Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական հյուրախաղից մինչեւ առաջին CD եւ Ա դասի թատրոնների առանձնահատկություններ

Դեկտեմբեր 03,2022 13:00

Հարցազրույց ճանաչված բարիտոն Գեւորգ Հակոբյանի հետ

– Հարգարժան Գեւորգ, մեզ հետ ձեր վերջին հարցազրույցը գարնանն էր, երբ Ամստերդամի թագավորական օպերային թատրոնում Պուչինիի «Տոսկա» օպերայի պրեմիերայից առաջ եւ հետո արեւմտյան մամուլը պարզապես հեղեղված էր նախ պրեմիերայի գովազդով, հետո էլ հիացական արձագանքներով։ Դուք մարմնավորել էիք Սկարպիային, իսկ մյուս գլխավոր դերերգերի կատարումներով հանդես էին եկել սոպրանո Մալին Բիստրոմը (Տոսկա), տենոր Ջոշուա Գերիերոն (Կավարադոսի)։ Բեմադրությունն իրականացրել էին անվանի արվեստագետներ՝ ռեժիսոր Բարի Կոսկինը եւ բեմադրող դիրիժոր Լորենցո Վիոտտին։ Վերջերս էլ մամուլի նման վերաբերմունքի կամ արձագանքի հանդիպեցինք Մադրիդի թագավորական օպերային թատրոնում կայացած Վերդիի «Աիդա» օպերայի պրեմիերայից հետո, որտեղ դուք հանդես եք եկել Ամոնասրոյի դերերգով։ Գիտենք, որ հեղինակավոր օպերային թատրոններում, հատկապես պրեմիերաներից հետո, երաժշտագետները, թատերական քննադատները եւ ընդհանրապես՝ թատերարվեստի գործիչները մեկը մյուսին հերթ չտալով մասնագիտական եւ ոչ մասնագիտական պարբերականներում, նաեւ համացանցում իրենց կարծիքն են արտահայտում։ Բայց նկատենք, որ մանավանդ «Աիդա»-ից հետո տպավորություն էր, թե Եվրոպայում, այն էլ զգալի դադարից հետո, կարծես առաջին պրեմիերան էր կայացել։

– «Աիդան» իրականացրել են հնչեղ, աշխարհահռչակ անուններ՝ ռեժիսոր Հուգո դե Աննան, բեմադրող դիրիժոր Նիկոլա Լուիզոտտին (վերջինս մեկ-երկու տարի առաջ նշեց իր 500-րդ ներկայացումը՝ միայն Արենա դի Վերոնայում)։ Ի դեպ, Հուգո դե Աննան ինձ հետ զրույցներում մշտապես հիշում էր մեր անկրկնելի Գեղամ Գրիգորյանին, որի հետ բազմիցս աշխատել է։ Ռեժիսորը ոչ միայն հիացմունքով էր արտահայտվում Գեղամ Միհրանիչի կատարողական արվեստի ու դերասանի, այլեւ նրա մարդ տեսակի մասին։ Պրեմիերային ներկայացումները թվով 18-ն էին։ Աիդայի դերերգով հանդես եկան Աննա Նետրեբկոն, Ռոբերտո Մանտենիան, Կրասինիրա Ստոյանովան, Ռադամեսներն էին՝ Պյոտր Բեքշալան, Յուսիֆ Էյվազովը, Խորխե դե Լեոնը, Ամոնասրոյի կերպարով ներկայացան նաեւ Կարլոս Ալվարեսը եւ Արթուր Ռուչինսկին։

– Դատելով ձեր թվարկած անուններից, մի ամբողջ աստղաբույլ է մասնակցել, այն էլ՝ հրավիրված։

– Իրավացի եք։ Ընդհանրապես, Ա դասի թատրոններից շատերը չունեն հիմնական մեներգիչների խումբ, հետեւաբար հրավիրվում են լավագույն կատարողներ, ինչը ենթադրում է լուրջ ֆինանսական միջոցներ, դա էլ հնարավորություն է տալիս հանդիսատեսին տոն պարգեւել։

– Վերադառնանք Երեւան։ Ընթացիկ տարվա սեպտեմբերից սկսվել է ձեր թատրոնի 90-րդ՝ հոբելյանական թատերաշրջանը։ Դուք հանդես եք եկել Ալեկոյի դերերգով՝ Ռախմանինովի համանուն օպերայում, Էսկամիլիոյի՝ Բիզեի «Կարմենում», Տիգրանյանի «Անուշում»՝ Մոսի եւ այլն։ Թատրոնում ունեք գործընկերներ, որոնք, ինչպես եւ դուք, ցանկալի հյուր են հեղինակավոր թատրոններում։ Բայց մեր դիտարկմամբ՝ ձեզ մոտ ստացվում է թեկուզեւ ծանրաբեռնված հյուրախաղային գրաֆիկի պայմաններում, «չբացակայել» երեւանյան ներկայացումներից։ Գուցե դա ձեր պրոդյուսերի աշխատանքի շնորհիվ է։

– Ես լավ գիտեմ իմ աշխատանքային գրաֆիկը մեկ տարվա կամ գուցե ավելի ժամանակահատվածի համար։ Հետեւաբար, այն օրերին, երբ Հայաստանում եմ, թատրոնի տնօրինության հետ համաձայնեցնում եմ երեւանյան բեմելները։ Երբեք չեմ հրաժարվել բեմելից, աշխատել եմ հնարավորինս շատ հանդես գալ իմ թատրոնում, որտեղից սկսվել է իմ՝ երգչի ու դերասանի կարիերան եւ, իհարկե, առաջին ոգեւորող գնահատականն եմ ստացել հանդիսատեսիցս։ Ինչ վերաբերում է պրոդյուսերներիս, արեւմտյան թատրոններում, բացի Իտալիայից, համագործակցում եմ Մարկ Հիլդրուի հետ, որը բրիտանական Ասքոնաս Հոլդ մենեջերական ընկերության հիմնադիր տնօրենն է, իսկ Իտալիայում՝ Անջելո Գաբրիելիի հետ, ով Սթեյջ Դուր մենեջերական ընկերության հիմնադիր տնօրենն է։

– Մոտենում է Ամանորը։ Ձեզ մոտ կարծես ավանդույթ է դարձել այն դիմավորել դրսում, ընտանիքից հեռու…

– Այդպես է ստացվում։ Օրինակ՝ անցյալ տարի Վիեննայի օպերայում էի, իսկ այս տարի, եթե ծրագրերս չփոփոխվեն, իսկապես բախտ կունենամ Ամանորը դիմավորել ընտանիքիս հետ, բնականաբար՝ իմ թատրոնում։

– Տա Աստված, որ ձեր ծրագրերը փոփոխության չենթարկվեն, բայց դա մեծ հաշվով կախված է պրոդյուսերներից…

– Իհարկե, նրանցից եմ ստանում առաջարկները, որոնք միասին ենք քննարկում։ Նշեմ, որ բախտս բերել է պրոդյուսերների առումով, որոնք իմ բոլոր որոշումները հավանության են արժանացնում ու հաշվի նստում ինձ հետ։

– Լավ կլինի, որ գալիք 2023 թվականը դիմավորեք Երեւանում, քանի որ այն ձեզ համար հոբելյանական տարեթիվ է՝ լրանում է ձեր բեմական գործունեության 20 տարին։ Մեր տեղեկություններով էլ՝ վերջապես ԱՄՆ-ում թողարկվելու է ձեր առաջին CD-ն։

– CD-ի մասին կխոսենք, երբ այն իրականություն դառնա։ Անակնկալ էր 20 տարին… Շնորհակալ եմ նման ուշադրության համար։

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Լուսանկարներում՝ տեսարաններ մադրիդյան «Աիդա»-ից։

«Առավոտ» օրաթերթ
02.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031