Այս Աշխարհի առաջնությունը կհիշվի որպես բազմաթիվ անակնկալներով լի Մունդիալ։ Ոչ ֆուտբոլային երկրները հաճելիորեն զարմացրին խմբային փուլի ընթացքում, և որոշները խոստումնալից փլեյ-օֆֆի նպատակով առաջ են ընթանում։ Ֆուտբոլային էլիտայի մի շարք հավաքականներ պայքարից դուրս մնացին հենց այն ընտրանիներից, որոնց հետ առանձնապես հույսեր չէին կապում։ Այս նյութում հերթով կանդրադառնանք այն հավաքականներին, որոնք իսկական գլխացավանք դարձան իրենց խմբերի ֆավորիտների համար։
Ամենաքաղաքական խմբի կողքով անցնել, իհարկե, չենք կարող։ B խմբում, ինչպես և սպասվում էր, իր գերիշխանությունը հաստատեցին անգլիացիները։ Սակայն երեք առյուծները խնդիրներ ունեցան Միացյալ Նահանգների դեմ հանդիպմանը։ Ֆուտբոլի և Սոքերի դիմակայությունը հաղթող չունեցավ, գրանցվեց գոլազուրկ ոչ֊ոքի։ Աչք շոյող է այն փաստը, որ ԱՄՆ-ի հավաքականը խմբային փուլի 3 խաղերում ընդամենը մեկ գնդակ է ընդունել սեփական դարպասը և փոխարենը խփել երկու գնդակ։ Այսպիսով, ԱՄՆ-ն շրջանցեց Իրանին և Ուելսին և դուրս եկավ հաջորդ փուլ։ Նկատելի է, որ Սոքերը զարգացում է ապրում և եթե այսպես շարունակվի՝ շուտով ԱՄՆ-ն արժանի մրցակից կլինի ֆուտբոլային օլիմպոսի հավաքականների համար։
Զարմանալի կթվա, բայց երկու շաբաթ առաջ ամբողջ աշխարհին տպավորել էր այն հավաքականը, որը վերջնարդյունքում գրավեց չորրորդ հորիզոնականը իր խմբում։ Սաուդյան Արաբիան, կարծես Մունդիալ եկած լիներ, Արգենտինային ցավոտ ապտակ հասցնելու համար։ Առաջին տուրում Ալբիսելեստեյին անակնկալ հաղթանակից հետո Սաուդիտները չկարողացան զարգացնել հաջողությունը և պարտվեցին մյուս երկու խաղերում։ Սակայն պետք է արժանին մատուցել արաբական հավաքականին, նրանք մինչև վերջ պայքարեցին բոլոր խաղերում։ Հատկանշական է, որ Ռենարի սաներից և ոչ մեկը հանդես չեն գալիս եվրոպական ակումբներում։
D խմբում հիասթափեցրեց Դանիայի հավաքականը։ Հյուսիսեվրոպացիները զբաղեցրին վերջին հորիզոնականը։ Եթե Ֆրանսիային պարտվելը անակնկալ չէր, ապա Ավստրալիային զիջելը և Թունիսի դեմ ոչ֊ոքին տոտալ ձախողում է դանիացիների համար։ Այս խմբում տպավորեց Թունիսի ընտրանին, որը վերջին տուրում հաղթեց աշխարհի գործող չեմպիոնին, իսկ առաջին խաղում ոչ֊ոքի խաղաց Եվրո 2020-ի կիսաեզրափակչի մասնակիցների դեմ հանդիպմանը։ Ցավոք, տպավորիչ հանդես գալը չբավականացրեց հյուսիսաֆրիկացիներին և նրանք լքեցին Մունդիալը։ Իսկ Ավստրալիային հաջողություն բերեց վերջին տուրում Դանիայի դեմ հաղթանակը, որի շնորհիվ այսօր նրանք 1/8 եզրափակչում կպայքարեն արգենտինացիների դեմ։
Կարդացեք նաև
Այն խմբում, որտեղ ընդգծված էին ֆավորիտները, իսկական խառնաշփոթ տեղի ունեցավ։ Այդ ամենի հեղինակը Ճապոնիայի հավաքականն էր։ Ծագող արևի երկրի ընտրանին հեղինակություններ չէր ճանաչում. Հաղթեց և՛ Իսպանիային, և՛ Գերմանիային։ Եվ ինչը ավելի զարմանալի է, զիջեց Կոստա Ռիկային։ Եթե Ֆուրիա Ռոխային անգամ ձեռնտու էր Ճապոնիային պարտվելը՝ Մայնշաֆթի համար ճապոնացիներից կրած պարտությունը ճակատագրական էր։ Գերմանիան լքեց պայքարը, իսկ առաջին հորիզոնականով փլեյ-օֆֆ անցավ հենց Ճապոնիան։ Եթե առաջնության մեկնարկից առաջ որևէ մեկը կկանխատեսեր ուժերի այսպիսի դասավորություն, ապա նրան առնվազն լուրջ չէին վերաբերվի։
F խմբում պայքարում էին Խորվաթիան, Բելգիան, Կանադան և Մարոկկոն։ Դժվար է հավատալ, բայց առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մարոկկոն, հաղթելով Բելգիային, Կանադային և խաղաղ ավարտելով Խորվաթիայի դեմ հանդիպումը։ Կանադան առաջին խաղում նույնպես տպավորում էր հորիզոնական ֆուտբոլով։ Սակայն վերջնարդյունքում միավոր չվաստակեց։ Դե իսկ Բելգիայի համար սա ձախողում էր, նրանց ոսկե սերունդը այլևս անզոր էր…
Այս խմբում դասավորությունը այնպես եղավ, ինչպես որ ակնկալում էին մինչ Մունդիալի մեկնարկը, սակայն Կամերունի վերջին խաղի մասին չանդրադառնալը արդար չէր լինի։ Աֆրիկացիները չնչին հույս ունեին խմբից դուրս գալու համար վերջին տուրում, անառիկ պահեցին սեփական դարպասը և հաղթեցին Բրազիլիային։ Աղմկոտ հաղթանակ էր, սակայն, ցավոք, դա արդյունք չտվեց։ Սոնգի տղաները լքեցին առաջնությունը։
Վերջին՝ H խմբում, հաճելիորեն զարմացրին այն հավաքականները, որոնցից սպասելիքները քիչ էին։ Հարավային Կորեան նվազագույն շանսերը ուներ հաջորդ փուլ դուրս գալու համար, սակայն Սոնը և ընկերները դրամատիկ խաղում կամային հաղթանակ տարան պորտուգալացիների նկատմամբ։ Ուրուգվայը վերջին խաղում լավ տեսք ուներ, հաղթեց, սակայն դա միայն սփոփիչ հաղթանակ էր։ Լա Սելեստեյին 1/8 եզրափակչից բաժանեց ընդամենը մեկ գոլը։ Իսկ Գանան լուրջ շանսեր ուներ խմբից դուրս գալու համար, սակայն կրկնվեց 2010 թվականի անհաջողությունը։ Աֆրիկյան հավաքականը տասնմեկ մետրանոց վաստակեց, սակայն չիրացրեց այն։ Գուցե հենց դա էլ ճակատագրական դարձավ նրանց համար…
Խմբային փուլը ավարտվեց, արդեն այսօր սկսելու է 1/8 եզրափակիչները։ Անակնկալների շարքը կշարունակվի, թե կմնա պայքարում միայն ֆուտբոլային էլիտան՝ կիմանանք շուտով…
Լևոն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Երրորդ կուրս