Արցախի հարցով Ազգային Ժողովի երեկվա քննարկումները կրկին ապացուցում են, որ ծանր կացությունը, որում հայտնվել են Հայաստանն ու հայ ժողովուրդը, պահանջում է քաղաքական դաշտին վերաբերող այն գործընթացների անկեղծ և հնարավորինս խորը վերլուծություն, որոնք պայմանավորել են այս 4 տարիների զարգացումները Հայաստանի ներսում և կարող են կա՛մ խաչ քաշել, կա՛մ լույս վառել Հայաստանի ապագայի համար:
Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում նաև Հայաստանի ընդդիմության պատմությունը 2018 թվականից կարիք ունի անկեղծ վերլուծության՝ անկախ ամբիցիաներից, շահերից եւ քարոզչական շղարշից։
Իհարկե, այս հոդվածը դրա հավակնությունը չունի, այդուհանդերձ փորձենք հասկանալ ինչ է եղել Հայաստանի ներքաղաքական ընդդիմադիր կյանքում, ինչ երևույթներ, գործընթացներ են կատարվել, որոնք պայմանավորել են հետագա զարգացումները, ինչպես է այդ ամենն ազդում այսօրվա և որ ամենակարևորն է ՝ վաղվա վրա:
2018-ի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի քաղաքական դաշտն ամլացավ, քանզի առկա քաղաքական մեծամասնությունը կա՛մ շահի, կա՛մ վախի, կա՛մ համակրանքի, կամ որևէ այլ գործոնի ազդեցության տակ սատարում էր Նիկոլ Փաշինյանին, իսկ միակ քաղաքական ընդդիմադիր ուժ դիրքավորվեց բացառապես Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:
Կարդացեք նաև
Դա տեղի ունեցավ 2018-ի մայիսի 8-ին, անմիջապես Նիկոլ Փաշինյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո:
Ընդդիմադիր դաշտի ամլացումից հետո, երբ Հանրապետականը դարձել էր ընդդիմադիր դաշտի միակ քաղաքական ուժը, իսկ իրականում ատելության թիրախ էր հանդիսանում, արդեն դժվար էր խոսել Հայաստանի քաղաքական դաշտի նորմալացման հնարավորության մասին:
2018 թ. հոկտեմբերի 2-ի ԱԺ հայտնի պաշարումից և Բաղրամյան պողոտայի վրա Նիկոլի կողմից ստորագրված ազատման դիմումներից հետո ընդդիմադիր դաշտը համալրվեց նաև Հայ Յեղափոխական Դաշնակցություն և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններով, որոնք լինելով Նիկոլի կառավարության մաս, հայտնի իրադարձությունների արդյունքում դուրս մղվեցին իշխանություններից՝ ստիպված հայտնվելով ընդդիմադիր դաշտում:
2018-ի խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր դաշտի քաղաքական դերակատարների «համալրումը» տեղի էր ունենում հիմնականում կա՛մ անհատական մղումներով թելադրվող կուսակցությունների, կա՛մ Նիկոլին սպասարկելու, արբանյակ քաղաքական ուժեր ստեղծելու ուղղությամբ, կա՛մ առկա ուժերի պրոնիկոլական վերադիրքավորումներով:
Մինչև 44-օրյա պատերազմ, երևի թե ամենատեսանելի ընդդիմադիր ֆորմատը ԲՀԿ – ՀՅԴ – «Հայրենիք» եռյակն էր, որում Հանրապետականին՝ ամենահնաբնակ ընդդիմությանը, տեղ չհատկացվեց, ըստ ամենայնի՝ «դուք նախկիններ եք և վարկաբեկված եք» պատճառաբանությամբ:
Այդպես շարունակվեց մինչև 44-օրյա պատերազմը:
Պատերազմի ընթացքում ընդդիմադիր բոլոր ուժերը մի քանի անգամ առանձին-առանձին և միասին վերցված հայտարարեցին, որ դադարեցնում են ներքաղաքական պայքարը, համախմբվում են ժողովրդի և բանակի շուրջ, կենտրոնանում են բացառապես պատերազմի վրա:
44-օրյա պատերազմի ողբերգական ավարտից հետո հասարակությունը շոկի մեջ էր, և այդ շոկը դրսևորվում էր թե՛ անձնական, թե՛ հասարակական տարածքներում:
Ցավոք, ինչ-ինչ պատճառներից ելնելով` ընդդիմությունն այդ առաջին օրերին ի վիճակի չեղավ վերցնելու իր վրա հանրային դժգոհությունը համախմբելու և ծրագրավորված գործողություններ իրականացնելու առաքելությունը:
Դրանից անմիջապես հետո ծնված ՀՓՇ-ն, որը տարբեր ժամանակահատվածներում միավորում էր 14-19 քաղաքական կառույցներ, նույնպես ուներ իշխանափոխության շանսեր: Սակայն, ակնհայտ էր, որ պահն արդեն բաց էր թողնված և գործի էին անցել աշխարհաքաղաքական լրջագույն գործոնները:
Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամն ակնհայտ էր դրսի խաղացողների համար, որոնք կարիք ունեին Հարավային Կովկասում կանխատեսելի, ստաբիլ քաղաքական նոր կոնֆիգուրացիայի և միակ ելքը տեսնում էին Հայաստանում արտահերթ ընտրությունների կազմակերպման մեջ:
Այդպիսի փորձ Նիկոլ Փաշինյանի շուրթերով արվեց 2018 թ. դեկտեմբերի վերջին, սակայն, ստանալով կտրուկ հակազդեցություն, Նիկոլ Փաշինյանն ինքը փակեց այդ ժամանակ արտահերթ ընտրությունների թեման:
Հայաստանում արտահերթ ընտրությունների միջոցով «գոլորշի թողնելու» հաջորդ փորձը կատարվեց 2021 թ. փետրվար-մարտ ամիսներին և այս անգամ արտաքին խաղացողները շատ ավելի համառ էին և ակամայից ավելի սինխրոնիզացված էին գործում՝ քաղաքական դաշտի տարբեր թևերին «բերելով» արտահերթ ընտրությունների անցկացման և մասնակցության թեմային:
Հանուն ճշմարտության պետք է նշել, որ միակ քաղաքական ուժը, որը մինչև վերջ դեմ էր արտահայտվում արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՝ Հանրապետականն էր: Եվ ահա այդպես 2021-ի արտահերթ ընտրություններով ծնվեց այսօրվա տիտղոսային ընդդիմությունն ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների:
Երկու դաշինքներն էլ բացառապես նախընտրական տրամաբանության ծնունդ էին. եթե «Հայաստան» դաշինքն իշխանությունը վերցնելու մոտիվացիայով և առաքելությամբ, ապա «Պատիվ ունեմ»-ը ՝ «երկրորդ ջութակի» դերակատարությամբ և գործընկերներին ներքաղաքական պայքարում մենակ չթողնելու տրամաբանությամբ:
Իհարկե, «Պատիվ ունեմ» դաշինքի դեպքում գործում էին նաև այդ դաշինքը կազմող առանձին ուժերի ամբիցիաները. Հանրապետականը փորձարկում էր իր երիտասարդական կազմը և քաղաքական դաշտից դուրս չմնալու խնդիր էր լուծում, «Հայրենիք» կուսակցությունն առավել տեսանելի դերակատարության հայտ էր ներկայացնում:
Երկու դաշինքներն էլ իրավիճակային էին և նախատեսված չէին հետընտրական այնպիսի իրականության, որտեղ Նիկոլ Փաշինյանը մնալու էր վարչապետ:
Հատկապես այս բնորոշումը վերաբերում է «Հայաստան» դաշինքին, որը ստեղծվել էր բացառապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կապիտալի, ներուժի, իմիջի և հավակնությունների շուրջ:
Այն, որ խորհրդարանական ընդդիմությունը, թեպետ ուներ հսկայական մարդկային պոտենցիալ, մասնագիտական ներուժ, փորձ, կապեր, այնուհանդերձ, հետընտրական կոնֆիգուրացիայում «Նիկոլ վարչապետ» թեզի ներքո պատրաստ չէր ներքաղաքական պայքարը շարունակելու այդ իրականության մեջ, ակնհայտ դարձավ ԱԺ գործող գումարման աշխատանքների առաջին իսկ օրերից:
Գործող քաղաքական կուսակցությունը, որպես օվկիանոսի շնաձուկ, հոտոտեց ընդդիմության «արյունը» և նույնքան գազանաբար վերաբերեց խորհրդարանական համակարգի տրադիցիոն մաս կազմող ընդդիմադիր ուժերի ներկայությանը, ինչը վերածվեց անգամ ֆիզիկական բռնության: Բոլորս հիշում ենք այդ զարհուրելի պատկերները:
Ստեղծված իրավիճակն էլ ավելի էր խորանում, քանզի արտաքին քաղաքական մթնոլորտը, միջավայրը, որում Նիկոլ Փաշինյանի պատճառով հայտնվեցին Հայաստանն ու հայ ժողովուրդը, ընդդիմությանը թույլ չէին տալիս պայքարը շարունակել ավանդական ձևաչափով:
Ինչպես պատկերավոր նկատել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Հայաստանում իրավիճակն այլևս դասական երկրաչափական չէ, այլ ՝ տարածական երկրաչափական է: Ուստի, ոչ մի դասական քաղաքագիտական կանոն այստեղ, ավաղ, չէր գործում:
Ի դեպ, որոշ շրջանակներ սիրում են շահարկել «Պատիվ ունեմ» դաշինքի հետ կապված դերակատարությունների բաշխումը: Ակնհայտ է, որ այդ դաշինքը կազմած և ոչ մի ուժ շահագրգիռ չէ այդպիսի շահարկումների մեջ: Թե ինչ ակնկալիքներ ուներ Հանրապետականը Արթուր Վանեցյանից և «Հայրենիք» կուսակցությունից, Սերժ Սարգսյանը բարձրաձայնեց դաշինքի ստեղծման հուշագրի կնքման օրն իր հայտնի ելույթում:
Կռիվները, թե ով ավելի շատ ձայն բերեց, ով ավելի շատ մեծ կապիտալ ներդրեց այս դաշինքի հաջողության մեջ, մանկական խաղ հիշեցնող դիսկուրս է: Ընդամենը մեկ մաթեմատիկական ապացույց. 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի ընթացքում ատելության դոզան մնում էր աննախադեպ և Հանրապետական կուսակցությունն ատելության թիրախում էր, այդուհանդերձ, Հանրապետականին հաջողվեց բռնաճնշումների և հակաքարոզչության պարագայում հավաքել 59 083 ձայն: 2021-ին, երբ միջավայրն էլ ավելի տրամադրող էր, հականիկոլական տրամադրություններն առկա էին և ինտենսիվ, «Պատիվ ունեմ» դաշինքը հավաքեց 66 650 ձայն: Զուտ մաթեմատիկական առումով ավելի վատ ժամանակներում Հանրապետականի հավաքած ձայներին 3 տարի անց գումարվեց ընդամենը 7567 ձայն: Սա փաստարկ է, որ կարող են բերել հանրապետականները «ով ձայն բերեց «Պատիվ ունեմ» դաշինքի համար» անիմաստ դիսկուրսում:
Սակայն, աներկբա է, որ խորհրդարանում հայտնվելը, այդուհանդերձ, հաջողություն էր թե 2018-ին պառլամենտից դուրս մնացած ՀՀԿ -ի և նորաստեղծ «Հայրենիքի» համար:
Ի դեպ, երկու դաշինքների անվանական կազմը նույնպես վկայում էր այն մասին, որ նրանք պատրաստ չեն հետընտրական «Նիկոլ վարչապետ» իրողություններում քաղաքական պայքարի, ինչն ապացուցվեց «Պատիվ ունեմ» դաշինքից սկզբում Իշխան Զաքարյանի դուրս գալով, իսկ հետո դրան հաջորդած նաև այլ խմորումներով , որոնք ներառվում են երկու դաշինքներում առ այսօր:
Ակնհայտ էր, որ երկու դաշինքներն էլ, բացի առաջնորդության կարևոր գործոններից, համապատասխանաբար Ռոբերտ Քոչարյան և ստվերային կարգով՝ Սերժ Սարգսյան, ունեին եզակի ինստիտուցիոնալ բնութագրիչ:
«Հայաստան» դաշինքում այդ ինստիտուցիոնալ քաղաքական ուժի դերն իր վրա վերցրել էր ՀՅԴ-ն, իր հարուստ կուսակցական պատմությամբ և կառույցներով, «Պատիվ ունեմ» դաշինքում ՝ ՀՀԿ-ն: Պատահական չէ, որ «Պատիվ ունեմ» դաշինքից առաջինը դուրս եկավ «Հայրենիք» կուսակցությունը, մնաց Հանրապետականը, որպես առավել ինստիտուցիոնալ, իսկ «Հայաստան» դաշինքից վերջերս դուրս գալու մասին հայտարարեց մեկ այլ նորաստեղծ՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, թողնելով դաշինքի ինստիտուցիոնալ բեռը ՀՅԴ-ի վրա:
Թույլ կտանք ենթադրել, որ խորհրդարանական ընդդիմության այսօրվա վերաֆորմատավորման գործընթացը շարունակվելու է և այդ գործընթացում, այնուհանդերձ, բյուրեղացման երկու կետերը, առավել ինստիտուցիոնալ կուսակցությունները պահպանելու են իրենց դերակատարությունը ՝ ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն:
Ինչպիսի ճանապարհով կգնա ընդդիմությունը, կախված է նրանից, թե ինչպիսի կյանք կունենա այսօրվա խորհրդարանը:
Եթե Նիկոլ Փաշինյանը, ըստ որոշ կանխատեսումների, գնա «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ապա ակնհայտ է, որ այսօրվա պարագայում խորհրդարանական երկու դաշինքներն էլ լավագույն մարզավիճակում չեն և «ռեֆրեշի» խնդիր ունեն:
«Ռեֆրեշի» աղբյուր կարող է հանդիսանալ նոր դեմքերի, նոր գաղափարների և ամենակարևորը՝ նոր օրակարգի, նոր տեխնոլոգիաների օգտագործման հրամայականը, որը կա այսօրվա քաղաքական դաշտում:
Նիկոլ Փաշինյանը, չմոռանանք, շարունակում է արհեստական կերպով պահել, այսպես կոչված, արտախորհրդարանական ընդդիմադիր ձևաչափը, որն իրականում իրեն սպասարկող, իր հետ համագործակցող, իր օրակարգի թելը թելող քաղաքական միավորներից է բաղկացած:
Այո, «ընդդիմությունն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»:
Այս երբեք չհնացող արդարամիտ մոտեցման շրջանակներում պետք է փաստել, որ եթե ազգային-պետական օրակարգով առաջնորդվող ընդդիմադիր ուժերը, անկախ նրանից, խորհրդարանական են, թե՝ ոչ, չգտնեն արդիականացման բանալին և չգտնեն այդ ճանապարհը, հաշվի առնելով ոչ բարենպաստ աշխարհաքաղաքական միջավայրը, իսկ այսօրվա ընդդիմադիր ուժերը չունեն աշխարհաքաղաքական հովանավորներ ( այդ մասին բազմիցս խոսել են և՛ Իշխան Սաղաթելյանը, և՛ հանրապետականները), ապա ստեղծված իրավիճակում մեծ է հավանականությունը, որ ընդդիմադիր այս դաշտն այսօր արտախորհրդարանական, իսկ վաղն արդեն խորհրդարանական ձևաչափով նույնպես կգրավեն տարաբնույթ ուղեղային լաբորատորիաներում սինթեզված քաղաքական տարրերը:
Այդ տարրերի ճնշող մեծամասնությունը, բնականաբար, լինելու է շատ «ռադիոակտիվ»:
Ուստի եզրափակենք մի դառը ճշմարտությամբ. Նիկոլական ուժերից, մեղմ ասած, հույս չկա։ Եթե ուզում ենք առողջացնել քաղաքական դաշտը Հայաստանում, պետք է ապավինենք ընդդիմության վրա, որը, սակայն, այս փուլում ինքն իսկ կազդուրման կարիք ունի։ Բժիշկ, բուժիր ինքդ քեզ. կասեին հին հռոմեացիները…
Ազնիվ ՃՇՄԱՐԻՏՅԱՆ
Եթե մի կողմ թողնենք «նիկոլիզմ, նիկոլիստներ» ծիծաղելի եզրույթները, ապա ինձ համար
բացարձակապես անհասկանալի է, թե որտեղ և ում մեջ է հեղինակը տեսնում «ահռելի մարդկային և մասնագիտական ներուժ, փորձ, կապեր»:
Ինչպե՞ս և ինչ պայմաններում կարող են դրսևորվել այդ հատկությունները խորհրդարանում։ Չէ՞ որ այս մարդկանց բազմիցս հնարավորություն է տրվել «քննություն հանձնել», իսկ հետո օրենքի
ուժով տեղեր զբաղեցնել խորհրդարանում։ Արդյունքը, կարելի է ասել, ցնցող է՝ բացասական է, զրոյից պակաս։ Ակնհայտ է, որ ավելի լավ կլիներ, որ նրանք զբաղվեին իրենց մասնագիտությամբ, այլ ոչ թե քաղաքականությամբ։ Պարզվեց, շատ հազվադեպ բացառություններով, որ «մարդու և մասնագիտական հսկայական ներուժը, փորձն ու կապերը» դրսևորվում են, մեղմ ասած, միայն շատ յուրօրինակ «խնամքով պատրաստված համապատասխան միջավայրում», այլ ոչ թե ճգնաժամային իրավիճակներում, ինչպես տրամաբանական կլիներ ենթադրել։ Ուստի հետևում է, որ չնայած անցյալում հնչեղ պաշտոններ զբաղեցնելուն և փայլուն CV-ների, իրականության հետ բախումը բացահայտեց իրական պատկերը: Եվ սա շատ լավ է, այլապես շատերի համար երևակայության խաղը կշարունակեր փոխարինել իրականությանը։ Խելամիտ մարդիկ երբեք զերծ չեն լինում ինչ-որ հեգնանքից և կասկածներից սեփական անձի և արարքների վերաբերյալ: Ի տարբերություն հիմարների, ովքեր միշտ համոզված են սեփական անսխալականության ու արդարության մեջ (վերջիններս դա համարում են հավատարմություն իրենց համոզմունքներին)։ Ամեն դեպքում, սեփական անհաջողությունների պատճառները պետք է փնտրեն իրենց մեջ եւ ոչ թե արտաքին ու աշխարհաքաղաքական հանգամանքներում։ Տաղանդը, փորձն ու միտքը բավական էին այսքանին։