Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քրիստիննե Գրիգորյանի տեսաուղերձը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ

Դեկտեմբեր 03,2022 12:51

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը հանդես է եկել տեսաուղերձով:

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է:

Չնայած վերջին տարիներին պետության գործադրած ջանքերին՝ հաշմանդամություն ունեցող անձինք դեռևս բախվում են բազմաթիվ խնդիրների։ Շարունակում են խնդրահարույց մնալ հաշմանդամության կարգավիճակի սահմանման գործող իրավակարգավորումներն ու հատկապես պրակտիկան, ինչի հետևանքով մարդիկ լիարժեք չեն կարողանում իրացնել իրենց մի շարք իրավունքները, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքը։ Ոչ մատչելի միջավայրի պատճառով դժվարություններ են առաջանում նաև կրթության, աշխատանքի, կյանքի բոլոր բնագավառներում լիակատար մասնակցության իրավունքներն իրացնելիս։

Կարևորելով օրվա խորհուրդը՝ պետք է արձանագրել, որ բավարար չէ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը թե՛ հասարակությունում, թե՛ պետական մարմինների շրջանում։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները վկայում են նաև, որ իրավունքների իրացման հետ կապված խնդիրներ են առաջանում որոշումների կայացման գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց ոչ բավարար ներգրավվածության հետևանքով։

Վավերացնելով ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան՝ պետությունը հանձնառություն է ստանձնել ապահովելու այդ իրավունքների իրացման իրական հնարավորությունները։ Այս նպատակով ցանկացած գործողության, բարեփոխման կամ ծրագրի հիմքում պետք է դրվի հաշմանդամություն ունեցող անձի կողմից իր իրավունքներն ինքնուրույն իրացնելու և իր արժանապատվության նկատմամբ հարգանքի երաշխավորումը։ Անհրաժեշտ է, որ պետությունը աջակցի մասնավոր հատվածի դերակատարներին՝ ոլորտում վերջիններիս կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի ընդլայնման հարցում։

Բացի այս, պետք է առաջնորդվել այն ընկալմամբ, որ իրապես ներառական միջավայրի ձևավորման համար կարևոր է, որ համայնքներում հասանելի լինեն անհրաժեշտ կարիքահեն ծառայությունները: Միևնույն ժամանակ պետք է խթանել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու իրավունքի իրացումը։

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները մեր բոլորիս խնդիրներն են ու յուրաքանչյուրս մեր տեղում անելիք ունենք։

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031