Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Երբեմն, ավելի ճիշտ՝ շատ հաճախ մեր հակամարտություններն առաջանում են չզիջելուց

Դեկտեմբեր 03,2022 12:00

«Եթե հարգենք հակառակորդներին, մի օր նրանք կդառնան մեր ընկերները». Դալայ Լամա

Գիտնական-բժիշկները հաստատում են, որ զայրույթը, ատելությունը եւ կասկածը թուլացնում են մեր իմունիտետը եւ շատ արագ հիվանդանում ենք: Ահա, թե ինչու է հարկավոր պահպանել մտավոր հանգստությունը: Կարող ենք հաղթահարել եսասիրությունն ու ատելությունը գթասրտության, համագործակցության եւ համբերության միջոցով: Մեդիտացիայի եւ մտորումների միջոցով մենք հասկանում ենք, որ համբերությունն ամենաուժեղ դեղն է զայրույթի դեմ, բավարարվածությունն ագահության դեմ, քաջությունը վախի դեմ եւ ըմբռնումը կասկածների դեմ:

Երբ Հնդկաստանում էինք, ես զարմանում էի, որ անգամ փողոցում պառկած անօթեւանը քեզ չարությամբ կամ նախանձով չէր նայում: Ինձ բացատրեցին, որ դա նրանց կրոնից է: Այսինքն` գոհանալ այն ամենից, ինչ ունես եւ ապրել երջանիկ:

Երբեմն, ավելի ճիշտ՝ շատ հաճախ մեր հակամարտություններն առաջանում են չզիջելուց, կենտրոնանում ենք այն կետերի վրա, որոնցով տարբերվում ենք դիմացինից, այնինչ պետք է կենտրոնանանք այն հարցերի շուրջ, որոնցով նման ենք: Դալայ Լաման ասում է. «Էթիկան կրոնից կարեւոր է: Ծնվելով, մենք դեռ կրոն չունենք, բայց էթիկան ի ծնե է տրվում»: Եթե մենք ուզում ենք լինել երջանիկ, պետք է սովորենք լինել հոգատար: Աստվածաշունչն ասում է. «Սիրիր մերձավորիդ ինչպես քո անձը: Աստված սեր է: Սիրեք ձեր թշնամիներին, բարիք արեք ձեզ ատողներին, օրհնեք ձեզ անիծողներին, աղոթեք ձեզ նեղողների համար»: Իսկ չինացի փիլիսոփա Կոնֆուցիոսը համարում էր, որ ազնվազարմ մարդու գլխավոր բարոյական առաքինությունը մարդասիրությունն է, որը ներառում է գթասրտություն, կարեկցանք: Ըստ Կոնֆուցիոսի էլ` հոգեկան հավասարակշռության հասնելու համար ամեն օր արա այն, ինչ չես ուզում անել:

Մարդիկ ձգտում են ձեռք բերել երջանկություն եւ խուսափել տառապանքներից: Սա է մարդկության գլխավոր ձեռքբերումների աղբյուրը: Մարդու զարգացումը կատարվում է համագործակցության շնորհիվ, այլ ոչ թե մրցակցության: Տիբեթի Գելուգպա դպրոցի առաջնորդ Դալայ Լաման կարծում էր, որ մենք պետք է հասկանանք, որ ողջ մարդկությունը մի ընտանիք է: Մենք պետք է կենտրոնանանք ընդհանուր գծերի, նմանությունների վրա, այնինչ անում ենք հակառակը` կենտրոնանում ենք տարբերությունների վրա: Ահա այստեղից է գալիս հակամարտությունը, լարվածությունը:

Բռնության եւ պատերազմի հիմքում մեր բացասական մտքերն ու հույզերն են: Մենք դրանց մեծ տեղ ենք տալիս` փոքր տեղ թողնելով գթասրտությանն ու մտավոր զարգացմանը: Հնդկաստանի քաղաքական եւ հոգեւոր առաջնորդ Մահաթմա Գանդին նշում էր. «Դու ինքդ եղիր այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել աշխարհում»:

Եթե մենք ուզում ենք ապրել ավելի լավ աշխարհում, մենք պետք է դառնանք ավելի լավը, մեր ներքին աշխարհը դարձնենք ավելի լավը: Մենք պետք է սկսենք լավ գծեր գտնել մեր հակառակորդի մեջ:

Էթիկան երջանկության ուսումնասիրությունն է:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երջանկությունը ներքին հասունությունն է: Գիտությունը նույնպես գտնում է, որ երջանկությունը գիտակցված հոգատարությունն է, մեծահոգությունը, բարությունն ու ուշադրությունը: Մահաթմա Գանդին գտնում էր, որ ոչ բռնությունը խաղաղ համակեցության հիմնաքարն է: Դալայ Լաման դրան ավելացնում է ուշադրությունը, կրթությունը, հարգանքը, համբերատարությունը, հոգատարությունը եւ ոչ բռնությունը: Ի վերջո, էմպաթիան (անձի ընդունակությունը հասկանալու ուրիշի հոգեվիճակները) մարդկային համակեցության հիմքն է: Եվ վերջապես, մարդու զարգացումն իրականանում է համագործակցության եւ ոչ թե մրցակցության շնորհիվ: Մարդ ինչքան շատ է հավատում, որ դիմացինը գթասրտություն է ցուցաբերում, այնքան ինքն էլ է այդպես տրամադրվում: Կարեկցանքն ու ալտրուիզմն են տանում դեպի երջանկության: Իսկ մարդու երջանկությունը հաջողությունից չի կախված, այն հնարավորություն է, որը յուրաքանչյուր ոք ունի: Նյարդահոգեբանությունը գտնում է, որ մենք մեր ուղեղը կարող ենք մարզել, ինչպես ցանկացած մկան: Գիտակցված ներբեռնելով բարություն ու գեղեցկություն` մենք կարող ենք դրական ազդել ուղեղի վրա եւ հաղթահարել, հետ մղել բացասական մտքերը: Շատ հաճախ մենք գիտենք ինչ անել նման իրավիճակներում, սակայն չենք անում այն, ինչ գիտենք: Պետք է սովորել կառավարել միտքը դեպի դրական ուղղվածություն: Դրա համար կան վարժություններ: Տվյալ դեպքում Դալայ Լաման առաջարկում է մեդիտացիան: Ինձ օգնում է Նարեկացի լսելը կամ կարդալը:

Մենք զարգանում ու բարգավաճում ենք, երբ շուրջը տիրում է հոգատարություն, ջերմություն, համբերատարություն, անկեղծություն, առատաձեռնություն: Եվ ամենավատ բանը, որ կարող է կործանել, դա անտարբերությունն է:

Ամալյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031