Հարգելի ընթերցողներ
ինձ հաճախ են դիմում՝ ինչու այսպես եղավ, պատերազմ կլինի թե ոչ, առաջիկայում մեզ ինչ է սպասվում հարցերով: Եվ քանի որ հաճախ էլ հնարավոր չի լինում ոտքի վրա, ամբողջական լուրջ հիմնավորումները տալ, ստիպված եմ լինում բավարարվել կիսախուսափողական պատասխաններով:
Ես իրոք գտնում եմ, որ քաղաքականությունը գիտության, մարդաճանաչության, արվեստի, մի շատ բարդ խառնուրդ է: Եվ դրան առնչվող հարցերին բավարար պատասխան տալու համար, շատ դեպքերում իրոք, անհրաժեշտ է դառնում խորքային լուրջ խնդիրներին էլ ստիպված անդրադառնալ:
Հույս ունենալով, որ մեր ապագայով մտահոգվողները քիչ ավելի ուշադիր կլինեն, այս անգամ կփորձեմ, մեր առջև ծառացած կոնկրետ մի հարցի վերլուծման օրինակով ցույց տալ թե պատմության ընթացքը ինչպես և ինչ գործիքակազմով է հիմնականում կարգավորվում: Եվ նշված այդ խնդրի որ լուծումը օգտակար կլինի:
Կարդացեք նաև
Նախ կողմնորոշման խնդրի մասին:
Կարծում եմ՝ շատերին էլ այժմ պարզ է դարձել, որ Կրեմլի սանձազերծած և ժողովրդավարական շատ երկրների կտրուկ պատասխանին արժանացած ռուս-ուկրաինական այս պատերազմը իրականում քաղաքակրթական տրամագծորեն տարբեր հայացքներ ունեցող ուժերի առճակատում է: Եվ բնական է, որ այն աշխարհով մեկ իր շատ խորը հետքն է թողնելու և համաշխարհայնացման արդի գործընթացների, և աշխարհաքաղաքական հետագա բոլոր զարգացումների վրա:
Լայնածավալ կորուստները, որ երկու կողմերն էլ այժմ կրում են: Արդեն 100 միլիարդ դոլարին հասնով ծախսերը, որ ստիպված անում է Արևմուտքը: Աճող սովի սպառնալիքը, որ դեռ կախված է թույլ զարգացած երկրների վրա բնական է, հուշում է, որ այդ պատերազմը նյութական, տարածքային խնդիրներին անմիջականորեն առնչվող հարցերով չէ միայն պայմանավորվել:
Եվ քանի որ զանգվածային ոչնչացման զինանոցով հագեցած այս դարում, միջազգայնացող լուջ բախումներից ընդհանրապես պետք էր հրաժարվել, բնական է հարց է ծագում, ի վերջո ինչը ստիպեց Կրեմլին գնալ այդ քայլին:
Իսկ այդ հարցի հիմնավորված պատասխան գտնելը մեզ համար այժմ շատ կարևոր է դարձել: Մարտնչող կողմերը մեզնից էլ են պահանջում մեր դիրքորոշումը ճշտել: Եվ մենք ստիպված ենք, խորքային բոլոր փաստարկներն էլ ծանր ու թեթև անելով, վերջապես հստակ որոշել, որ կողմին ենք առաջնությունը տալու: Մեր ապագայի կերտման ինչ ուղի ենք ընտրելու:
Նշված անզիջում այդ պայքարի մի կողմում այսօր կանգնած է առաջընթացի ուղիները տեսնող, ժողովրդավարական երկրների մի ամբողջ համախումբ: Իսկ մյուսում՝ գաղութատիրական հակումներով, ավտորիտար Ռուսաստանն է, իր մի քանի սատելիտներով: Որոնց մոտ, երկար ժամանակ է ինչ մենիշխանություն է հաստատվել և փաստորեն ամբողջությամբ մեկ անձի քմահաճույքներով են շարունակաբար կառավարում: Ինչն էլ բնական է բերում է հակազդման: Եվ նրանց մոտ օր օրի, ավելի ու ավելի է խորանում, այսպես կոչված գունավոր, հեղափոխությունների ծավալման լուջ վտանգը:
Եվ կարծում եմ, առաջին հերթին, դա հաշվի առնելով, պետք է համաձայնվել, որ այն ինչ այժմ կատարվում է ուկրաինական թատերաբեմում իրականում մենիշխանությանը սովոր, ամբողջատիրական հակումներով կառավարվող ուժերի հուսահատ ճիգն է շրջել պատմության ընթացքը: Միջուկայինի կիրառման սպառնալիքով ահաբեկել ժողովրդավարներին, ուժի կիրառումը դարձնել նորմ: Եվ իրենց կամքը թելադրելով թույլերին, զրկել ինքնիշխանությունից, իրենց բախտի որոշմանը մասնակցելու իրավունքից: Վերականգնել գաղութատիրական կարգերը գոնե խորհրդային անցյալի եղած սահմաններում:
Ցավոք, օտար քարոզչության և առաջին հերթին աշխարհայացքային որոշ հարցերի մասին թյուր պատկերացումներ ունենալու պատճառով, այդ անցյալի վերադարձի ահավոր վտանգավորությունը մեզ մոտ էլ դեռ շատ շատերը պարզ չեն ընկալում: Չեն կարողանում, չեն էլ փորձում տեսնել, որ մեր դժբախտությունների բուն պատճառը, մենիշխանությունն է եղել և հյուսիսից ահավոր կախվածությունը: Որ ժողովրդավարության լուրջ պակաս ենք մենք միշտ ունեցել: Եվ այժմ էլ ունենք: Որ կառավարման, կարգավորման այն ահավոր սխալները, որ չվերահսկվող իշխանություն ունեցող մեր առաջին դեմքերն են իրենց կարճ խելքով թույլ տվել, հենց այդ պատճառով է եղել:
Պատմության, քաղաքակրթության առաջընթացի մեջ առանձին անհատների տեղն ու դերը, մեզ մոտ հաճախ է իզուր տեղը գերագնահատվում: Շատերը չեն էլ փորձում հասկանալ, որ միայն գաղափարական ամուր հիմքերով մշակված, համատեղ քննարկված, ընդհանուրի հավանությանը արժանացած լուծումներն են, որ որպես կանոն օգտակար ու ավելի արդյունավետ են լինում:
Որ այն հազվագյուտ դեպքերը, երբ տիրանները քիչ թե շատ դրական, լուրջ դերակատարում են ունեցել, առաջին հերթին պայմանավորված է եղել նրանով, որ նրանք ժամանակի շունչն են զգացել, պահանջվող դաստիրակությունն են ստացել: Կարողացել են լսել մարդկանց, զգալ ինչ են ժառանգել, ինչն է հնարավոր: Եվ կարողացել են շատերի համար էլ ընդունելի, ընկալվող, հստակ մշակված ծրագրեր առաջարկել:
«Առավոտ» օրաթերթում տպագրված իմ նախորդ հոդվածներում ես արդեն անդրադարձել էի այդ հարցերին: Նշել էի նաև մեր քաղաքական դաշտի վերաձևման, թարմացման անհրաժեշտությունը: Եվ այն, որ չնայած բարդությանը՝ Ժողովուրդ, երկիր, պետություն կառավարելու հավակնություն ունեցող մեր գործիչները պետք է որ աշխարհաքաղաքականության, աշխարհընկալման վճռորոշ հարցերի մասին էլ հստակ պատկերացումներ ունենան: Գերի չդառնան այլոց թելադրված կարծրատիպերին: Իրենք էլ փորձեն տեսնել, զգալ թե ինչու, ինչպես և դեպի ուր է գնում տասնյակ հազարամյակների մեջ ապրող մարդկությունը, դարերի մեջ ապրող իր ազգերով, ժողովուրդներով: Ինչն է նրանց կազմավորման բուն պատճառը: Նրանք, այդ սուբյեկտները ինչ են ուզում, ինչ խնդիրներ են իրենց առջև դնում և ինչու են իրար հետ հաճախ անզիջում պայքարի մեջ մտնում:
Եվ այդ հարցերի պատասխանները գտնելուց հետո նոր միայն փորձեն մեր ապագային առնչվող խնդիրների մասին լուծումներ առաջարկել:
Ապագա կա ասելով չէ ապագան որոշվում: Իհարկե նորելուկների համար քիչ դժվար է, բայց հեռանկարին առնչվող հարցերի լուծման համար, իրոք պետք է նախ փորձել հասկանալ՝ թե համախմբման, ուղղորդման համաշխարհայնացման գործընթացները առաջիկայում ինչ նոր ընթացք են ստանալու: Հեռակապի, հեռահաղորդակցման աննախադեպ զարգացման այս դարում ինչ տեղ է հատկացվելու տարածքային հենքով ձևավորված պետություններին և ինչպես են զարգանալու, ինչ դեր են ստանձնելու միջազգային, սահմաններ չճանաչող կազմավորումները: Աշխարհով մեկ կարգ ու կանոնի հաստատման ինչ նոր կառույցներ են ձևավորվելու: Ազգամիջյան հարաբերությունների կարգավորման մարմինների լիազորությունները որքանով են ընդլայնվելու, մրցակցության կանոնները որքանով են մեղմվելու: Աշխարհաքաղաքական ինչ շրջադարձեր են առաջիկայում սպասվում:
Ես քիչ երկար կանգ առա, հատուկ թվարկեցի դիրքորոշման վերը նշված խնդրի հետ անմիջականորեն կապված հարցերի այդ ցուցակը, որպեսզի շեշտեմ, թե գաղափարականի առումով, որքան է ամլացել մեր քաղաքական դաշտը: Ինչ ցավալի վիճակում են նրա ներկայացուցիչները հայտնվել, որ այդպես էլ չեն համարձակվում այդ հարցերի մասին իրենց կարծիքը հայտնել, չեն փորձում անգամ այդ թեմաներով, քննարկումներ ծավալել:
Թող անհամեստ չհնչի, բայց կարծում եմ, իրոք, մեր գործիչներից շատ շատերը՝ այդպես էլ չեն կարողանում ընկալել, որ մարդկությունը ինքն էլ որպես ամբողջություն որոշակի իմաստով ինքնակառավարվող, հազարամյակների մեջ անընդհատ ինքնակատարելագործվող, նպատակային գործունեության սուբյեկտ է իր այս կամ այն կերպ ամրագրված պատմությամբ, իր քաղաքակրթությամբ:
Որ մշակույթային իրենց առանձնահատկություններով, դիմակայման, զարգացման իրենց նպատակներով, խնդիրներով, ժամանակի անհամեմատ լայն հատվածում, սերնդափոխությունների երկար ընթացքով իրենց գործունեությունը ծավալող մարդկանց կազմակերպված խմբերը՝ ազգերը, ժողովուրդները, նույնպես այդպիսի ամբողջական սուբյեկտներ են:
Առանձնապես ցավալի է, որ այդ սուբյեկտների միջև ընթացող, հաճախ խիստ դաժան մրցակցության, պատերազմների ծագման խորքային պատճառների մասին էլ նրանք՝ մեր այդ գործիչները բավական աղքատիկ պատկերացումներ ունեն: Նրանց թվում է, որ այդ բախումները հիմնականում, տվյալ պահին ապրող մարդկանց նյութականին առնչվող շահերով են միայն պայմանավորվում:
Նրանց մտքով էլ չի անցնում, որ նյութականը ընդամենը խայծն է: Շահագրգռելու, մարդկանց մրցակցության մեջ ներգրավելու գործիք, միջոց:
Որ մարդկության, նրա քաղաքակրթության զարգացման հրամայականով է պատմության ողջ ընթացքը ի վերջո որոշվում, կարգավորվում: Եվ վերը նշված այս առճակատումն էլ իրոք, լրիվ այլ հանգամանքներով է պայմանավորված: Եվ որ մեր դիրքորոշման այդ խնդրի լուծումից է կախված, ոչ միայն մեր, այլ նաև մեր երեխաների, թոռների ապագան: Եվ չի կարելի թույլ տալ, որ այս անգամ էլ նորից սխալվենք:
Ակնհայտ է նաև, որ այս հարցում էլ նույնպես, հույսը չի կարելի դնել ոչ այսօրվա իշխանավորների և ոչ էլ այսօրվա խորհրդարանական ընդդիմության վրա: Բոլոր հնարավոր ձևերով պետք է ազդեցության լուրջ լծակներ ձեռք բերել: Հանրային լուրջ քննարկումներով, զանգվածային ճնշմամբ համապատասխան մթնոլորտ ձևավորել: Եվ օգտակար, ճիշտ լուծումը ուղակի պարտադրել:
Ես բնական է, որ դեպի ժողովրդավարական երկրները կողմնորոշվելու որոշման կողմնակիցն եմ: Եվ շատ եմ ուզում, որ այն բոլորի կողմից էլ ընդունվի: Մարդիկ իրենց ազատ կամքով, սառը դատելով կարողանան դա ճիշտ համարել:
Սակայն, ինչպես վերը նշել էի, դրան կարող է խանգարել նաև այն, որ մինչ այժմ էլ խորհրդային նենգափոխված մատերիալիզմի ցավոտ կապանքներից շատ շատերը դեռ չեն ազատվել: Գաղափարականի, համոզմունքների, արժեքային համակարգերի, ժառանգված, ամրագրված տեսլականի, առանձնահատուկ դերը, ուղղորդող շարժիչ ուժը, քաղաքակրթության զարգացման մեջ դրանց որոշիչ դերը, հրամայականը այդպես էլ չեն ընկալել:
Շարունակելի
Արշակ ՍԱԴՈՅԱՆ