Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով կալանավորված փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանները մոտ մեկ շաբաթ առաջ դիմել էին դատախազություն՝ միջնորդելով խափանման միջոցը փոխարինել անձնական երաշխավորությամբ։ Երաշխավոր է կանգնել ԱԺ 15 պատգամավոր` Էլինար Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Արգիշտի Գեւորգյանը, Աղվան Վարդանյանը, Գեղամ Նազարյանը, Գեղամ Մանուկյանը, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Թադեւոս Ավետիսյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, Արամ Վարդեւանյանը: Երեկ պարզեցինք, որ դիմումը մերժվել է։ Էրիկ Ալեքսանյանը կշարունակի պահվել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ ասաց նրա պաշտպան Զորայր Հարությունյանը։
Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է այն բանի համար, որ օժանդակել է դատավորին՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում։ 33-ամյա դատավորը, ըստ մեղադրանքի, անցել է պաշտոնեական լիազորությունները՝ ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել՝ գրավով կալանքից ազատել է Ալեքսանյանի պաշտպանյալին՝ քրեական հեղինակություն Ֆազին։ Ֆազը՝ Սերգեյ Գրիգորյանը, մեղադրվում է ամիսներ առաջ Կենտրոն դատարանի բակում քրեականների ծեծկռտուքին մասնակցելու համար։ Ծեծի մյուս հերոսին՝ Չաղ Ռուստամին, որի անունը կապում են ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, չկալանավորեցին։
Լիազորությունները չարաշահելուն օժանդակությունն ի՞նչ ձեւով է դրսեւորվել։ «Ասել են հետեւյալը՝ որ դատավորը ցանկացել է Ֆազին ազատել կալանքից, գրավ կիրառել, այսինքն՝ կայացնել անարդար դատական ակտ, բայց չի կարողացել, որովհետեւ այդ գործով իրեն մակագրված չի եղել որեւէ փաստաթուղթ։ Է․ Ալեքսանյանը ներկայացրել է միջնորդություն, որով վերացվել է խոչընդոտը, այսինքն՝ ստեղծել է նախապայման, որ դատարանը կարողանա այդ որոշումը կայացնել։ Էրիկ Ալեքսանյանի դերակատարումը դատավորին միջնորդություն ներկայացնելն է։ Եթե դատավորն ակնհայտ անարդարացի ակտ է կայացրել, Ալեքսանյանը դրա հետ ի՞նչ կապ ունի»,- ասում է պաշտպան Զորայր Հարությունյանը։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: