2022թ-ի փետրվարի 1-ից՝ էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումից ի վեր, էլեկտրաէներգիայի ընդհանուր սպառման 15%-ը գտնվում է շուկայի մրցակցային հատվածում։ Սա նշանակում է, որ այդ շուկայում հայտնվել են նոր խաղացողներ, եւ նրանք հոսանքը գնում են ուղիղ արտադրողից։ Այս մասին այսօր լրագրողների համար կազմակերպված էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման մասին դասընթացի ժամանակ ասաց ԱՄՆ ՄԶԳ շուկայի ազատականացման եւ էլեկտրաէներգիայի առեւտրի ծրագրի ղեկավարի տեղակալ Աբգար Բուդաղյանը։
Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը նշանակում է շուկայի դեմոնոպոլիզացիա, շուկա նոր խաղացողներ են մտնում, այսինքն՝ նոր մատակարարներ, որոնք ընտրելու են, թե որ արտադրողից ինչ գնով ու երբ կարող են ձեռք բերել էլեկտրաէներգիա։ Մինչ այս՝ շուկայում միակ խաղացողը Հայաստանի էլեկտրական ցանցերն (ՀԷՑ) էր, որն էլեկտրաէներգիան գնում էր արտադրողներից՝ ՀԷԿ-եր, ՀԱԷԿ եւ այլն, ու մատակարարում բոլոր սպառողներին։ Ընդ որում, էլեկտրաէներգիայի սակագինը տարբեր արտադրողների մոտ, բնականաբար, տարբեր էր, ու այլ գործոններ էլ հաշվի առնելով՝ ՀԾԿՀ-ն որոշում էր բոլոր տեսակի սպառողներին մատակարարվող հոսանքի վերջնական սակագինը։
Հիմա մատակարարները հնարավորություն են ունենում տարբեր գներով առաջարկվող էլեկտրաէներգիա գնել, եւ, ինչպես ասացին բարեփոխման պատասխանատուները, շուկան մրցակցային է դառնում։
Մատակարարներն էլ սկսելու են մրցել, թե ով ինչպիսի ծառայություն կարող է մատուցել, այսինքն՝ ով ինչ գնով ու հավելյալ ծառայությունով կարող է գնած էլեկտրաէներգիան հասցնել սպառողին։
Կարդացեք նաև
Ըստ էության, ստեղծվում է էլեկտրաէներգիայի վաճառքի բորսա, որտեղ առցանց հարթակում հանդիպելու են վաճառողն ու գնորդը։
Այս փուլում շուկայում դեռեւս խոշոր խաղացողներն են, ինչպես դասընթացի ժամանակ ասացին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչները, շուկա մուտք գործած խոշոր խաղացողներից են «Վեոլիա ջուրը», «Գեոպրոմայնինգը» եւ այլ խոշոր ընկերություններ։ Պարզ ասած՝ նրանք էլեկտրաէներգիան ձեռք են բերում արդեն ոչ թե ՀԷՑ-ից, այլ ուղիղ արտադրողից, սակայն ՀԷՑ-ը շարունակում է մնալ այն օղակը, որի, այսպես ասած՝ էլեկտրալարերի միջոցով փոխանցվում է ապրանքը՝ հոսանքը։ Շուկայում արդեն գործում է 11 մատակարար։ Այս բարեփոխման շահառուները սա լավ ցուցանիշ են համարում։
Շարքային քաղաքացուն այս բարեփոխումը կամ շուկայի ազատականացումը դեռ ոչինչ չի տալու։ Բուդաղյանն ասաց, որ քաղաքացիները տարիներ հետո կզգան բարեփոխման ազդեցությունը կամ կկարողանան այլ մատակարարների ընտրել։ Թեեւ մասնագետը նաեւ նշեց, որ անգամ այլ երկրներում, որտեղ տարիներ առաջ է ներդրվել նման համակարգ՝ շուկան ազատականացվել է, բնակիչ-սպառողները միանգամից չեն փոխել իրենց մատակարարին։
Նա նոր մատակարարի ընտրությունը համեմատեց հեռահաղորդակցության ոլորտի հետ, երբ սկզբում միայն «ԱրմենՏելն էր», հետո նոր օպերատորներ եկան, նոր սակագներ ու ծառայություններ առաջարկեցին ու քաղաքացիները սկսեցին ընտրություն կատարել։ Նույնը տեղի է ունենալու էլեկտրաէներգիայի մատակարարի դեպքում։ Բուդաղյանն ասում է՝ մրցակցությունը ենթադրում է, որ մատակարարները բնակիչներին կարող են տարբեր ծառայություններ առաջարկել ապրանքը՝ հոսանքը գնելու համար։ Ընդ որում, Բուդաղյանն ասաց, որ ազատականացված շուկայում լավ հնարավորություն է բացվում հենց հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների համար․ «Այդ ընկերություններն արդեն ունեն ենթակառուցվածքներ, որոշակի պայմաններ, գրասենյակներ, կարող են նաեւ մտնել շուկա, լիցենզիա ստանալ ու դառնալ մատակարար, ու բնակիչներին ինտերնետի ու բջջային կապի հետ նաեւ էլեկտրաէներգիա առաջարկել»։
Էլեկտրաէներգիայի ազատականացումը, ինչպես նշեց Բուդաղյանը, թույլ է տալիս նաեւ, որ մեր էլեկտրաէներգիայի շուկա մտնեն օտարերկրյա ներդրողներ, նոր համակարգը նաեւ, ըստ մասնագետի, խթանելու է նոր արտադրողների ի հայտ գալուն, այսինքն, օրինակ, վերականգնվող էներգիայի ոլորտում նոր ներդրումներ լինեն ու նոր արտադրություններ սկսվեն։
Հայտնի է, որ ՀԷՑ-ի էլեկտրագծերը շատ համայնքներում մաշված են, համակարգը հին է, եւ ինչպես հաճախ բնակիչներն են ասում՝ թեթեւ քամուց հոսանքն անջատվում է։ Այս պայմաններում ինչպես են նոր մատակարարները ՀԷՑ-ի գծերով իրենց գնած էլեկտրաէներգիան հասցնելու սպառողին, քանի որ հնարավոր է «ճանապարհին» խափանումներ լինեն։ Բուդաղյանն ասում է՝ շուկան դրա վրա էլ է ազդելու, մատակարարները ստիպելու են ՀԷՑ-ին՝ ծառայության որակը բարձրացնել։
Բարեփոխման մանրամասներին ավելի ծավալուն կանդրադառնանք առաջիկայում։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ