվածը, որ միշտ հակված է քվեարկելու իշխող ուժի օգտին՝ իր դերակատարությունն ունի»։ Իսկ ընդդիմադիրների վարկանիշի նվազումն այսպես մեկնաբանեց․ «Կարծում եմ, դա ուղիղ համեմատականի մեջ է, թե ինչ են նրանք անում եւ ինչ արդյունքների են հասնում»։
Սոս Հակոբյանն էլ ընդգծեց․ «Մարդիկ արդյունք են ուզում։ Մարդիկ քաղաքական ուժերին պատվիրում են ոչ թե ունենալ լավ պայքար, անզիջում բառապաշար ու միայն բոցաշունչ ելույթներ, այլ արդյունքներ՝ փոքր, միջին, մեծ։ Մեր՝ ընդդիմության հիմնական խնդիրն այդ է»։
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցրեց գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում՝ մասնավորապես պատճառաբանելով, թե շարունակում են կարծել, թե բոլոր այն հիմքերը, որոնք ստիպում էին բոյկոտել ԱԺ նիստերն ամիսներ առաջ, շարունակում են արդիական մնալ նաև այսօր․ «Կուսակցության խորհրդի որոշումը նաև մեր հանրության տարբեր շերտերի հետ շփումների և քննարկումների արդյունք է»։ Արամ Նավասարդյանը հարցին ի պատասխան՝ հանրությունն իրո՞ք ճիշտ է համարում, որ ընդդիմությունը չպիտի օգտագործի նաեւ խորհրդարանական գործիքակազմը՝ պատասխանեց․ «Մեր նախավերջին հարցման ընթացքում ունեցել ենք այդպիսի հարց՝ արդյոք պե՞տք է, որ ընդդիմությունը վերադառնա Ազգային ժողով; Եվ եթե չեմ սխալվում՝ մեծամասնությունը պատասխանել էր, թե պետք չէ վերադառնալ ԱԺ»։ Հավելեց, թե ընդդիմության ամենախնդրահարույց հարցն առաջնորդի բացակայությունն է․ «Երբ 2 տարվա ընթացքում հստակ չես ասում, թե ով է շարժման առաջնորդը, դա հանգեցնում է ամորֆ արդյունքների, ինչի ականատեսն ենք»։
Կարդացեք նաև
MPG ընկերության ղեկավարը հիշատակեց սեպտեմբերի 14-ի այն հավաքը, որը հաջորդեց ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վարչապետի հայտարարությանը, թե պատրաստ է ստորագրել մի փաստաթուղթ, որը տեւական խաղաղություն եւ անվտանգություն կապահովի Հայաստանի համար 29,800 կմ քառակուսի տարածքում։ «Մարդկանց այն զանգվածը, այն տրամադրությունը որ կար՝ եթե այդ զանգվածին կառավարեր Նիկոլ Փաշինյանը՝ երկու անգամ հեղափոխություն կաներ»։ Սոս Հակոբյանը, սակայն, որպես ականատես հիշեցրեց․ «Մարդիկ կային, որոնք փորձեցին ստանձնել կազմակերպչական աշխատանքները, եւ նրանք ձախողվեցին այդ օրը»։
«Հայրենիք» կուսակցության խոսնակն ամփոփեց խոսքը պատկերավոր համեմատությամբ․ «Վերլուծելով երկու տարվա մեր շարժումները, իրենց բարձրակետերը, թվացյալ հաջողությունները, հետո անկումը եւ արդյունքի չհասնելը՝ պետք է հասկանալ, որ բնության մեջ էլ է այդպես՝ ինչ որ մի բան ծաղկում է, տարիներով աճում, հետո այն ոչնչանում է եւ որպես պարարտանյութ ծառայելով՝ հողում իր վրա աճում են նոր ծառեր։ Նույնն ընդդիմության հետ է․ ճիշտ է՝ մենք տիեզերքից նոր մարդկանց չենք գտնելու՝ սա սերնդափոխություն է, որը ժամանակի ընթացքում է լինում, բայց այդ նույն մարդիկ ու կուսակցությունները մարտավարական ու ծրագրային փոփոխություններով ու նոր դեմքերով, գուցե նոր դաշինքներով ներկայանալով՝ նոր առաջարկ կմատուցեն մարդկանց՝ ես վստահ եմ»։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ